ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ
«Ռուսաստանի Կոստրոմա քաղաքում 5-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է իր սիրելի շանը, որը խեղդվելիս է եղել սառցակալված առվակում»,-գրում է Life News-ը: Ծնողները անհանգստացել են, երբ որդու անբաժան ընկերը՝ Տիմկա անունով շունը, մենակ է տուն վերադարձել: Շունն ամբողջովին թաց է եղել ու տխուր: Ծնողներն անմիջապես վազել են առվակի ուղղությամբ եւ հայտնաբերել իրենց որդու անշնչացած մարմինը: Հավատարիմ Տիմկան ամեն օր գալիս է առվակի մոտ, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, եւ ժամերով նայում ջրին՝ սպասելով, որ իր տերն ուր որ է դուրս կգա:
 
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԼՈԳԱՐԱՆ
Հայտնի իտալական Devon&Devon ապրանքանիշը, որն արտադրում է բարձրակարգ տեխնիկա, ստեղծել է նախագահական լոգարաններ (վաննաներ)՝ President եւ Mida, որոնք պատրաստված են ոսկուց եւ մարմարից: Mida լոգարանը դրսից պատված է 24 կարատանոց ոսկով: Լոգարանի ոսկե ծածկը պատրաստել են ֆլորենցիական դասական տեխնիկայի սկզբունքով, երբ ամեն մի դետալի վրա վարպետներն աշխատում են ժամերով: President լոգարանն առանձնանում է քանդակային էլեգանտությամբ:

ԶԱՆԳԵՐԸ՝ ԹՆԴԱՆՈԹ
«Աշխարհահռչակ Փարիզի Աստվածամոր տաճարի հայտնի զանգերից կպատրաստեն թնդանոթ»,-գրում է The Guardian-ին: Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են ազատվել զանգերից դրանց «սարսափելի» հնչեղության եւ արտաքին տեսքի պատճառով: Որոշում է կայացվել սրբերի անունները կրող զանգերը փոխարինել նորերով: Սակայն Ֆրանսիայի մշակութային ասոցիացիաների տասնյակ անդամներ դեմ են հանրահայտ զանգերը նորերով փոխարինելուն:

ՓՐԿԵԼ Է ՀԱՅԸ
Լոս Անջելեսում հայ տղամարդը փրկել է վարորդի կյանքը՝ դուրս բերելով նրան այրվող մեքենայից: «Տոյոտա» մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Լոս Անջելեսի բնակիչ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ավտոմայրուղու արգելապատնեշին: Արդյունքում մեքենան շրջվել է եւ բռնկվել: Վարորդին օգնության է հասել Խորեն Մուղալյանը, որը դանակի օգնությամբ նրան դուրս է բերել այրվող մեքենայից: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ավելի ուշ կալանավորել ոչ սթափ վիճակում կամ թմրամիջոցների ազդեցության ներքո մեքենա վարելու համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս