Ժողովուրդ. Կապանի քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարական են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`Կապանի նորընտիր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մոտ օրերս քաղաքապետարանում արտահերթ ժողով է հրավիրել և հայտնել, թե ՀՅԴ-ի թիմից կարող են մնալ և իր հետ շարունակել աշխատել նրանք, ովքեր կենթարկվեն իր պահանջներին:
Թերթի տեղեկություններով` ավելի ուշ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նախկին քաղաքապետի օգնականի տեղակալը և ֆինանսական բաժնի պետը: Աշոտ Հայրապետյանի մամլո խոսնակ Գոհար Իսախանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում մասամբ հաստատեց լուրը. “Նոյեմբերի 13-ին, երբ քաղաքապետը ստանձնել է իր լիազորությունները, այդ ժամանակ ասել է, որ պատրաստակամ է աշխատել ներկայիս քաղաքապետարանի և նրա ենթակառույցների աշխատակիցների հետ, միայն այն պայմանով եթե այդ համագործակցությունը կառուցողական լինի: Հետո էլ ասել է, որ ինքը ներկայացնելու է իր պահանջները, և ովքեր կարողանան բավարարել, շարունակելու են աշխատել, ովքեր ոչ` հրաժեշտ կտան”:
Անդրադառնալով հրաժարականների մասին դիմումներին` Գոհար Իսախանյանը տեղեկացրեց, թե նրանք այն ներկայացրել են մինչև ներկայիս քաղաքապետի լիազորությունները ստանձնելը:




Լրահոս