Ազգային Ժողովում հայտնվել են այնպիսի պատգամավորներ, որոնք ընդհանրապես տեղյակ էլ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում օրենսդիր դաշտը, եւ առհասարակ, ինչի համար են իրենք խորհրդարան մտել: Անգամ չեն էլ մտածում, որ օրենքներ պետք է հեղինակեն:
“Ժողովուրդ”-ը զրուցեց մի քանի պատգամավորների հետ՝ պարզելու, թե 5-րդ գումարման ԱԺ-ում մինչ օրս ինչ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել:
ԱԺ անկուսակցական պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
-Պարո՛ն Մարուքյան, այս նստաշրջանում օրենսդրական նախաձեռնություն ներկայացրե՞լ եք:
-Դեռեւս ոչ:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ արդեն ԱԺ 3-րդ քառօրյան է, իսկ Դուք ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեք գալիս:
-Ուսումնասիրություններ ենք կատարում:
-Խնդրում եմ կոնկրետ նշել, թե Ձեր ուսումնասիրություններն ինչի հետ են կապված:
-Օրինակ՝ “Տեղական ինքնակառավարման մասին” օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ, որ համայնքի ղեկավարները երկու անգամ անընդմեջ ընտրվելուց հետո այլեւս չկարողանան առաջադրվել: Շատ կան, բայց պետք է ուսումնասիրվի: Հիմնավորումները, միջազգային փորձն ենք ուսումնասիրում:
-Բայց կհասցնե՞ք գոնե այս նստաշրջանում մեկ նախաձեռնությամբ հանդես գալ:
-Միանշանակ, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգամ, մի բան էլ նշեմ, որ ես համահեղինակ եմ “Բաժնետիրական ընկերությունների մասին” նախագծին: Իսկ կոնկրետ որ մենակ ես հեղինակ լինեմ, դեռեւս չունեմ, իսկ համահեղինակ արդեն մի հատ կա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Թորոսյան, Դուք արդեն հասցրե՞լ եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
-Ե՞րբ:
-Այս նստաշրջանում:
-Այս գումարմա՞նը… որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, բայց նախորդ գումարման խորհրդարանից ունեմ նախաձեռնություններ, որոնք հետաձգվում են, ու ճիշտն ասած, դրանց ճակատագրով եմ առայժմ զբաղված: Օրինակ՝ “Օտարերկրացիների մասին” օրենքում փոփոխություններ, լրացումներ անելու վերաբերյալ առաջարկություններով եմ հանդես եկել:
-Իսկ ինչո՞ւ այս նստաշրջանում որեւէ նախաձեռնությամբ հանդես չեք եկել, ի վերջո, Դուք խորհրդարանում եք օրենք գրելու համար:
-Շատ շնորհակալություն, Դուք ինձ ահագին խրատ եք տալիս: Ուղղակի անհրաժեշտություն չի եղել: Բացի այդ, պատգամավորների գործունեության մեջ միայն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը չի մտնում: Խմբով կամ կոնկրետ բյուջետային քննարկումների ընթացքում հանդես եմ եկել առաջարկություններով:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-Պարո՛ն Գասպարյան, ի՞նչ օրենք եք հեղինակել ԱԺ այս նստաշրջանի ընթացքում:
-Առայժմ ոչ մի:
-Ինչո՞ւ:
-Ֆրակցիայով քննարկումներ ենք անում: Ծրագիր կա, առանձին նախաձեռնությամբ դեռ հանդես կգամ: Ազատամարտիկների հետ է կապված նախաձեռնությունս, առայժմ աշխատանքներ են կատարվում, այժմ խումբն աշխատում է, ընթացքի մեջ է:
ԱԺ անկուսակցական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Պարո՛ն Գրիգորյան, կոնկրետ կնշե՞ք՝ այս նստաշրջանում ինչ օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել:
-Բայց ինչո՞ւ է Ձեզ հետաքրքրում, ինչի՞ համար:
Հ.Գ. Նշենք, որ Արայիկ Գրիգորյանը այլեւս չցանկացավ ձայնագրիչի մոտ որեւէ բառ ասել: Միայն հիշեց, որ “Ժողովուրդ”-ը հրապարակել էր իր ավտոմեքենան՝ ուղեկցող թիկնազորի մեքենայով, ու երկուսի վրա էլ ԱԺ համարանիշեր էին: Նա նեղսրտեց, որ մենք “զակազով” ընկել ենք իր հետեւից, ինչի արդյունքում այլեւս չի կարողանում խախտել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ մեքենայով մտնել ԱԺ բակ: Իսկ նախկինում անարգել ներս էր մտնում: Եւ որպես զրույցի վերջաբան՝ պատգամավորը հոխորտաց. “Դուք ձե՛րն արեք, ես էլ իմն եմ անելու”:
Սպասում ենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ