
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 30-ամյա Վահան Վարդերեսյանը վարելով “Մերսեդես” մակնիշի 31 ՕՏ 841 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Շիրակավան գյուղի տարածքում բախվել է իր ուղղությամբ ընթացող Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա Արմեն Մգոյանի վարած “Գազ 24” մակնիշի 18 ԼՏ 358 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Վ. Վարդերեսյանը վրաերթի է ենթարկել երթևեկելի մասով շարժվող ոչխարի հոտի հովիվ 40-ամյա Իշխան Մամոյանին, որից հետո մխրճվել է Ասատ Կալոյանին պատկանող ոչխարի հոտի մեջ, ինչի հետևանքով 18 ոչխար սատկել է: Իսկ հովիվ Ի. Մամոյանը տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ Ոստիկանության Անիի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: