Ընդամենը չորս ամիս առաջ մի կուսակցապետ իրեն հռչակել էր ազգի փրկիչ եւ պարտավորվում էր Հայաստանն ազատել չարի իշխանությունից, այսինքն` Սերժ Սարգսյանից: Բայց բավական էր նրան մի հատ փըխկ ասեին, որպեսզի նա գնար եւ իր տանը փակվեր: Բայց վերջերս նա սկսել է տանից դուրս գալ: Բնականաբար ճիշտ կռահեցիք. խոսքը, հուշենք, Գագիկ Կոլյայի Ծառուկյանի մասին է, որին այժմ ընդունված է ասել ԲՀԿ նախկին առաջնորդ:
Սույն, նախկին քաղաքական գործիչը կիրակի օրը մասնակցում էր իր խնամու` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էր ողջ իշխանական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսինքն՝ «չարիքի իշխանությունը»՝ իր ողջ կազմով: Եվ, ահա, նախկին փրկիչը՝ «չարիքի իշխանության» սպասարկուներով շրջափակված, կանգնած էր, մեկ էլ որտեղից որտեղ armlur.am-ի լրագրողներից մեկը մոտեցավ նրան եւ հարցրեց. «Պարո՛ն Ծառուկյան, ժողովուրդը Ձեզ հետ հույսեր էր կապում, մարդիկ մտածում էին իշխանափոխություն կլինի, իրենց վիճակը կլավանա…»: Սակայն նախկին փրկիչը՝ չթողնելով, որ հարցը մինչեւ վերջ հնչի, հակադարձում է. «Ժողովուրդը թող իմանա, որ էտ վատ լրագրողների երեսից չեղավ»: Լրագրողի այն հարցին, թե լրագրողներն ինչ կապ ունեն տեղի ունեցածի հետ, նախկին փրկիչը պատասխանում է քրքջուն ծիծաղով: Սակայն ավելի ուշագրավ է նրա պատասխանն այն հարցին՝ չէ՞ որ Դուք խոստացել էիք հանրահավաք հրավիրել, մարդիկ պատրաստ էին գնալ հրապարակ, բայց… «Հետո, որ հանրահավաքի տեղը չտվեցին, ես ինչ պետք է անեի»,- պատասխանել է նախկին փրկիչը: Ավելին՝ երբ լրագրողը նրան հիշեցրել է փառապանծ անցյալը, եւ որ մարդիկ իրենից հստակ քայլեր են ակնկալել, իսկ ինքը… նախկին փրկիչն ասել է. «Հիմա Դուք կաջակցեք, ուղղությունը Դուք ցույց կտաք»,- եւ հրաժարվել է որեւէ այլ հարցի պատասխանել: Սակայն նախկին փրկիչի «հայտնության» պատմությունն այսքանով չի ավարտվել: Լրագրողներից մեկը եւս փորձել է նրանից հարցազրույց վերցնել: Իսկ որպեսզի իրավիճակն առավել պատկերավոր լինի, ներկայացնենք լրագրողի եւ Գագիկ Ծառուկյանի հարց ու պատասխանը.
Լրագրող-Դուք քաղաքականությունից դուրս եկաք, բայց Ձեր թեկնածուին առաջադրեցիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, արդյո՞ք Դուք վերադառնում եք:
Գ.Ծ.-Ես չեմ առաջադրել: Քաղաքականության էջը մեր համար փակա, եթե ուրիշ հարցեր ունեք, մեծ ուրախությամբ կպատասխանեմ, եթե ոչ, ոչ մի հարցի չեմ պատասխանի:
Լրագրող-Վերջին շրջանում Դուք հաճախակի եք երեւում հեռուստաէկրաններին, արդյո՞ք դա քաղաքականություն վերադառնալու փորձ է:
Գ.Ծ.-Ինչի՞ համար: Եթե ես հասել էի ամենաբարձր աստիճանին, ես եթե քաղաքական էջը փակել եմ, ինչի՞ համար փորձ պետք է անեմ, կարող եք ինձ ասել: Քաղաքականությունն իմ համար փակա, գնացե՛ք, Ձեր գործով զբաղվե՛ք:
Լրագրող-2018 թվականի նախագահական ընտրություններին էլ եք բացառո՞ւմ Ձեր վերադարձը եւ մասնակցությունը:
Գ.Ծ.-(ծիծաղում է-Վ.Հ.), Տենո՞ւմ ես՝ Լոքյանը (ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար դաշնակցական Դավիթ Լոքյանը,- Վ.Հ.) մեջքով է շուռ եկել, որ Ձեզ չտեսնի, տեսնո՞ւմ ես, թե՞ ոչ: Աղջիկ ջա՛ն, գնա, քո գործերով զբաղվի: Այսօր եկեղեցի են բացում: Քաղաքական հարցերին չեմ պատասխանում:
Լրագրող-Ինչու Ձեր դուրս գալուց հետո Ձեր փեսայի պաշտոնն ավելի բարձրացավ:
Գ.Ծ.-Գնացե՛ք, երկրի վարչապետին հարցրե՛ք կամ երկրի նախագահին, կարելի՞ է:
Լրագրող-Այսինքն՝ դա խնամիական կապերո՞վ էր պայմանավորված:
Գ.Ծ.-(ակնհայտ զայրացած,- Վ.Հ.) Ի՞նչ, ինչո՞ւ, ամոթա, ես քո տեղն ամաչում եմ, աղջիկ ջան, նենց էլ հպարտ, հպարտ միկրաֆոնը պահած… գնա քո գործով զբաղվի, կարելիա՞, թե դա քեզ պատիվա բերում: Ի՞նչ, ասա՛: Ինչ էս ուզում: Աղջիկ ջան, քեզ հարցը պատասխանեցի, դու հասկանո՞ւմ ես, թե ոչ, ես քաղաքական հարցերին չեմ պատասխանում, հայերեն ասե՞մ, ռուսերե՞ն, անգլերե՞ն, ֆրանսերե՞ն:
Լրագրող-Դուք քաղաքականության մեջ ակտիվ եք եղել, Դուք պիտի իմանայիք, որ լրագրողները կարող են Ձեզ հարցեր տալ:
Գ.Ծ.-Աղջիկ ջան, ակտիվ եմ եղել: Եթե դա ինձ պետք լիներ, ես կմնայի: Ես քաղաքական էջը քո պես մարդկանց երեսից փակել եմ: Գնացե՛ք, դուք ձեր համար էտ կարկառուն քաղաքական գործիչների հետ ձեր երկիրը զարգացրեք, ավելի լավացրեք, ժողովրդի վիճակը թող ավելի բարեկեցիկ լինի, արտագաղթը կանգնի: Ես փակել եմ: Զբաղվում եմ սպորտով եւ բարեգործությամբ: Քաղաքական էջն իմ համար փակա, թող կարկառուն քաղաքական գործիչները զարգացնեն քո, քո ապագա ընտանիքի, երեխայիդ կյանքն ավելի ապահով դարձնեն: Ի՞նչ եք ուզում ինձնից:
Լրագրող-Բայց Դուք էիք խոստացել, որ ժողովրդի կյանքը պիտի լավացնեք:
Գ.Ծ.-Քույրիկ ջան, ես որոշել էի լավացնել, բայց եթե պետք է արյուն թափվեր, պետք է «մայդան» լիներ, ես այդ մարդը չեմ: Ես անձնական շահի համար չեմ գնացել, որեւիցէ, ինչ-որ.. եսիմ.. իմ թիմի հանդեպ մաքուր եմ եղել, ժողովրդի հանդեպ…, կարեւորը՝ խոսքս խոսքա: Բայց եթե պետք է արյուն թափվի, ես ոնց կարամ թույլ տամ դա: Իսկ հիմա ասում եմ, մնացած քաղաքական գործիչները թող իրենց հարցերը կարգավորեն: Իմ համար փակա, չի բացվելու:
Այս հարց ու պատասխանը եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Հայաստանի հանրությունը պետք է շնորհակալություն ասի սույն գործչին այն բանի համար, որ նա որոշեց քաղաքականությունից դուրս գալ: Ավելին՝ եթե նախկին փրկիչը չապաքաղաքականացվեր, ապա դժվար է ասել, թե ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանի հետ նրա քաղաքական գործունեությունը շարունակվելու դեպքում: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ նա ասում է «ձեր երկիրը», կյանքի ընդամենը մի դրվագը բավարար է, որ նա Հայաստանը համարի ոչ իրենը: Իսկ այն փաստը, որ նա իր քաղաքական կարիերայի ձախողման ողջ մեղքը փորձում է լրագրողների վրա գցել, թերեւս կարեկցանքի է արժանի, ուրիշ ոչինչ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԷԼԻ ՀՈՒԼԻՍԻ 1
Շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը, ներկայացնելով ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանի խոսքերը, տեղեկացրել էր, որ ՀՀ ԱՆ-ը դեռ չի լուծել ֆրանսիական դիաբետոնը ներկրելու եւ այն հիվանդներին տրամադրելու խնդիրը: Երեկ փորձեցինք ՀՀ ԱՆ նախարար Ա. Մուրադյանից պարզել, թե ինչու է անընդհատ հետաձգվում այդ հարցը այն դեպքում, երբ շաքարային դիաբետով հիվանդները շարունակում են բողոքել այդ դեղամիջոցից: Նախարարի պատասխանը, սակայն, հարցերը պակասեցնելու փոխարեն ավելացրեց: «Երբեւէ չի եղել որեւիցե մի օր, որից հետո հետաձգեն, որից հետո էլ մի հատ էլ հետաձգեն` ես ասել եմ հուլիսի 1: Ես ասել եմ հուլիսի 1-ից մենք արդեն այդ աշխատանքները կիրականացնենք, ես երբեւիցե չեմ ասել սեպտեմբերի 1: Սա գրել են լրատվամիջոցները՝ բավականին մեծ լուսանկարս տեղադրելով, շատ ամպագոռգոռ անուն դնելով, սա կարծում եմ լրագրողական խղճի խնդիր է: Շատ ավելի կարեւոր է, որ կարողացանք այդ պայմանագիրը կնքել դժվար բանակցությունների արդյունքում, համոզված եմ, որ բնակչությունը բավարարված կլինի»,- ավետեց նախարարը: Բայց խնդիրն այն է, որ լրատվամիջոցը, այսինքն՝ «Ժողովուրդ»-ը, ժամկետի մասին գրել է պաշտոնատար անձանց ասածների հիման վրա: Իսկ եթե նախարարը որոշել է խնդրի լուծումն արագացնել, լավ կլիներ՝ լրագրողներին ինչ-որ դավադրությունների մեջ մեղադրելու փոխարեն հենց այդպես էլ հայտարարեր:
ԱՀԱՐԿՈՒ ԹՎԵՐ
Երեկ խորհրդարանում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2014թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Ա. Մանուկյանը խնդրեց հրապարակել, թե 1 տարվա ընթացքում դպրոցներում աշակերտների թիվը որքան է նվազել: Սակայն որեւէ թիվ չհրապարակվեց: «Ժողովուրդ»-ը փորձեց Մանուկյանից պարզել, թե ինչու է ամեն տարի այդ հարցը բարձրացնում: «Իրենք վախենում են այդ թվերը հրապարակել, ես, այո, ամեն տարի հարցնում եմ, իրենք չեն պատասխանում, բայց ես գիտեմ, իրենք ասեն-չասեն, ե՛ւ բուհերի հայտերի թիվը, ե՛ւ աշակերտների իրենք անգիր գիտեն, բայց չեն ասում, որովհետեւ թվերը ահարկու են»,-ասաց պատգամավորը: Սակայն նա եւս չցանկացավ այդ թիվն առայժմ հրապարակել: Իսկ ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը երեկ հայտարարեց, որ վերջին երեք տարիներին 8 հզ.-ով նվազել է առաջին դասարան հաճախողների թիվը:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ
ՀՀ ԿԲ երեկ հրապարակել է այս տարվա առաջին 4 ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցված գումարների (տրանսֆերտների) թիվը: Այս տարվա ապրիլին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 55 մլն 646 հզ. դոլար` անցած տարվա 95 մլն 539-ի դիմաց: 4 ամիսների կտրվածքով անցած տարվա համեմատ տրանսֆերտները նվազել են 150 մլն 430 հզ. դոլարով (48 տոկոսով): Այսպես շարունակվելու դեպքում տարվա կտրվածքով անկումը կարող է կազմել 600-ից 700 մլն դոլար, ինչպես կանխատեսվել է դեռ տարեսկզբին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄԵԾ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Նախօրեին հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, եւ ընտրվեց վարչության կազմը: Վարչության ղեկավարի թեկնածուները երեքն էին՝ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Սիմոնյանն ու Փաշինյանը ինքնաբացարկ հայտնեցին: Փակ, գաղտնի քվեարկությամբ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավարները հայտարարեցին՝ առաջնային նպատակը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։ «Այսօր ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի մի կուսակցություն, որ մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում եւ հավակնում է, տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով, ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը», – իր ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ՄԵՌՆԵ՞Ն
2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն առաջարկել է Երեւանից բժիշկներ առանձնացնել եւ ուղարկել մարզային հիվանդանոցներ: Նաեւ ուշադրություն է հրավիրել այն իրավիճակի վրա, որ հաճախ մարզային հիվանդանոցներում լինում են հիվանդներ, որոնք չեն կարողանում այնտեղ բուժում ստանալ, բայց Երեւան տեղափոխվել էլ չեն կարող: Ի պատասխան՝ ՀՀ ԱՆ նախարարը նշել է. «Ընդհանուր սկզբունքն է դրված` փոխելու համար, այլ ոչ թե միայն Երեւան տեղափոխելու համար»: Մուրադյանի խոսքով` մարզերում նոր կենտրոնները ստեղծվում են զարգացումներին համահունչ, իսկ մարզային բժիշկներն էլ հնարավորություն են ստանում վերապատրաստումներ ստանալ առաջատար կլինիկաներում: «Մարզերում պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բժիշկները մնան այնտեղ»,- ամփոփել է նախարարը՝ մոռանալով, սակայն, որ մինչ այդ պայմանների ստեղծումը հիվանդները լիարժեք բուժում ստանալու առաջնային իրավունք ունեն:
ԹՈՒՅԼԻԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանում առկա չեն որակյալ բժշկական սարքավորումներ, ինչի արդյունքում մարդիկ մեկնում են արտասահման` բուժվելու: Մուրադյանը նշել է, որ տարեցտարի իրենց հաջողվում է ոլորտը հագեցնել առաջատար կլինիկաներին համապատասխան սարքավորումներով: Բադեյանը նաեւ անդրադարձել է դեղորայքի որակին` նշելով, որ ամեն տարի հայտարարվում է վերահսկողության մասին, սակայն ոլորտը դեռեւս ոչ լավ վիճակում է գտնվում: Ի պատասխան՝ նախարարն առանձնացրել է հոգեմետ դեղերը՝ նշելով, որ այդ շուկայում իրենց հաջողվում է դաշտը վերահսկել եւ ապահովել ամենորակյալ դեղերով: