ԽՆԱՄԻՆԵՐՈՎ ՎԱԽԵՑԱՆ ԳԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. ՀՀ պետական բյուջեի քննարկումներն ԱԺ նստաշրջանում ընթանում են վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությամբ: Միայն նախօրեին՝ ԱԺ վերջին նիստում, երբ սկսվեցին բյուջեի քննարկումները, նա ընդամենը չորս նախարարի հետ մի քանի րոպե նստեց ԱԺ դահլիճում, այնուհետեւ հեռացավ: Ավելին, երեկ էլ Տիգրան Սարգսյանը նույնիսկ ներածական խոսքով հանդես չեկավ, ոչ էլ բարեհաճեց ֆիզիկապես ներկա գտնվել ԱԺ դահլիճում:
Սա կարելի է համարել աննախադեպ երեւույթ. ԱԺ պատգամավորները չէին հիշում մի դեպք, երբ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներին վարչապետը ներածական խոսքով հանդես չգա, ոչ էլ ներկա գտնվի ԱԺ դահլիճում: Դատելով խորհրդարանում տիրող մթնոլորտից՝ Սարգսյանին պետական բյուջեի նախագիծը ոչ թե չի հետաքրքրում, այլ նա վախենում է ընդդիմության հետ դեմ առ դեմ հանդիպելուց, նրանց հարցերին պատասխանելուց: Ընդ որում, առաջին դեպքը չէ, երբ Տ. Սարգսյանը փախչում է ընդդիմությունից: Նախորդ տարվա բյուջեի կատարողականի ժամանակ էլ Տ. Սարգսյանն իր կարճ ելույթից հետո աննկատ փախավ ԱԺ դահլիճից: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետին ԱԺ դահլիճ բերման ենթարկելու եւ բյուջեի կատարողականի վերաբերյալ նրան հարցեր տալու համար պայմաններ ապահովելու պահանջին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հաջորդ անգամ լուծել այդ խնդիրը: Բայց, փաստորեն, այս անգամ վարչապետն ի սկզբանե չեկավ ԱԺ:
Ի դեպ, նիստերին չէր եկել նաեւ Տ. Սարգսյանի խնամին՝ ԿԲ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ինչը եւս կարելի է աննախադեպ համարել: Երեկ կառավարության կայքից պարզ դարձավ, որ Տ. Սարգսյանն առանձնապես ծանր գրաֆիկով չի աշխատել. նա ո՛չ որեւէ տեղ է մեկնել, ո՛չ էլ հանդիպումներով ու խորհրդակցություններով ծանրաբեռնված եղել: Միակ անելիքը տրանսպորտի ոլորտի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների մասին խորհրդակցությունը վարելն է եղել, դա էլ կարճ է տեւել:
Իսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց. «Կարո՞ղ է վարչապետը հրաժարական է տվել, եւ Հայաստանում մեկնարկած ցնծությունը չմթագնելու համար չեք հրապարակում, կամ հիվանդ է»: Պարզվեց՝ Տ. Սարգսյանը հիվանդ չէ ու շարունակում է առողջ պաշտոնավարել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ՝ ներածական մասով ներկայացնելու առիթը եղել է, եւ մտածում եմ հետեւյալը՝ եթե քննարկումները գնան ցիվիլ պայմաններում, վերջում վարչապետը հանդես կգա»: Հարցին՝ միգուցե վախենում է ընդդիմության հետ առերեսվելուց, Սահակյանն ասաց. «Ընդդիմությունը միայն ու միայն հարգանք է առաջացնում»:
Մինչդեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակառակն էր պնդում. «Նա վախենում է խայտառակվելուց»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս