Ամիսներ առաջ՝ փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ հայտնի նիստում հայտարարեց. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք… ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ… ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը… Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչեւ վերջ եւ հստակ»: Այս խոսքերին ի պատասխան՝ Ծառուկյանը մեկ օր անց հայտարարեց. «Պատրաստվե՛ք պայքարի… Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի՝ ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից»: «Մեր խոսքը գործ է» հայտնի կարգախոսով առաջնորդվող Ծառուկյանն այս ամենից օրեր անց անհետացավ քաղաքական դաշտից՝ իր թիմին թողնելով բախտի քմահաճույքին: Բայց արդեն երկու օր է՝ նա «մարդամեջ» է դուրս գալիս՝ շրջելով հենց նույն Սերժ Սարգսյանի հետ: Եթե կիրակի օրը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից իր անունով (Սուրբ Հովհաննես) կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ, Սարգսյան-Ծառուկյան զույգի առանձնահատկությունն այդքան էլ չէր ընդգծվում` պայմանավորված միջոցառմանը մասնակիցների բազմամարդ լինելու փաստով, ապա «Հայաստան» կինոթատրոնի վերաբացման դեպքում պատկերն այլ էր: Այստեղ արդեն Սերժ Սարգսյանին ուղեկցող հիմնական անձը հենց Գագիկ Ծառուկյանն էր: Լուսանկարներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «չարիքի իշխանությունը» եւ նրա դեմ անհաշտ պայքար հռչակած «ասպետը» վերագտել են իրենց «կորցրած սերը»` հաստատակամությամբ, որ այլեւս չեն բաժանվի: Համաձայնեք՝ այս մարդիկ իրենց պահվածքով վարկաբեկում են քաղաքականություն հասկացությունը եւ մարդկանց մոտ հիասթափություն հարուցում:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսկելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արեւմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ: Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, եւ եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի եւ բնակություն կհաստատի Արեւմտյան Հայաստանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասաց. «Րաֆֆին կվերադառնա, Ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»: Պիտի արձանագրենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ նպատակով քայլ է կատարում եւ որի իրագործման արդյունքում նա կարող է Հայաստանին լուրջ եւ հեռանկարային օգուտ տալ:
Երեկվանից փոխվել է «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվտանգության եւ պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունը. «Տրանս-Սֆեր»-ին փոխարինել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այս «մանր» խնդիրը, պարզվում է, մեծ արմատներ ունի: Բանն այն է, որ այս ընկերությունը կապվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանի անվան հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բրյուսովի անվան համալսարանը մրցույթն այնպիսի վերնագրով է հայտարարել, որպեսզի ոչ ոք չկռահի՝ ինչի մասին է խոսքը: Բուհ-ը գրել է «…hյուրանոցային սպասարկման ծառայությունների գնման» մասին հայտարարություն, որի արդյունքում հաղթել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այն փաստը, որ Արման Սահակյանը եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մտերիմ ընկերներ են, դա հայտնի էր, բայց որ մրցույթի կազմակերպման մանրուքներն իր ձեռքն էր վերցրել ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը, ով նշված ԲՈՒՀ-ի պրոռեկտորն է, դա արդեն հետաքրքիր էր:
Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ: Նշենք, որ շաբաթ օրվա պայթյունը հնչել է «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, որի հետեւանքով զոհվել է գազալցակայանի աշխատակից Գրիգոր Սիմոնյանը: Բայց ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ պայթել է լիցքավորվող ավտոմեքենայի գազի բալոնը: Գազալցակայանների այս պայթյունների ֆոնին արդեն իսկ լուրեր են տարածվում, որ ՀՀ իշխանությունները որոշել են առիթից օգտվել եւ այս ոլորտում եւս մենաշնորհներ սահմանել: Բանն այն է, որ ներկայումս գազալցակայանների ոլորտը` դրանց տերերի տեսանկյունից, շատ բազմազան է, ինչն էլ ոլորտում որոշակի մրցակցություն է ապահովում: Եւ կասկածներ կան, որ իշխանությունները ոլորտում վերահսկողությունը խստացնելու անվան տակ մի շարք «անտեր» գազալցակայանների կստիպեն փակվել:
ՇՈՈՒ ԹԵ ԾԱԾԿԱԴՄՓՈՑ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել` քննարկելու համար առաջիկայում էլէկտրաէներգրայի սակագնի թանկացման թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը: Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը սակագնի թանկացման հայտով դիմել է ՀԾԿՀ-ին, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների` այդ խնդրի շուրջ արտահայտվելու ցանկությունը Գալուստ Սահակյանն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել` անջատելով նրանց խոսափողները: Ավելի ուշ, տեսնելով, որ հարցը կարող է շատ ավելի մեծ հակազդեցություն ունենալ, քան սպասվում էր ի սկզբանե, ՀՀԿ վերնախավում որոշում կայացվեց, այդուամենայնիվ, չարգելակել խորհրդարանական լսումների գաղափարը:
Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա խորհրդակցությանը մասնակցած ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների խոսքերից, ՀՀԿ-ականները ցանկանում են լսումներն անցկացնել փակ դռների հետեւում: Պատճառաբանությունը նույնն է, ինչ նախորդ լսումների դեպքում՝ ընդդիմությունը դռնբաց լսումները կվերածի շոուի, իսկ, ահա, փակ քննարկումների ընթացքում իրենք կկարողանան ավելի արդյունավետ քննարկում իրականացնել:
Այն, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը երբեմն իսկապես քննարկումները վերածում է շոուի` տուրք տալով անսանձ ամբոխահաճությանը, ժխտել չի կարելի, սակայն իշխանության այդ փաստարկը, կոնկրետ այս դեպքում, չի աշխատում, քանի որ իրավիճակն այն աստիճան խայտառակ է, որ ամբոխահաճության մասին խոսելն անգամ ավելորդ է: Ի վերջո, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ՀԾԿՀ-ին ներկայացրած ՀԷՑ-ի հայտը հրապարակվել է, եւ դրանում տեղ գտած աղաղակող փաստերն էլ արդեն հանրայնացվել են, ընդ որում, ոչ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքացիական ակտիվիստների եւ անկախ փորձագետների կողմից: Այնպես որ, այս լսումներում միակ նորությունը ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինի ակնկալվող մասնակցությունն է, եթե, իհարկե, նա բարեհաճի ներկայանալ ՀՀ ԱԺ: Սակայն եթե այդ լսումներն անցկացվեն դռնփակ, ապա, ինչպես նկատել է Լեւոն Զուրաբյանը, «նրանք ուղղակի ամենակոշտ ձեւով կհերքեն մեղադրանքները եւ կշարունակեն իրենց գործը: Իսկ բաց քննարկման ժամանակ գոնե նրանց կբերենք հանրային կարծիքի դատաստանին»:
Այս պահին դժվար է ասել` փակ թե բաց կարգով կանցկացվեն հունիսի 12-ին ակնկալվող լսումները, սակայն ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի հրապարակումն արդեն իսկ տեղիք է տալիս մտածելու, որ այս փուլում ՀՀ իշխանությունները որոշակի առումով ցանկանում են զսպել ռուսական ընկերության ախորժակը: Եվ նաեւ այս առումով շատ լավ կլինի, որ Աժ լսումները բաց լինեն, որպեսզի խորհրդարանում ներկայացված ռուսահպատակ ընդդիմությունը եւս հանրային ուշադրությամբ կաշկանդված լինի հերթական անգամ ռուսներին հաճոյանալու հարցում: