ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ տաքսիստների գործունեության կարգը հեշտացվել է, պարզապես այս փուլում հնչեցված տարաբնույթ կարծիքների արդյունքում թյուր տպավորություն է ձեւավորվել:
-Պարո՛ն Առաքելյան, արդեն մի քանի ամիս է, ինչ Ձեր գերատեսչությանը չի հաջողվում լուծել տաքսիստների հետ կապված խնդիրը, վերջիններս բազմաթիվ բողոքներ են ներկայացրել կապի եւ տրանսպորտի նախարարություն: Ի՞նչը չի բավարարում տաքսիստներին, ինչո՞ւ Ձեզ չի հաջողվում նրանց բարձրացրած հարցերին լուծումներ գտնել:
-Ուրեմն կար նախկինում գործող օրենք, որով սահմանված էին որոշակի վճարներ եւ որոշակի վարչարարություն, որպեսզի անձը իրավունք ստանար տաքսի ծառայություն մատուցելու: Բարեփոխման արդյունքում օրենքը փոփոխվեց, շուրջ 20 տոկոսով նվազեցին այն պարտադիր վճարները, որոնք պետք է մուծվեին մեկ մեքենայի հաշվարկով, նաեւ հեշտացվեց վարչարարությունը: Այս նոր օրենսդրությամբ գործում է մեկ պատուհանի սկզբունք, նաեւ սահմանված են հեռահար միջոցներ, որոնցով դուք կարող եք հանձնել ձեր փաստաթղթերը, օրինակ` էլեկտրոնային փոստով, եւ 7 օրվա ընթացքում իրավունք ստանալ: Նախկինում նման բան չկար: Բացի այդ` եթե նախկինում պետք է հաշվապահություն վարեիք, հիմա դրա անհրաժեշտությունը եւս վերացել է, ընդամենը Երեւան քաղաքում օրական հաշվարկով պետք է վճարեք 400 դրամ եւ կարող եք ձեր գործունեությունը իրականացնել: Ինչ վերաբերում է բողոքներին, ասեմ, որ զանգվածը բաժանված է մի քանի մասի, մի մասը դա օրինապաշտ վարորդներն են, որոնք պահանջում են, որպեսզի բոլորը հավասար դաշտ գան, սակայն այդ զանգվածի ձայնը ցածր է հնչում, մնացած բոլոր տիպի բողոքները շատ հաճախ կապված չեն տրանսպորտային ոլորտի հետ, որոնք մեր լիազորությունների մեջ են մտնում: Բողոքում են, օրինակ, ճանապարհային տուգանքներից, որը մեզ հետ որեւէ առնչություն չունի:
-Բայց եթե ամեն բան այդքան հեշտացել է, ինչպես Դուք եք նշում, այդ դեպքում ինչու են տաքսիստները շարունակում բողոքել:
-Մենք հրապարակային ներկայացրել ենք ռեֆորմը` մանրամասն բացատրելով, որ նախկինի համեմատ իրենց բեռը թեթեւացել է: Ով մեկ անգամ առնչվել է նախարարության լիցենզավորման պատասխանատուների հետ, վստահաբար կասի, որ լիցենզիայի հետ կապված որեւէ խնդիր բացարձակ իր մոտ չի առաջացել: Մենք բոլոր խնդիրները իսպառ վերացրել ենք, ու ես կարծում եմ, որ արդեն տաքսիստների համար իրենց գործունեությունը մատչելի է դարձել: Սա որոշակի գործընթաց էր, որը քիչ-քիչ իր եզրահանգումը ստացել է: Կան ուղղակի շահարկումներ, որոնք մշտապես էլ կարող են լինել, ու տարբեր կարծիքներ կարող են հնչել, եւ դա, կարծում եմ, նորմալ է: Ուղղակի ոսկե միջինը գտնելը դժվար է, դրա համար էլ այսօր կան նման բազմաբնույթ տեսակետներ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ