Եվ այսպես` սխալվելու թերեւս շատ փոքր հավանականությամբ կարելի է արձանագրել, որ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ոչ իշխանական դաշտը համախմբելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Երբ ԲՀԿ-խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական համակարգի անցման գաղափարական հենքի շուրջ բանակցություններ սկսելու մասին, մի պահ թվաց, թե ԲՀԿ-ի այդ առաջարկությունը “ձիով քայլ” է` ունակ համախմբելու առաջադրված հարցերին մինչ այդ կողմ արտահայտված քաղաքական ուժերին: Սակայն ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ԲՀԿ-ի առաջադրած օրակարգին շատ ավելի վաղուց եւ շատ ավելի իմնավոր կերպով հետամուտ են եղել մյուս քաղաքական ուժերը, եւ այստեղ առաջացավ քաղաքական խանդի գործոնը. այն է` ինչու պետք է ԲՀԿ-ին զիջեն քաղաքական միասնական պլատֆորմ ձեւավորելու առաջնությունն այն հարցերի շուրջ, որոնց իրենք են տարիներով հետամուտ եղել: Դա առավել ցայտուն դրսեւորվեց Հայ հեղափոխական դաշնակցության դեպքում, որը շտապեց ԲՀԿ-ի հայտարարության հաջորդ իսկ օրը հանդես գալ առավել համապարփակ ընդհանուր քաղաքական պլատֆորմով` առաջադրված 7 կետերում ընդգրկելով նաեւ ԲՀԿ-ի` վերոնշյալ երկու կետերը: Իրականում ՀՅԴ-ն դրանով փորձեց ցուց տալ, որ ինքը շատ ավելի լուրջ եւ ընդգրկուն գաղափարական հայեցակարգ ունի, եւ որ ԲՀԿ-ի առաջադրած երկու կետերն ընդամենը իրենց պլատֆորմի մի մասն են: Ու թեեւ ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների առաջին փուլը կարծես թե նորմալ ընթացավ` ԲՀԿ-ն հանդիպեց ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, “Ժառանգության”, ՕԵԿ-ի հետ, սակայն Դաշնակցության` սեփական քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռնելու մասին հայտարարությունը ցույց տվեց, որ այդ կուսակցությունը ոչ մի դեպքում չի պատրաստվում խորհրդարանական համակարգին անցում կատարելու գաղափարական առաջնությունը զիջել որեւէ այլ ուժի: Արդեն իսկ հայտնի է, որ ՀՅԴ-ն իր հերթին քաղաքական կոնսուլտացիաների հրավեր է արել ՀԱԿ-ին: Եվ եթե այս գործընթացը շարունակվի, ապա վաղը-մյուս օրն էլ ՀՅԴ-ն ինքը կոնսուլտացիայի հրավեր կանի նաեւ ԲՀԿ-ին: Արդյունքում կստացվի, որ քաղաքական ուժերը պարզապես տունտունիկ են խաղում, եւ նրանց համար առաջնայինը ոչ թե բուն գաղափարն ու դրա շուրջ միավորվելու ձգտումը, այլ այն, թե ով ում նախաձեռնած կոնսուլտացիային է գնում: Եվ առհասարակ. եթե խնդիրն իրապես գաղափարական հենքի շուրջ միավորումն էր, ապա արդեն ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաների առաջին փուլից հետո պետք է խոսք գնար մեկ ընդհանուր, կլոր սեղանի շուրջ բոլոր քաղաքական ուժերի հանդիպման եւ ընդհանուր քննարկման մասին: Առայժմ, ինչպես տեսնում ենք, այդ մասին խոսք չկա, իսկ դա նշանակում է, որ ներկայիս գործընթացը պարզապես հերթական նախընտրական առեւտուրն է, որն այս անգամ փորձ արվեց մատուցել փոքր-ինչ գաղափարական սոուսով:
Ժողովուրդ.Գաղափարական առեվտուր. Խմբագրական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ