Կարգալույծ արված հոգևորականը մեկ տարի է` Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ֆրանսիայի հայոց թեմի վարդապետ Տեր Կարապետ Հարությունյանը: Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա. վարդապետը կարգալույծ է արվել իր դիմումի համաձայն: Սակայն Ֆրանսիայի հայոց թեմի վարդապետի անունը օրեր առաջ շրջանառեցին Armlur.am-ին դիմած քաղաքացիները` հայտարարելով, որ Ֆրանսիայի հայկական եկեղեցում իրենց խուլ ու համար աղջկան ցմահ հաշմանդամ են դարձրել:

11281638_913724858700227_773933911_o-600x3381-600x338

Ըստ այդ Թորոսյան ընտանիքի պատմածների` Կարապետ Հարությունյանը եւ մի քանի այլ մարդիկ 2009 թվականին Ֆրանսիայում իրենց խուլ ու համր աղջկան ցմահ հաշմանդամ են դարձրել` ծրագրավորված գործելով իրենց դեմ: Աղջկա հոր պատմելով՝ Ֆրանսիայի հիվանդանոցներում, Ֆրանսիայի հայոց թեմի վարդապետ Տեր Կարապետ Հարությունյանի մասնակցությամբ, իրենց դստերը դիտավորյալ ինչ-որ դեղեր են սրսկել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ աղջիկը այլեւս չի կարողացել շարժվել, գամվել է անկողնուն եւ դարձել ցմահ հաշմանդամ` անցնելով թոշակի: Այս ամբողջ պատմության մեջ, ծնողների խոսքով, մեծ դերակատարում է ունեցել հենց Կարապետ Հարությունյանը, ով Թորոսյաններին առաջարկել է արդեն հիվանդ աղջկան հանձնել եկեղեցուն: Բայց նման բան տեղի չի ունեցել:

Այդ հրապարակումից հետո Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայկական համայնքների անդամները բորբոքված զանգահարեցին, հերքեցին, սպառնացին Եվրադատարան դիմել եւ այլն: Եվ, ահա, այս ամենից հետո Կարապետ Հարությունյանը հրաժարական է ներկայացնում:

Այս պատմությունից զատ՝ մի փոքր հիշեցում կատարենք Ֆրանսիայի հայկական եկեղեցու հետ կատարված եւս մեկ աղմկահարույց պատմությունից: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի հայոց թեմում ամեն ինչ այնքան էլ հարթ ու խաղաղ չէ: Դեռեւս 2011 թվականից Ֆրանսիայի թեմում ճգնաժամ էր առաջացել թեմի՝ այն ժամանակվա առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հարաբերությունների պատճառով: Իսկ նույն տարվա մայիսի 20-ին Հայ Առաքելական եկեղեցու Նիցայի Ծխական խորհուրդը Ֆրանսիայի «Nouvelles d`Armenie» պարբերականում հայտարարություն տարածեց այն մասին, որ 2011 թվականի մայիսի 14-ին «Nice-Matin» թերթում երկու ամբողջական էջերի վրա ներկայացվել է Լազուրե ափում ռուսական մաֆիայի գործունեության մասին հետաքննությունը: Ըստ այդ հրապարակման` մաֆիայի հետ կապված անձանց մեջ է եղել նաեւ Նիցցայի հայկական եկեղեցու նախկին քահանա Վաչե Հայրապետյանը: Գործերը վերաբերում էին «հայկական մաֆիայի» մասնակցությամբ կեղծ թղթադրամների շրջանառությանը եւ էլիտար մարմնավաճառության ցանցին:

Ըստ Նիցցայի հայկական եկեղեցու հաղորդագրության` 2009թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովում ասոցիացիան ժողովրդավարական քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ մերժել է նոր կանոնակարգը, ըստ որի՝ Էջմիածնի կողմից Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցիների ղեկավարման կարգի փոփոխություն, ֆինանսների տնօրինում էր նախատեսում: Այդ ընթացքում հրաժարականի դիմում է ներկայացրել 20 տարի Փարիզի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի հոգաբարձու Գեղամ Թորոսյանը` անհամաձայնություն հայտնելով Էջմիածնի վարած ներկա քաղաքականության հետ: Թեեւ Մայր Աթոռը հերքեց այս տեղեկատվությունը, այնուամենայնիվ, զարգացումները դրանով չավարտվեցին:

Նիցցայի հայ համայնքի հրապարակման համաձայն` Նիցցայի հայկական եկեղեցու ծխական քահանա Վաչե Հայրապետյանը զավթել էր եկեղեցին, սպառնալիքների ուժով համայնքային ասոցիացիայի նախագահին արգելվել էր մտնել եկեղեցի, որը դարձել էր անօրենության գոտի: Այնուհետեւ այս սկանդալային դեպքից հետո տեղի ունեցան դատական գործընթացներ: Հետագայում Հայր Վաչե Հայրապետյանին տեղափոխեցին Ստրասբուրգ` այնտեղ հայ առաքելական համայնք ձեւավորելու համար, քանի որ Ստրասբուրգում առաքելական եկեղեցի չկա: Արդեն 2013 թվականին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի մասին գրություն ուղարկեց Էջմիածին: Պատճառը Կաթողիկոսի հետ լարված հարաբերություններն էին: Նրա հրաժարականից հետո տեղի ունեցան ընտրություններ: Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ ընտրվեց Վահան Սրբազանը, ով մինչեւ օրս ղեկավարում է Հայոց թեմը: Սա մի փոքր հիշեցում էր Ֆրանսիայի հայկական եկեղեցու անվան հետ կապված աղմկահարույց պատմությունից:

Վերադառնալով Թորոսյանների ընտանիքի հետ կատարվածին, ապա դրան հետեւած վարդապետի հրաժարականին եւ այդ ամենը համադրելով տարիներ առաջ Նիցցայի հայկական համայնքի տարածած հաղորդագրությանը՝ դժվար չէ հասկանալ, թե ինչպիսի պայթյունավտանգ իրավիճակ է Ֆրանսիայի հայկական թեմում:

Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի կարգալույծ լինելու պատճառների մասին մեզ մի քանի ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես` Թորոսյանների ընտանիքը մեկ տարի առաջ Կարապետ Հարությունյանի դեմ բողոք է ներկայացրել Ֆրանսիայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդին: Նմանատիպ բողոքներ եղել են նաեւ այլ մարդկանց կողմից, ինչից հետո վերջինս հրաժարվել է Հայ առաքելական եկեղեցուց եւ համալրել կաթոլիկ եկեղեցու շարքերը:

Նա առհասարակ հայկական համայնքից հեռացել է` չցանկանալով այլեւս որեւէ գործ ունենալ հայ համայնքի հետ: Այսինքն` ստացվւմ է՝ Կարապետ Հարությունյանը հայկական եկեղեցին լքել է դեռեւս մեկ տարի առաջ` Թորոսյանների ընտանիքի բողոքների պատճառով: Իսկ Մայր Աթոռը, ի դեմս Կաթողիկոսի, միայն հիմա է հաստատում, որ Կարապետ Հարությունյանն այլեւս հայ առաքելական եկեղեցու սպասավոր չէ եւ կարգալույծ է: Այս ողջ պատմության շուրջ փորձեցինք զրուցել նաեւ Կարապետ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել:

Մենք փորձեցինք նաեւ ստանալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ




Լրահոս