ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ընդունել է Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկու գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, առանձնահատկությունները և վերջին տարիներին արձանագրած ձեռքբերումները:

Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին իր հերթին խոսել է իրենց երկրի դատական համակարգի մասին, ընդգծել երկու երկրների դատական համակարգերի տարբերություններն ու նմանությունները: Մասնավորապես, Պավել Ռիխետսկին նշել է, որ ի տարբերություն Հայաստանի, Չեխիայում գործում է երկու գերագույն դատարան, և դատավորների քանակն անհամեմատ ավելի շատ է. 10 մլն բնակչություն ունեցող երկրում գործերը քննվում են 3500 դատավորի կողմից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դատական ոլորտին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին Արման Մկրտումյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահին բովանդակալից զրույցի համար և հույս հայտնել, որ երկու երկրների բարձրագույն դատական ատյանների համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:




Լրահոս