Նախորդ դարավերջը ձևավորեց հայկական շոու-բիզնես կոչվածը, ու հենց այդ ժամանակ ասպարեզ եկան հայկական շոու-բիզնեսի առաջին ներկայացուցիչները: Նրանցից շատերի աստղը փայլեց ու մարեց գրեթե միաժամանակ, բայց որոշները մինչ օրս սիրված են ու պահանջված. նրանց հիշում են, նրանց մասին բամբասում են, իսկ երգերը` դեռ լսում:
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ սկսում է հարցազրույցների շարք derby-դարի ամենապայծառ հայ աստղերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը 90-ականների գալակտիկայից Հասմիկ Կարապետյանն է: «Չամիչ» աղջկա կերպարը նրան վերագրվեց ու էլ չպոկվեց նույնիսկ, երբ ռոք ժանրում երգեց ու որոշ չափով բաց ֆոտոսեսիայով հանդես եկավ ամսագրերից մեկի շապիկին: Նա բեմից երգեց իր մեղեդին ու այդ բեմում և բեմից դուրս ընդունվեց ու դարձավ սիրված: Հասմիկի երգերը դարձան նոր սերնդի մանկության տանգոն, ինքը՝ նոր սերնդի ամենազգացմունքային երգչուհին:
Երգչուհին գիտի՝ կարևոր է, որ մարդ ունենա իր գույնը ու առանձնանա բոլորից, ու վստահ է, որ ինքն էլ այդ մարդկանցից է: Երգչուհու գունապնակի առաջին ու ամենապայծառ երանգների մասին Armlur.am-ին պատմում է հենց ինքը՝ Հասմիկ Կարապետյանը:
Որպես սկիզբ
Մանուկ հասակում դաշնամուրային դպրոց էի այցելում: 13 տարեկանից սկսեցի մեղեդիներ հորինել, որոնք սինթեզում էի գրածս բանաստեղծությունների հետ, որոնք վերջում երգեր էին դառնում: Որպես հեղինակ ինձ նկատեցին Եղիշե Պետրոսյանը և Արտավազդ Բայաթյանը, ու առաջին երգիս ձայնագրությունը եղավ հենց «Արձագանք» ստուդիայում: Մայրիկիս հետ գնացել էի ձայնագրվելու. ուղղակի բախտի բերմամբ այդ օրը, այդ ժամին այնտեղ եկան «Երրորդ ալիք» հաղորդման հիմնադիր Արտավազդ Եղոյանն ու հաղորդավար Կարեն Քոչարյանը: Նրանք ինձ նկատեցին, հետո հարցրին, թե ինչու եմ 16 տարեկան հասակում երգում անպատասխան սիրո մասին (երգս կոչվում էր «Չգիտեմ»), իսկ ես հպարտորեն պատասխանեցի, որ սերը տարիք չի հարցնում: Ես նկարահանվեցի այդ շաբաթվա «Երրորդ ալիք» հաղորդաշարում: Ու դա դարձավ ճակատագրական օր ինձ համար:
Նմանակե՞լ. երբե՛ք
90-ականներին ինձ համեմատում էին ռուս երգչուհի Լինդայի հետ: Իրականում այդ տարիներին ես իրոք Լինդայի երգարվեստի ազդեցության տակ էի, քանի որ այդ ժամանակաշրջանի համար նա շատ յուրահատուկ ու չկրկնվող երգչուհի էր: Նրա խենթ շարժումները բեմի վրա ինձ շատ էին գրավում: Գուցե, գործիքավորողներս հասկանալով, որ ինձ վրա կա նրա ազդեցությունը, լինդայական երանգ են տվել իմ երաժշտությանը, սակայն ես հաստատ չեմ ձգտել դրան: Բայց ես ունեմ մի լավ հատկություն. ինչ էլ որ ես սիրում եմ կամ ինչից էլ որ ազդվում եմ` ես իմ մեջ եփելով իմ ձևով եմ մատուցում այդ ամենը հանդիսատեսին: Ես առհասարակ չեմ սիրում նմանակել:
Մասնագիտությունը` լրագրող
Ես ի սկզբանե չէի ուզում երգչուհի դառնալ: Դա իմ մանկության երազանքը չի եղել: Լրագրողի մասնագիտությունն ընտրելն էլ պատահականություն էր: Սկզբում ես երազում էի ընդունվել լեզվաբանական համալսարան ու դառնալ թարգմանչուհի. անգլերեն շատ էի սիրում: Սակայն ընդունելության մրցույթից դուրս մնացի և հուսահատված ընտրեցի մի բուհ, որտեղ անգլերենի մակարդակը բարձր էր: Ու հետո, էլի պահի ազդեցության տակ, թողեցի միջազգային ժուռնալիստիկան ու գնացի Կոնսերվատորիա, որտեղ սովորեցի դասական վոկալ բաժնում, քանի որ այդ ժամանակ դեռ էստրադային վոկալի բաժինը չկար:
Երբեմն մտածում եմ, որ լրագրությունն ինձ վստահորեն կօգներ ու ես ինձ իրավունք կվերապահեի բարձրաձայնելու թեկուզ հենց շոու-բիզնեսի բազմազան խնդիրների մասին: Ճիշտ է՝ երգը ևս մեծ ուժ է, բայց բավարար չէ պայքարելու համար ամբոխի դեմ: Գուցե, լրագրող լինելով` ես ավելի մեծ ազդեցություն կունենայի նմանատիպ հարցեր լուծելու համար:
Երկրպագություն՝ խենթ ու խելառ
Մի տղա կար, ով վերցել էր իմ հարսանեկան զգեստով ֆոտոշարքի նկարները, որն արվել էր «Հարս» հանդեսի համար, և ֆոտոշոփով մեզ դարձրել էր հարս ու փեսա ՝ մի ամբողջ ալբոմ պատրաստելով: Հետո իմացել էր մեր տան հասցեն, հաճախակի գալիս էր, մեր նկարները դնում դռան առաջ ու գնում: Հետո հայրիկս ստիպված եղավ նրա հետ խոսել, որովհետև իրեն իրոք ներշնչել էր, որ պիտի ամուսնանանք:
Մի տղա էլ կար, ով իմ բոլոր ելույթների ժամանակ բարձրանում էր բեմ նստում գետնին կամ եթե դաշնամուր կար, նստում էր դաշնամուրի դիմաց ու ձևացնում, թե նվագում է: Երբեմն էլ գալիս էր, պատուհանիս տակ 7 մոմ վառում: Տարօրինակն այն էր, որ ես նրանցից չէի վախենում: Կան երկրպագուներ էլ, ում հետ արդեն ընկերներ ենք դարձել: Մի աղջիկ կար Կապանից, ով իմ բոլոր համեգներին գալիս ու լաց էր լինում, հետո իմացա, որն նա իմ մեջ իր մահացած մորն էր տեսնում:
90-ականներ. տվածն ու տարածը
90-ականներն ինձնից ոչինչ չեն տարել. դա իմ կարիերայի սկիզբն էր: Այդ տարիները ինձ միայն տվել են: Միայն մի փոքր առողջությունս է վնասվել, քանի որ 90-ականներին համերգասրահներում պայմանները շատ վատն էին:
Իսկ մենք՝ երգչուհիներս, ցուրտ դահլիճներում բեմական թեթև զգեստներով էինք ելույթ ունենում: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, 90-ականներն ինձ տվել են կայանալու, ինքնաարտահայտման, ինքնաձևավորման ճանապարհ: Այդ տարիներին ես մեծացա և՛ ստեղծագործական, և՛ անձնական առումով:
Կինը արվեստում՝ արդեն դժվար էր
Տարածված կարծիք կա, որ եթե կինը բեմում է, ուրեմն նրա բարոյական լինելը արդեն կասկածի տակ է: 90-ականներին էլ էր այդպես, ու թվում էր, թե նրանք ավելի մատչելի են, քան այլ մասնագիտություն ունեցող կանայք: Ես 17 տարեկանից պայքարել եմ այդ կարծիքի դեմ:
Հիշում եմ, որ նույնիսկ իմ դասընկերներս էին դեմ, որ երգչուհի դառնամ: Ես խոստացա նրանց, որ երգչուհի լինելով` ես կլինեմ լավ կին ու լավ մայր: Ու ես չվախեցա, ես մեն-մենակ դիմակայեցի բոլոր տեսակի դժվարություններին ու գայթակղություններին: Ոմանք նույնիսկ փառք էին խոստանում իրենց սիրուհին դառնալու դիմաց: Ես հաղթահարեցի այդ ամենը, ու նրանք, ովքեր ի սկզբանե դեմ էին իմ` երգչուհի դառնալուն, հիմա հպարտանում են ինձնով:
Առաջարկներ, որոնք մնացին թղթին
Մի առաջարկ է եղել, որը գլոբալ կարող էր փոխել իմ կյանքը: Այդ առաջարկը ստացել եմ Մոսկվայում: Ռուսական «Ա Ստուդիո» խումբը փնտրում էր նոր երգչուհի, քանի որ նրանց երգչուհին որոշ ժամանակով կամ գուցե ընդմիշտ պետք է լքեր խումբը:
Պրոդյուսերն ինձ առաջարկեց միանալ այդ խմբին: Դրա համար ես պետք է մոռանայի, որ ես Հասմիկ Կարապետյանն եմ ու որ որոշակի ճանապարհ եմ անցել Հայաստանում, պետք է փոխվեր իմ անունը ու նորից զրոյից սկսեի իմ ստեղծագործական կյանքը՝ այս անգամ Մոսկվայում: Պայմանագիրը պետք է կնքվեր առնվազն 5 տարով:
Սակայն, քանի որ մեզ ծանոթացրել էր մեր ընդհանուր ընկերներից մեկը, պրոդյուսերը իմ առաջ բացեց բոլոր խաղաքարտերը ու զգուշացրեց ապագայում սպասվող առաջարկների ու իրավիճակների մասին: Սովորաբար դա թաքցնում են: Ես մտածելու համար խնդրեցի 1 օր: Այդ օրվա ընթացքում հասկացա, որ ո´չ. դա իմը չէր: Ճանաչման հետ մեկտեղ ես կլինեի ինչ-որ մեկի սեփականությունը, ու ինձ պիտի ամեն քայլս թելադրվեր: Այս որոշման համար ես չեմ փոշմանում:
Ջազի օրերի հետ կապված Հայաստան էր եկել գերմանացի մի պրոդյուսեր, ով խնդրել էր, որ իրեն ներկայացնեն հայ մի քանի երգիչ-երգչուհիների գործերը: Լսելով մի քանի կատարողի՝ նա ինձ առանձնացրել էր, քանի որ իմ երաժշտությունը համարել էր եվրոպական: Հետո նա եկավ մեր տուն, ինձ նկարեցին, վերցրին իմ բոլոր տեսահոլովակները, և նա ասաց, որ շատ կուզենար ինձ հետ համագործակցել: Ես միանգամից համաձայնեցի, քանի որ Եվրոպան ինձ համար ավելի հոգեհարազատ է, քան Ռուսաստանը: Հետո նա գնաց՝ ասելով, որ կապի մեջ կլինենք: Սակայն հետո ո´չ ես գրեցի կամ զանգեցի նրան, ո´չ նա՝ ինձ, ամեն ինչ հենց այդպես էլ վերջացավ: Հիմա ափսոսում եմ, որովհետև եթե ես այն ժամանակ ակտիվ լինեի ու քայլեր ձեռնարկեի, հաստատ ինչ-որ բան կստացվեր:
Ընտանիքը
Մայրս ավելի «նահապետական» է, քան հայրս: Երբ ասացի, որ ուզում եմ երգչուհի դառնալ, մայրս այդ փաստը շատ ցավագին ընդունեց ու ասաց, որ դա շատ դժվար աշխարհ է: Հայրս ասաց, որ եթե ես ինձ իրոք պատկերացնում եմ բեմում, ուրեմն արժե փորձել: Երևի ինձ լավ ճանաչելով` գիտեր, որ ինձ կարելի է բեմ թողնել: Հորս կողմից իմ հանդեպ միշտ էլ վստահություն է եղել: Սակայն մի երկու տարի հետո, երբ մայրս ինձ հետ եկավ ձայնագրություններին, շփվեց այս ոլորտի մարդկանց հետ, արդեն նա էլ դեմ չէր: Հետո արդեն նա հպարտությամբ էր գալիս համերգներիս: Մայրս հիմա էլ անհամբեր սպասում է, թե երբ ինձ պետք է հեռուստատեսությամբ ցույց տան, որ նայի: Նա միշտ նայելիս արտասվում է, ու երբ հարցնում եմ ՝ ինչու, ասում է, որ հիշում է ամբողջ անցած ճանապարհս, քանի որ ես շատ դժվար եմ հասել ամեն ինչին ու ինձ ոչ ոք չի օգնել:
Դժվարությունները
Եղել են դեպքեր, երբ կոշիկ գնելու կամ նույնիսկ երթուղայինի համար գումար չեմ ունեցել: Սակայն հասկանում եմ, որ դա պետք է լիներ, որ գնահատեինք մեր ձեռքբերումները: Այնքան լավ է, որ այդ դժվար պահերը եղել են. կարևորը՝ չենք կոտրվել: Եղել են պահեր, որ ցանկացել եմ թողնել այս ոլորտը, որովհետև այն շատ անարդար է, շատ հարվածներ է տալիս, բայց բեմի համար արժեր զոհողությունների գնալ: Դժվար պահերին ինձ միշտ օգնել է փոքր քույրս: Նա ամեն անգամ հայտնվում է այն պահին, երբ ես պետք է ընկնեմ կամ ճամփից շեղվեմ: Նա թե՛ իր խոսքով, թե՛ իր վերաբերմունքով, երբեմն էլ իր կռվով ինձ ստիպում է հավասարակշռվել ու գնալ առաջ: Այդ պահերին ինձ օգնել են նաև իմ լավատեսությունն ու խնդիրներին մակերեսային նայելը: Ի վերջո՝ մեզնից յուրաքանչյուրի կյանքն էլ, ասես, ֆիլմ լինի, ու ինչ էլ լինի, վերջում միշտ լավ է լինում:
Անահիտ Հակոբյան, Լիանա Անդրեյան