«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախօրեին հայտարարել էր, թե նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում կարելի է բարձրացնել ոչ թե 2500 դրամով, այլ ավելի շատ՝ մատնանշելով դրա ձեւը՝ կրճատել նախագահի աշխատակազմի թվաքանակն ու ծախսերը: Ի պատասխան՝ ՀՀԿ-ականները երեկ մասնավոր զրույցներում խորհուրդ էին տալիս Փոստանջյանին, որ ինքն էլ հրաժարվի ԱԺ միջոցների հաշվին բազմաթիվ արտասահմանյան ուղեւորություններից: Սակայն երեկ ԱԺ նախագահը կարգադրեց Փոստանջյանին ԵԺԿ խմբի աշխատանքային ընթրիքին մասնակցելու համար Փարիզ գործուղել՝ ԱԺ բյուջեից միջոցներ հատկացնելով: «Ժողովուրդ»-ը հարցրեց Փոստանջյանին՝ ճիշտ չէր լինի, եթե նա բյուջեն խնայելու համար կրճատեր իր գործուղումները: «Թող ԱԺ-ն կրճատի իմ գործուղումները: Թող կրճատեն, նպատակային ծախսերին ուղղեն, իհարկե համաձայն եմ: Եթե որեւէ տեղ գործուղման եմ գնացել, ապա գնացել եմ, որովհետեւ որեւէ մարդ չի եղել գնացող»,-ասաց նա: Մնում է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը, խախտելով տիկին Փոստանջյանի անձեռնմխելիությունը, նրան բռնի ուժով նստեցնում է ինքնաթիռ եւ ուղարկում գործուղման:
ՍՏԻՊՈՒՄ ԵՆՍՏԻՊՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ