Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի:
Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն նույն Տրդատի կողմից Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը:
Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր, իսկ հետագայում կառուցվում են Աստծո փառքին արժանի հոյակերտ սրբավայրեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան եւ Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: