Վերջին օրերին մեր հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Արձանագրվել է 4 դեպք, զոհվել է 3 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ:
Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար` ՀՀ ՏԿԱԻ նախարարի 01.06.2015թ. թիվ 509-Ա հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ԱԳԼՃԿ-ներում ուսումնասիրություններ կատարելու համար:
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում (հունիսի 4-ի դրությամբ) 2 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ («Էլսի սթիլ» ՍՊԸ և «ԳԱՕՄ գրուպ» ՓԲԸ), հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար կայացվել են որոշումներ՝ դրանց հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:
Տասնյոթ ԱԳԼՃԿ-ների համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 6-ն արդեն իսկ ենթարկվել են վարչական տուգանքի: Երկու ԱԳԼՃԿ-ներում կազմվել են արձանագրություններ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ:
Ուսումնասիրված բոլոր օբյեկտների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու համար: Նրանց իրազեկել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների, դրանց կատարման համար պարտականությունների, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների մասին: ԱԳԼՃԿ-ներում ուսումնասիրությունները շարունակվում են։