«Իմ տոհմածառ» գունանկարչության մրցույթ՝ Կենդանաբանական այգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված Երևանի կենդանաբանական այգին վերածվել է բացօթյա արվեստանոցի: «Իմ տոհմածառը» գունանկարչության  մրցույթի ընթացքում Երևանից և մարզերից հարյուրավոր պատանիներ պատկերել են Հայաստանի բնությունն ու մշակութային հուշարձանները:

«Խորհրդանշական այս խորագիրը ոչ միայն սեփական արմատները գտնելու, ոգեկոչելու յուրատեսակ կոչ է, այլև հղում՝ մարդ-բնություն խորքային կապին: Այս միջոցառումը նաև երևանաբնակ ու մարզերի երեխաների ամառային հանգիստն առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելուն է ուղղված», – նշել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարի համերգային ծրագրով,  անցկացվել են նաև հայկական ավանդական պարի բաց դասեր: Առանձին տաղավարներով ներկայացվել են երեխաների կրթական բազմազան ծրագրերի առաջարկներ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ամռան վերջին, հաղթողներն էլ կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր և առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ դառնալով հայկական ամուր տոհմածառի գաղափարի տարածման դեսպանը:




Լրահոս