ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԿՍՎԵՑ
2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ՀՅԴ-ն քննարկումներ կկազմակերպի քաղաքական տարբեր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ մասին երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. «Մենք առաջիկայում հանդիպումներ կկազմակերպենք քաղաքական ուժերի եւ հանրության այլ շերտերի` մասնագիտական խմբերի, քաղաքացիական հասարակության, այդ թվում` լրատվամիջոցների հետ: Առաջիկա մեկ-երկու շաբաթվա հանդիպումների, քննարկումների ընթացքում կձեւավորվի հիմնական օրակարգը, եւ հնարավոր կլինի խոսել հետագա քայլերի մասին: Մենք այդ քննարկումները չենք անում ԲՀԿ-ի օրակարգով, անում ենք մեր օրակարգով»:

ԾԵԾԵ՞Լ Է
«Նոյեմբերի 7-ին «Փյունիկ»-ը պարտություն է կրել «Գանձասար»-ց, ինչը հերթական անգամ բարկացրել է Ռուբեն Հայրապետյանին. պաշտոնանկ են արվել ակումբի գլխավոր մարզիչը, բժիշկը, դարպասապահների մարզիչը: Ըստ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության, բժիշկ Վարդան Հովասափյանը հեռացվել է խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետեւ մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչքի օգտագործում եւ խնջույքային տրամադրության առկայություն): Ըստ «Լուրեր.com»-ի՝ աշխատանքից հեռացնելուց ու կարգապահական տույժերից զատ, ՀՖՖ նախագահը նաեւ անձամբ է «պատժել» Հովասափյանին: Վերջինս դաժան ծեծի է ենթարկվել Հայրապետյանի կողմից եւ ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրսեկել ֆեդերացիայից: Ընկերներից մեկի այն հարցին, թե ով է արել, Հովասափյանը պատասխանել է. «Ռուբեն Հայրապետյանը», որից հետո շտապ նստել է տաքսի ու հեռացել:
Այս պահի դրությամբ Հովասափյանի գտնվելու վայրն անհայտ է, հեռախոսահամարները՝ անհասանելի: Նույնիսկ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի կամ որպիսության մասին:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ հայտարարությունների ժամին սկանդալային փաստ է բացահայտել. 2003թ. առ այսօր ՀՀ ԱԺ օրակարգում է Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Ասել է թե՝ մոտ 10 տարի է՝ այդ կոնվենցիայի քննարկումն ԱԺ-ում հետաձգվում է ու չի վավերացվում: «Իշխանությունները կաշկանդված են վերջինիս վավերացմամբ, քանի որ  2004թ. ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում հարյուրավոր խաղաղ ՀՀ քաղաքացիներ են ջարդել ու փշրել, 2008թ. մարտի 1-2-ին առնվազն 10 ՀՀ քաղաքացի են սպանել, հարյուրավորներին պատճառել ծանր, այդ թվում հրազենային վնասվածքներ, խեղել ու հաշմանդամ դարձրել: Եւ մինչ օրս ոչ ոք դրանց համար պատասխանատվության չի կանչվել ու չի դատապարտվել: Հետեւաբար, գործող օրենսդրության համաձայն, թե՛ սպանվածների իրավահաջորդները, թե՛ մարմնական վնասվածքներ ստացածները վնասի ոչ մի փոխհատուցում չեն ստացել»,-նշել է Ջհանգիրյանը:
Ի դեպ, մինչ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրություն ուներ ու ակտիվորեն կատակում էր իր տեղակալների հետ: Իսկ երբ Ջհանգիրյանը ներկայացրեց բացահայտումը, նա միանգամից լրջացավ, սկսեց շփոթված, բայց աննկատ կերպով թերթել ԱԺ քառօրյայի օրակարգը:

ԵՎ ԴՈ՞Ւ, ՕԵԿ
«Օրինաց երկրի» ներկայացուցիչները նոյեմբերի 15-ին հանդիպելու են «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հանդիպումը կլինի ՕԵԿ-ի շենքում հինգշաբթի՝ ժամը 5-ին:




Լրահոս