«Ժողովուրդ»-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2015թ մայիսի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց դատական նիստում որոշել է մերժել Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Վարդապետյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանի որոշման:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015թ մարտի 20-ին Շիրակի մարզի Ողջի համայնքում ոչխարի գողության դեպք էր արձանագրվել: Ինչ-որ մարդիկ մտել էին գյուղի բնակիչներից Սարգիս Ավագյանի անասնագոմ եւ շուրջ 490.000 հազար դրամի արժողությամբ 6 գլուխ ոչխար գողացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով եւ զգալի չափերով գաղտնի հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ու մինչ քննիչը կհասցներ անցնել իր գործողություններին` հասկանալով, թե ով կամ ովքեր են փորձել վատություն անել Սարգիս Ավագյանին` գողանալով նրա ոչխարները, զարմանալի շրջադարձ էր տեղի ունեցել: Մարտի 27-ին հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանը որոշում էր կայացրել քրեական գործը քննող քննիչին հեռացնել վարույթից:
Եւ, ահա, քննիչն էլ այլ ելք չունենալով՝ դիմում էր գրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ փորձել դատարանի միջոցով արդարության հասնել: Այս դեպքը աննախադեպ է այնքանով, որ առաջին անգամ է քննիչը իրեն վերահսկող դատախազի որոշումն անհիմն համարում ու առավել եւս փորձում դատարանով արդարության հասնել:
Բայց պարզվում է՝ քննիչի բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը որոշել է մերժել: Բայց նա մերժել է ոչ թե հիմնավորմամբ, որ դատախազը արդար է, այլ միանգամայն ուրիշ շեշտադրումներով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը այդ վեճը համարել է քաղաքացիաիրավական հարթությունում լուծվող հարց: Հետեւաբար վճռել է հայցը մերժել՝ առաջարկելով քննիչ Էդգար Վարդապետյանին հայցը դարձնել վարչական վարույթի քննարկման առարկա եւ այդ ճանապարհով լուծում տալ խնդրին:
Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրած որոշումը չի բավարարել քննիչ Էդգար Վարդապետյանին:
Նա մերժման մասին որոշումը ստանալուց հետո այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Տեսնենք, թե ինչ հանգուցալուծում կունենա խնդիրը:
Նշենք, որ քննիչ-դատախազ փոխհարաբերությունների լարվածության մասով սա առաջին եւ գուցե նաեւ վերջին դրսեւորումը չէ: Ինչպես հայտնի է՝ դատախազությունը երկար ժամանակ է, ինչ տարբեր գրություններով փորձում է ՀՀ քննչական կոմիտեից ստանալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով հարուցված քրեական գործը: Սակայն քննչական կոմիտեն հրաժարվում է քրգործը տրամադրել:
Այսպիսի նախադեպ նախկինում երբեւէ չի եղել: Մշտապես գործը հսկող դատախազը կարողացել է ցանկացած պահի ստանալ ցանկացած տեղեկություն՝ գործի քննության ընթացքի վերաբերյալ: Բայց հիմա արգելքներ կան: Թերեւս առաջիկայում մի հայց էլ դատախազությունը պետք է դատարան ներկայացնի՝ պահանջելով իրեն հանձնել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ կատարված ծեծի առիթով հարուցված քրեական գործը:
Քնար Մանուկյան
Թամարա Միքայելյան