Քաղաքական գործընթացները նոր զարգացումներ են ստանում: Երեկ անձամբ Ռոբերտ Քոչարյանը, առանց անուններ տալու, պատասխանել է ՀՀԿ-ականների իրեն ուղղված ակնարկներին՝ միաժամանակ հասկացնելով, որ ԲՀԿ-ի նախաձեռնության թիկունքում ինքը չէ կանգնած, որ ԲՀԿ-ն այդքան էլ վատը չէ:
2rd.am-ին հետ զրույցում Քոչարյանն անդրադարձել է խորհրդարանական կառավարման համակարգի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ԲՀԿ նախաձեռնությանը, ու ՀՀԿ-ականների, մասնավորապես ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջարկի հետեւում «անհնար է չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն»: Քոչարյանը երեկ փորձել է իրեն տարանջատել ԲՀԿ-ից ու հայտարարել, որ ինքը որեւէ առնչություն չունի ԲՀԿ այս նախաձեռնության հետ: «Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի՝ լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը»,-ասել է նա: ԱԺ հայտարարությունների ժամին Շարմազանովը հակադարձեց. «Կարծում եմ` այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որն ասել է. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Եւ քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, ՀՀԿ-ն ոչ թե ձեւի հետեւից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության»:
Քոչարյանի ուշագրավ հայտարարությունները, սակայն, միայն այսքանով չեն սահմանափակվում: Խոսելով համամասնական ընտրակարգի անցնելու՝ ԲՀԿ առաջարկի մասին, նա մեկ ուշագրավ խոստովանություն է արել. որեւէ իշխանության ձեռնտու չէ անցումը համամասնական ընտրակարգի, քանի որ իշխանությունն այդպես ցանկանում է «ֆորա» ունենալ ու ապահովել իր վերարտադրությունը: Ավելին, նա խոստովանել է, որ իր իշխանության տարիներին եւս մեծամասնական ընտրակարգի պահպանումը նպատակ է ունեցել ապահովել իշխանությունների վերարտադրությունը: Միայն թե այսքանից հետո անհասկանալի է այն փաստը, որ նույն Քոչարյանը քննադատում է մեծամասնական ընտրակարգի գոյությունը: Հասկանալի է՝ այսօր, երբ ինքը դուրս է քաղաքական դաշտից, քննադատում է այն երեւույթը, որ ժամանակին ինքը պաշտպանել է ատամներով: Ճիշտ է, այդ հարցազրույցում նա ասել է, թե իր իշխանության ժամանակ փորձել է մեծամասնական ընտրակարգի թիվը նվազեցնելով հասնել Հայաստանում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, բայց չի ստացվել: «Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»,-նշել է նա՝ անուղղակի կերպով խոստովանելով, որ ժամանակին լինելով իշխանության գլուխ՝ ինքը, այնուամենայնիվ, իշխանության մեջ փոքրամասնություն է եղել: «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երեւույթը չափազանց վնասակար է, եւ որքան շուտ դրանից հրաժարվենք, այնքան լավ»,-հայտարարել է նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայնը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ժամանակին իրենք իջեցրին մեծամասնական ընտրակարգի թիվը՝ երկրում հաստատելով կիսանախագահական համակարգ: Ինչ վերաբերում է Քոչարյանի քննադատությանը, ապա, Սահակյանի խոսքով, դա կարծիք է, որ ՀՀԿ-ն ընդունել է ի գիտություն. «Բոլորս էլ անսխալական չենք, դա որպես կարծիք պետք է ընդունել ի գիտություն: Միգուցե քաղաքական տեսակետից ինչ-որ պահի հնարավոր է եղել փոփոխել, բայց այսօր դա քննարկելն անիմաստ եմ համարում»:
Փորձեցինք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից ճշտել՝ արդյոք համաձայն են Քոչարյանի տեսակետի հետ, որ մեծամասնականը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին: Երեւանի թիվ 5 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանն ասաց, որ մասամբ է համաձայն Քոչարյանի տեսակետի հետ. «Կարող եմ ասել՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ: Դա կախված է մարդու բարոյական կերպարից… Կարելի նաեւ փնտրել ու գտնել մեծամասնականով ընտրված պատգամավորի, որը չի կարող բավարար կատարել իր առաքելությունը: Դա բոլոր ոլորտներում է, երբ մի պաշտոնյան աշխատում է լավ, մյուսը չարաշահում»:
Թալինի թիվ 15 ընտրատարածքի պատգամավոր Մնացական Մնացականյանն ասաց, թե մեծամասնական ընտրակարգի գոյությունն իրեն արդարացնում է, քանի որ այդ պատգամավորներն ակտիվ կապի մեջ են տեղի ընտրողների հետ. «Ի՞նչ է նշանակում ֆեոդալականացում: Ընտրության իրավունքը մարդկանցն է, եթե մարդիկ նպատակահարմար են գտնում, որ մի մարդը մի քանի անգամ ընտրվի, ուրեմն թեկնածուն արդարացրել է մարդկանց հույսերը»:
Թիվ 24 ընտրատարածքի պատգամավոր Հակոբ Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել Քոչարյանի խոսքերը. «Հիմա համակարգն այդպիսին է՝ մեծամասնական-համամասնական»:
Հ.Գ. Ո՞վ կպատկերացներ, որ Քոչարյանին հակառակվողներ կլինեն ԱԺ-ում:
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԵՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԴՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ