Երեվանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի 7-11–ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է “Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում” խորագիրը կրող ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հնարավոր ներդրումների և հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաև այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի և տարածաշրջանի զարգացման գործակալություն։ 
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է կլոր–սեղանի, ուր քննարկվել են համագործակցության նախագծեր ու Երևանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը: “Պալացո Սպինելի” վերականգնման ակադեմիայում պատվիրակութանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման և վերականգման, մշակութային արժեքների պահպանման փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։ 
Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է նաև Տոսկանա նահանգի Բանյո ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանո Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև տուրիզմի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին հայաստանյան շուկայով: 
Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Բանյո ա Ռիպոլի քաղաքապետին հրավիրել է Երևան: 
Տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն




Լրահոս