«Ժողովուրդ»-ն օրեր շարունակ ահազանգեր է ստանում Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների բնակիչներից, որոնք տեղեկացնում են, թե իրենց վրա ինչպիսի ճնշումներ են գործադրվում՝ դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրությունների հետ կապված: Մեր զրուցակիցները փոխանցեցին, որ Նոր Նորքի ղեկավար Արմեն Ուլիխանյանը եւ Ավանի ղեկավար Մանվել Ջավադյանը բնակիչներին «հրահանգում» են իրենց ձայնն անպայման տալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն Ավանում եւ Նոր Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածներում, որտեղ իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ՀԱԿ-ին մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին ակտիվ աշխատանքներ են տարվում Ռոբերտ Սարգսյանի թիմակիցների կողմից: Վերջիններս ամեն կերպ փորձում են իրենց «ուժերի ներածին» չափով բնակիչներին ստիպել, որ իրենց ձայնը տան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդուն:
Նախ մի քանի բառով ներկայացնենք, թե ով է ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որ հավակնում է ապագա օրենսդիրի կարգավիճակին: Նա կարծես թե ինքն էլ տեղյակ չէ՝ ինչի համար է իր թեկնածությունն առաջադրել, երեւի վերջինիս քրոջ ամուսինը «հուշել» է, որ խորհրդարանում «հայտնվելու» համար ընդամենը անհրաժեշտ է թեկնածությունն առաջադրել ու «ձեռքերը լվանալ». մնացածն արդեն ինքն իր «կանալներով» կանի: Սարգսյանն արդեն մի քանի ամիս է` «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին չի պատասխանում, չի երեւացել նաեւ իր 35 շտաբներից գոնե մեկում եւ որեւէ «տեսանելի» քարոզարշավ չի անցկացրել: Ականատեսների վկայությամբ` Սարգսյանն ընդամենը մի անգամ ինչ-որ բակային հանդիպում է ունեցել ու արտառոց ելույթ ունեցել: «Ավարտել եմ Ավանի թիվ 171 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ բուհը»,-նշել է թեկնածուն, բայց թե որ բուհը, բոլորի համար անհասկանալի է մնացել:
Սարգսյանի քարոզչական «բուկլետից» տեղեկացանք, որ այդ բուհը Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտն է: Երեւի նա չի էլ հիշում, թե այն ինչ է իրենից ներկայացնում, այդ իսկ պատճառով կարճ ու կոնկրետ է անդրադարձել իր կրթությանը:
Ինչեւիցե, մեր զրուցակիցները նշեցին, որ հատկապես ակտիվ է Նոր Նորք վարչական շրջանի՝ Նելսոն Ստեփանյան հասցեի շենքի հարակից տարածքում տեղակայված Ռոբերտ Սարգսյանի շտաբի ղեկավարությունը, որն անգամ բացահայտ ստորագրահավաք է իրականացնում մարդկանց խաբելու միջոցով: Տեղեկացանք նաեւ, որ այդ ստորագրահավաքների «համահեղինակը» նշված տարածքի շտաբի պետ Կարո Բոյաջյանն է: Մեզ զանգահարած քաղաքացիները նշեցին, որ Կարոն ոչ մեկին չի բացատրում, թե ինչի համար է իրականացնում այդ ստորագրահավաքները, քանի որ նա «թաղային հեղինակություն» է համարվում, որի ասածը բնակիչները պարտադիր անում են:
Հավելենք, որ ըստ մեր զրուցակիցների՝ այդ տարածքում իր ակտիվությամբ աչքի է ընկնում նաեւ «Գրանդ» համատիրության ղեկավար Սուսաննա Հովսեփյանը, որն ամեն կերպ փորձում է ձեռքից բաց չթողնել իր պաշտոնն ու ՀՀԿ-ի թեկնածուի համար ձայներ ապահովել, քանի որ հնարավոր է՝ ընտրություններից հետո այդ պաշտոնը վստահեն Կարո Բոյաջյանին: «Ժողովուրդ»-ը եղավ Նելսոն Ստեփանյան հասցեում՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: Զրուցեցինք Կարո Բոյաջյանի հետ, որը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը Ռ. Սարգսյանի շտաբի պետն է. «Սխալ տեղեկություններ են տվել Ձեզ, ես ՀՀԿ ակտիվիստ եմ, ստորագրահավաքներ էլ չեմ իրականացնում, ուղղակի կարելի է ծիծաղելի համարել դրանք, ասենք՝ դրա իմաստն էլ չկա, որ ես նման բան անեմ: Իսկ որ ասել են, թե ես թաղային հեղինակություն եմ, կարող եք բնակիչներից հարցնել, թե իրականում ով եմ ես»:
Շրջեցինք Նոր Նորք վարչական շրջանում, զրուցեցինք բնակիչների հետ, վերջիններս պնդում էին, որ Կարո Բոյաջյանը շատ նորմալ երիտասարդ է, իսկ նման տեղեկություններն ուղղակի տարածում են համատիրությունից: Փորձեցինք զրուցել նաեւ Սուսաննա Հովսեփյանի հետ, սակայն համատիրությունը փակ էր, բնակիչների հավաստմամբ էլ` Սուսաննային շատ դժվար է տեսնել համատիրությունում: Զրուցեցինք նաեւ Ավանի ղեկավար Մանվել Ջավադյանի եւ Նոր Նորքի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ: Սակայն վերջիններս հերքեցին տեղեկությունները, թե իրենք զբաղված են Ռոբերտ Սարգսյանի քարոզչությամբ:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆԵՐՈՐԴԻՆ «ԱՆՀԵՏԱՑԵԼ» Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ