Երգիչ Գուրգեն Դաբաղյանն իր համար գտել է այն ոսկե միջինը, որի շնորհիվ կարողանում է ներկայացնել ժողովրդական երգ՝ հավատարիմ մնալով արմատներին, միեւնույն ժամանակ հետ չմնալով ժամանակից՝ գումար վաստակել: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին, նաեւ տեղեկացրել է, որ Քարդաշյանների հետ կապը պահպանվում է գործնական ֆոնի վրա:
-Գուրգե՛ն, ի՞նչ նորություններ եք պատրաստում Ձեր հանդիսատեսի համար, այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա աշխատում եմ մի քանի երգերի ձայնագրությունների վրա, դրանցից առաջինն արդեն տեղադրել եմ ,Յութուբե-ում, այն կոչվում է ,Ջան Ղարաբաղե, մյուս երգերը եւս շուտով պատրաստ կլինեն: Ծրագրում եմ մի քանի օրից համերգներով հանդես գալ Վրաստանում: Բացի այդ` աշնանը, հավանաբար, էլի կունենամ համերգներ արտերկրում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում:
-Ձեզ համար դժվար չէ՞ հայ երգարվեստի արդի պայմաններում ե՛ւ հավատարիմ մնալով արմատներին` ներկայացնել ժողովրդական երգ, ե՛ւ հետ չմնալով ժամանակից` կարողանալ գումար վաստակել. գտե՞լ եք այդ ոսկե միջինը:
-Այո՛, ես շարունակում եմ երգել ժողովրդական երգեր եւ դրանք մատուցում եմ նորովի: Ինչո՞ւ ոչ. ինձ հաջողվել է գտնել այն միջինը, որի շնորհիվ հնարավոր է լինում համերգներ տալ, երգել միջոցառումների ժամանակ եւ գումար աշխատել:
-Կան կարծիքներ, ըստ որոնց` որքան Դուք մեծացաք, այնքան Ձեր երգացանկում սկսեց գերակշռել ռաբիսը. ի՞նչ կասեք:
-Նման բան չկա. ես հաճախ ժողովրդական երգերը ներկայացնում եմ նոր գործիքավորմամբ, այնպես, որ դրանք ուրախ հնչեն, հասանելի լինեն լայն զանգվածին. դա ամենեւին կապ չունի ռաբիսի հետ: Նման կարծիք հայտնողները կա՛մ երաժշտությունից բան չեն հասկանում, կա՛մ պարզապես նախանձում են, ինչ-որ բան ունեն իմ դեմ: Եթե ես, օրինակ, երգում եմ գուսան Բագրատի երգերը` գործիքավորումը փոխելով, դա հո չի նշանակում, թե ռաբիս եմ երգում: Առհասարակ, ես շատ եմ հանդես գալիս մենահամերգներով եւ պետք է այնպես անեմ, որ ունենամ բազմազան, բազմաբովանդակ երգեր:
-Դուք Ձեր առջեւ ժողովրդական երգը երիտասարդներին տեղ հասցնելու խնդիր դրե՞լ եք:
-Այո՛, չգիտեմ` որքանով է ստացվում, բայց փորձում եմ իմ ներդրումներով, սեփական ուժերով իրականացնել դա. կան շատ լավ արձագանքներ, որոնցից ամեն մեկը շատ է ուրախացնում ինձ:
-Այն բանից հետո, երբ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի շրջանակում հնարավորություն ստացաք Քարդաշյաններին մոտիկից ծանոթացնել հայկական երաժշտությանը, որքանով տեղյակ ենք, Ձեր միջեւ կապը պահպանվում է. այդ մասին կպատմե՞ք:
-Ես չեմ կարող շատ փակագծեր բացել, միայն կասեմ, որ մեր հանդիպման տեսանյութը «Յութուբ»-ում տեղադրելուց հետո ինձ հետ կապ հաստատեց Քարդաշյանի պրոդյուսերը եւ խնդրեց, որ այն ժամանակավորապես արգելափակեմ, քանի որ այդ հանդիպման կադրերը պետք է ներառվեն ռեալիթի շոուի տեսանյութում: Իսկ մեր միջեւ կապը, այո՛, պահպանվում է գործնական ֆոնի վրա. այսքանը:
-Գիտենք, որ դեռ մանկուց երկրպագուների հավատարիմ բանակ ունեք: Հատկապես աղջիկները Ձեզ շատ են սիրում. նրանց հետ կապված հիշարժան դեպքեր եղե՞լ են:
-Այո՛, իսկապես, ունեմ հավատարիմ երկրպագուների մեծ բանակ, նրանք մշտապես իմ կողքին են, սատարում են ինձ դժվար պահերին, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ պատրաստ եմ նրանց համար աշխատել, աշխատել եւ աշխատել: Իսկ երկրպագուների հետ կապված հետաքրքիր դեպքեր շատ են եղել: Օրինակ` հիշում եմ, որ ամերիկյան համերգներից մեկի ժամանակ գլխիս թագ դրեցին, մի անգամ էլ Թեհրանում մի աղջիկ անակնկալի բերեց բոլորիս. նա հանկարծակի բարձրացավ բեմ, մատիս մատանի դրեց, եւ համարյա ամուսնության առաջարկ արեց (ծիծաղում է):
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որ Դուք նրա մատին մատանի դնեք:
-Դեռ սիրտս զբաղված չէ, բայց հենց այդ աղջիկը կողքիս լինի, բոլորն էլ կտեսնեն, թե ինչպիսին է նա եւ ինչպես է գերել իմ սիրտը: Միայն կարող եմ ասել, որ իմ կոքին տեղ չունի պատահականորեն ինչ-որ բաներ ձեռք բերած մեկը, ով զրոյական մակարդակից ոչ սեփական ուժերով հասել է բարձունքների: Մնացածն, արդեն, կապրենք, կտեսնենք:
Աննա Բաբաջանյան