ԱՄԵՆԱՍՏՎԵՐԱՅԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից «սթափված» վարչապետ Տիգրան Սարգսյանը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի վիրահատական միջոցների կիրառմանը, իհարկե՝ առայժմ լոկ հայտարարությունների մակարդակով, նրա շատ սիրելի Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակել է մի զեկույց, որի տվյալներին ծանոթանալով` հասկանում ես, որ այս երկիրը կփրկի ոչ թե իշխանությունների իրականացրած վիրահատական միջամտությունը, այլ այդ իշխանության վիրահատական հեռացումը: Այսպես. ըստ ԱՄՀ «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա. տարածաշրջանային հեռանկարներ» զեկույցի՝ Հայաստանը տնտեսության ստվերայնության ցուցանիշներով զբաղեցնում է ամենավատթար դիրքերը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների թվում: Ըստ այդմ, Հայաստանում ստվերը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի 35 տոկոսը: Մինչդեռ անգամ կոռուպցիայի օրրան համարվող Ադրբեջանում այն ընդամենը ՀՆԱ 32 տոկոսն է կազմում: Ասել է թե` եվրոպական արժեքներին խիստ հետամուտ մեր իշխանություններն այս տարիների ընթացքում չեն կարողանում  ստվերի կրճատման հարցում գոնե հասնել իրենց  կողմից  սուլթանատ,  խանություն եւ նման այլ որակումների արժանացող Ադրբեջանի իշխանությունների արձանագրած արդյունքներին: Սակայն Ադրբեջանը միակ խանությունը չէ, որին զիջում է Հայաստանը: Մեր ցուցանիշները շատ ավելի վատն են, քան Ղրղըզստանում,  Ուզբեկստանում, Տաջիկստանում եւ Ղազախստանում: Սա, ինչպես ասում են, վերջն է: Բա ո՞ւր մնացին  եվրոպական փողերով իրականացված հակակոռուպցիոն  ռազմավարությունները, երկրորդ, երրորդ եւ հայտնի չէ` էլ որ սերնդի բարեփոխումները, որոնց մասին այնքան շատ էին սիրում խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարության երիտասարդ անդամները: Ի դեպ, բարեփոխումների մասին. ներկայում կուտակային կենսաթոշակային համակարգի անցմանը ձեռնամուխ եղած իշխանավորներին թերեւս կհետաքրքրի նույն ԱՄՀ արձանագրած եւս մեկ տվյալ, ըստ որի՝ Հայաստանում աշխատուժի ավելի քան 58 տոկոսը կենսաթոշակային ծածկույթից դուրս է: Ասել է թե` երկրի աշխատուժի կեսից ավելին, փաստորեն, սոցվճարներ չի մուծում: Սա արդեն ուղղակի կատաստրոֆիկ թիվ է: Բնականաբար, մեր իշխանությունները կփորձեն ներկայացված թվերին հակադարձել` վկայակոչելով հայրենի ազգային վիճակագրական ծառայության տվյալներն առ այն, որ ստվերը մեզանում ավելին չէ, քան ՀՆԱ 25 տոկոսը: Սակայն այս դեպքում փոքր-ինչ դժվար կլինի վիճարկել նշված զեկույցի հավաստիությունը, քանի որ այն, ինչպես ասվեց, հրապարակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, որի ներկայացրած դրական գնահատականներն այնքան են սիրում իրենց քննադատողների «աչքը մտցնել» հայրենի կառավարությունում:




Լրահոս