Եթե ապօրինի ծառահատումների դեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած կատաղի պայքարը նմանվի 1993-1994-ին նրա ծավալած պայքարին՝ Սեւանա լճից ապօրինի ձկնորսությունն արգելելու գործընթացին, ապա միանշանակ կարելի է ասել, որ մեր անտառները չեն «քաչալանա»: Բայց արդյո՞ք այդպես է:
Հիշեցնենք, որ Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ հարյուր մեքենա: Ստուգումներ են իրականացվել 18 փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ եւ այլն: Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մի շարք ստորաբաժանումների համագործակցությամբ մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից միայն մեկն է ձերբակալված:
Իհարկե, ոստիկանությունը պնդում է, որ իր թիրախը ո՛չ փայտ տեղափոխող վարորդն է, ո՛չ էլ փայտահատ գյուղացին, որոնց անվճար 8 խորանարդ մետր վառելափայտ է հատկացվում, այլ «մեծ ձկները»: Սակայն առայժմ չեն շտապում «ուռկանն ընկածների» մասին բարձրաձայնել կամ էլ դեռ չեն որսացել: Միայն հայտնի է, որ աշխատանքից ազատվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալը, Դիլիջանի եւ Իջեւանի բաժնի աշխատակիցներ:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել՝ ովքեր են ձերբակալվել կամ հարցաքննվել անտառներից արված գողության գործի շրջանակներում: Սակայն նրանք առայժմ հրաժարվեցին կոնկրետ անուններ տալ՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը: Անշուշտ, հասկանալի է, որ այդպես էլ պետք է պատասխանեին, քանի որ Հայաստանի անտառների հաշվին հարստացածները պատահական մարդիկ չեն. նրանք առնվազն մարզային մակարդակով բարձրաստիճան չինովնիկ են, որոնք տարբեր թելերով կապված են իշխանության ամենաբարձր օղակների հետ: Հետեւաբար, նրանց պատժելն այնքան էլ դյուրին գործ չէ:
Եւ որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հրապարակային ելույթը գործի վերածի, ոչ միայն ոստիկանական մեթոդներով պետք է կանգնեցնի փայտահատ գողերի ու «ցեխավիկների» գործունեությունը, այլեւ հին ու փորձված տարբերակով: Նախկին Սեւանի ավազանի, այսօր Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր բնակիչ հիշում է, որ Սեւանից ձկնագողությունը գրեթե վերացավ մեր երկրի համար ամենադաժան ու ամենասոված օրերին՝ 1993-1994-ին, երբ Սեւանի տարածքային ՆԳ վարչության պետն էր Վովա Գասպարյանը: Ու դա միայն վախի արդյունք չէր: Պարզապես Վլադիմիր Գասպարյանն իր բոլոր հանդիպումների ժամանակ հրապարակային հայհոյում էր այն մարդուն, որը, բացի իր ընտանիքի անդամներին կերակրելուց, այլ նպատակով (նկատի ուներ վաճառքը) ձուկ կորսա Սեւանա լճից: Ու շատ մարդիկ, հիշելով այդ խոսքերը, ամաչում էին անգամ լճին մոտենալ: Արդյունքում՝ Սեւանա լճում ձկնապաշարն իսպառ չվերացավ: Այլ հարց է, որ հետագայում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «կերավ» ձկները:
Հիմա հերթը անտառտնտեսություններինն է. հո բոլորին չի՞ լցնելու բերդերը:
ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ