ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՆ 3 ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին Չարենցավան քաղաքի գազալցակայանում հնչած պայթյունը մայիս ամսվա ընթացքում 4-րդ դեպքն էր: Արդեն ունեցանք 3 զոհ:

Նախ՝ պաշտոնապես: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքը տեղի էր ունեցել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում: «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենան գազի լիցքավորման ժամանակ պայթել էր, ինչից տեղում մահացել էր գազալցակայանի աշխատակից Գրիգոր Սիմոնյանը: Ըստ տարածված տեղեկությունների՝ նշված գազալցակայանը պատկանում է ԲՀԿ անդամ Ռոբերտ Թովմասյանին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռոբերտ Թովմասյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ գազալցակայանի սեփականատերն իր որդին է: Ըստ նախկին պատգամավորի՝ կատարվածում գազալցակայանի մեղավորությունը չկա. «Բոլորը գիտեն պայթյունի պատճառը: Այդ մեքենայի բալոնը մաշված է եղել: Գիտեք՝ որեւէ կառույց պետք է լինի, որ ժամանակին թույլ չտա մաշված բալոնները շահագործեն: Նույնիսկ երբ զննեցինք, տեսանք, որ շատ մաշված բալոն էր»:
Մեր այն հարցին՝ եթե հետագայում այլ բան պարզվի, որ գազալցակայանը կատարվածում եւս իր մեղքի բաժինն ունի, պատրաստվում է պատասխանատվություն կրել. «Բացառվում է գազալցակայանի մեղքը այս հարցում: Գիտեք, եթե բալոնը նախատեսված է 200 մթնոլորտ ճնշման համար, ու լցվի դրանից ավել, այդտեղ նոր գազալցակայանի մեղքը կլինի: Բայց այս դեպքում արձանագրել են, որ մեր կողմից խնդիր չի եղել»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ իր որդու գազալցակայանը տեղակայված է քաղաքի գրեթե կենտրոնում, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է՝ գազալցակայանները բնակելի տարածքներից որքան հեռավորության վրա պետք է կառուցվեն, Ռոբերտ Թովմասյանը պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա: Կարող են գալ, նկարահանել եւ տեսնել, որ կանոններին համապատասխանում է»:
Ռոբերտ Թովմասյանից պարզեցինք, որ պայթյունից մահացած Գրիգոր Սիմոնյանը ընդամենը մեկ ամիս էր, ինչ աշխատում էր որդու գազալցակայանում: Ավելին՝ տեղեկացանք, որ դեպքից հետո նախկին պատգամավորը որոշել է փակել որդու գազալցակայանը. «Կարող էինք շարունակել աշխատեցնել, բայց որոշեցինք՝ փորձաքննություններն ավարտվեն, նոր կբացենք»:
Նկատենք, որ սա մայիսի ընթացքում գրանցված 4-րդ պայթյունի դեպքն է: Առաջին դեպքը գրանցվել էր մայիսի 12-ին՝ ժամը 12:05-ին, Մալաթիա վարչական շրջանի Երեւանի Բաբաջանյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող գազալցակայանում: Պայթել էր 1991 թ. ծնված Գեւորգ Գ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» 124 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը: Այս դեպքից երկու օր անց Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում պայթեց հերթական ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի արդյունքում գազալցակայանի աշխատակիցը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Այս գազալցակայանն էլ, ըստ տարածված տեղեկությունների, պատկանում է Գառնիի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, որը, սակայն, հերքել էր:
Մայիսի 26-ին էլ պայթյուն էր տեղի ունեցել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող, Երեւան-Էջմիածին մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանային համալիրի հարեւանությամբ գտնվող գազալցակայանում: Ըստ նախնական վարկածի՝ գազալցակայանի պայթյունի պատճառը եղել էր գազի ճնշումը: Կատարվածի արդյունքում 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո նախկին պատգամավորի եղբոր կյանքը փրկել չհաջողվեց. Արմեն Հակոբյանը մահացավ: Այս դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ով կամ ովքեր են պատասխանատվություն կրում այս իրավիճակի համար: Մինչ այդ նախ հասկանանք, թե գազալցակայան կառուցելու համար ինչ թույլտվություն է անհրաժեշտ ունենալ:
Ըստ ՀՀ Կառավարության որոշման՝ գազալցակայան կառուցելու համար անհրաժեշտ է ստանալ ճանապարհային ոստիկանության, կապի եւ տրանսպորտի նախարարության, բնապահպանության նախարարության, քաղաքաշինության նախարարության, «Գազպրոմ Արմենիա» բաժնետիրական ընկերության, արտակարգ իրավիճակների նախարարության, եթե այն կառուցվում է մայրաքաղաքում, ապա՝ քաղաքապետարանի, իսկ եթե մարզում՝ մարզպետարանի թույլտվությունները:
Այսինքն՝ 7 կառույցների թույլտվությունն է անհրաժեշտ, որպեսզի ՀՀ-ում հնարավոր լինի գազալցակայանը բացել, շահագործել:
Իսկ ովքեր են վերահսկողություն սահմանում գազալցակայաններում: Ըստ սահմանաված կարգի՝ գազալցակայանում համապատասխան վերահսկողությունը պետք է իրականացնի արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ, «Գազպրոմ Արմենիա» բաժնետիրական ընկերությունը: Իսկ ո՞ւր են նշված կառույցները: Ինչպես փորձն է ցույց տալիս՝ ոլորտը կարգավորող կառույցները շփոթվում են, սկսում ստուգումներ իրականացնել այն ժամանակ, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, լինում են զոհեր: Եւ շատ հաճախ աղմկալի բացահայտումներ են ի հայտ գալիս:
Այս դեպքերից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, թե հստակ հանձնարարական ունի՝ ստուգումներ եւ դիտարկումներ անցկացնել գազալցակայաններում, եւ եթե պարզվի, որ դրանք կառուցված են օրենքի խախտումներով, թերացումներ կան, ապա դրանց շահագործումը կդադարեցվի: Ստացվում է, որ մինչ այս ԱԻՆ-ն ու մյուս գերատեսչությունները թերացել են, որ չեն ստուգել գազալցակայանները:
Ավելին՝ տպավորությունն այնպիսին է, որ 7 գերատեսչությունների տրված թույլտվությունները ձեւական բնույթ են կրել, ինչի արդյունքում ունենք զոհեր: Իսկ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի մարդկային կյանքերի համար:
Նշենք, որ տեղեկություններ կան՝ պայթյուններն ավելի խորը արմատներ ունեն: Ինչպես հայտնի է՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը «ներքին կարգով» արգելել է մայրաքաղաքում գազալցակայան կառուցելու թույլտվություն տալ: Արդյունքում՝ բոլորը սկսեցին մարզերում գազալցակայաններ կառուցել: Եւ չի բացառվում, որ այս պայթյուններին հաջորդող ստուգումները մի շարք գազալցակայանների փակման պատճառ դառնան: Չէ՞ որ մրցակցությունն անասելի մեծ է, եւ անհրաժեշտ է ոլորտը կարգավորել:
Հիշեցնենք, որ նախկինում գազալցակայան ունենալու մենաշնորհ ունեին երկու հոգի՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սակայն հայտնի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը դուրս եկավ այս դաշտից, եւ գազալցակայանների մենաշնորհի առյուծի բաժինը մնաց Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Բայց մարզերում կառուցված գազալցակայաններն իրավիճակ են փոխել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԻՆՉԸ ՀԵՐՔԵՆ՝ ՄՈՒՇՏԱ՞ԿԸ, ԹԵ՞ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ
Ինչպես արդեն գիտենք՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հրապարակ» օրաթերթից հերքում տալ եւ ներողություն խնդրել: Պատճառն այն է, որ «Հրապարակ» օրաթերթը մայիսի 21-ին հրապարակել էր «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված, որտեղ գրված է այլ կայքերում եւ համացանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մարդ է մահացել: Ըստ նախարարի կնոջ փաստաբանի՝ տեղեկությունն ակնհայտ սուտ է: Ավելի ուշ օրաթերթը գրել էր, որ օգտվել է hzham.am կայքից: Բայց փաստաբան Կարեն Մեջլումյանի խոսքով՝ նշված կայքը ֆեյք է, գոյություն չունի:
Այս հայտարարությունից երեք օր անց, ժամը 12:00-ին hzham.am պատասխանատու Աննա Գեւորգյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: Իսկ ի՞նչն էր պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում hzham.am խմբագրական խորհրդի անդամ Անի Մադոյանն ասաց, որ Աննա Գեւորգյանին կանչել են ոստիկանություն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կայքը գործում է բոլոր չափանիշներին համապատասխան. «Մենք ունենք գրանցում, եւ այս դեպքում փաստաբանն է զրպարտություն տարածում, թե կայքը ֆեյք է»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե կայքին պատվիրել են վարկաբեկել Պնախարարին, եւ իրավապահները փորձում են պարզել պատվիրատուների ցանկը եւ շահագրգռվածությունը, Անի Մադոյանը պատասխանեց. «Եթե իրենց քիմքին հարիր չէ, որակում են որպես պատվեր, ծիծաղելի է»:
Ըստ Անի Մադոյանի` իրենք չեն պատրաստվում հերքում տեղադրել կայքում: Ավելին՝ ըստ նրա՝ թե՛ 6-րդ վարչություն, թե՛ դատախազություն դիմելը հոգեբանական ճնշում է. «Ուզում են ազդել մամուլի վրա, թող հրապարակման հետքերով գնան եւ պարզեն: Ի վերջո, ի՞նչը հերքեն, որ մուշտակը 100.000 դոլարանոց է, թե՞ որ Ֆրանսիայում հիվանդանոց ունի»:
Տեղեկացանք նաեւ, որ կայքի խմբագրական խորհուրդը պատրաստվում է հակընդդեմ հայցով դիմել դատարան՝ կայքի գոյությունը կասկածի տակ դնելու, ընթերցողների շրջանում եւ լրագրողական համայնքում կայքի համբավը վարկաբեկելու եւ զրպարտելու համար:

 

ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ «հետեւողական ենք խնդրին եւ թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում»: «Միասին ցույց տանք ՀՀ քաղաքացու միասնականությունն ու վճռականությունը: Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու, ներկայիս սակագինն արդեն իսկ ապօրինի է: Լինենք պահանջատեր: Հիշեցնում եւ նախազգուշացնում ենք՝ որոշողը մենք ենք»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

 

 

ՈՎ ՈՒՄ Է ԾԵԾԵԼ
«Ես 62 տարեկան մարդ եմ, ո՞նց կարամ մարդ ծեծեմ»: Armlur.am-ի հետ զրույցում ասել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը` անդրադառնալով իրեն ծեծի ենթարկած Կարապետ Մկրտչյանի այն հայտարարությանը, թե իրականում նա է իրեն ծեծի ենթարկել: Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ ինքը պարզապես քայլելիս է եղել Աբովյանի կենտրոնական փողոցով, պանրավաճառ Կարապետ Մկրտչյանը մոտեցել է իրեն, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ու հարվածել. «Գլուխս արյան մեջ կորած է: Ես մինչեւ հիմա մաքուր, անարատ կյանքով եմ ապրել, լավ համբավ եմ ձեռք բերել, հիմա հանկարծ դարձա խուլիգա՞ն: Դեռ ընտրարշավս էլ չեմ սկսել»:

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԱՎԱՐԻ
Պարզվում է` ՀՀ ԱԳ-ն ջուրը դեռ չտեսած` բոբիկացել է. խոսքը Բրազիլիայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման մասին է, ինչի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անգամ հասցրել էր շնորհակալական հայտարարությամբ հանդես գալ: Երեկ, սակայն, հայտնի է դարձել, որ համապատասխան բանաձեւը Բրազիլիայի Սենատում առայժմ չի ընդունվել: Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը «Ազատությանը» հեռախոսով փոխանցել է, թե Սենատը որոշումը կայացրել է, սակայն այն առայժմ պաշտոնական փաստաթուղթ չէ եւ դեռ անցնում է անհրաժեշտ ընթացակարգով:




Լրահոս