ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամեն ինչ կենտրոնացել է Երեւանում: Բժշկությունը նույնպես: Շրջաններում մնացածը հիվանդանոց հիշեցնող կառույցներ են՝ համեմատաբար ավելի թույլ բուժանձնակազմով: Հիվանդը շատ անգամ մարզկենտրոնների հիվանդանոցներում անբուժելի է դառնում մինչ Երեւան հասնելը: Ի՞նչ է արվում մարզային բուժհաստատությունների զարգացման ուղղությամբ:

Նելլի Առաքելյան (42 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ առողջապահության համակարգի զարգացման ծրագրի շրջանակներում հիվանդանոցային օղակներում 2009թ. դեկտեմբերից մինչեւ 2012թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հիմնանորոգվել եւ կառուցվել են Արարատի, Արմավիրի, Ապարանի, Գավառի, Գորիսի, Իջեւանի, Հրազդանի եւ Գյումրու բժշկական կենտրոնները: Դրանք հագեցվել են արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով:
Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով առաջիկայում կկառուցվի Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանային բժշկական նոր շենքը, եւ կվերանորոգվեն Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերը: Կարդիականացվեն նաեւ Լոռու մարզի Ալավերդու, Կոտայքի մարզի Աբովյանի եւ Տավուշի մարզի Բերդի բ/կ-ները, Վանաձոր քաղաքում կկառուցվի նոր, երրորդային մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալի
պաշտոնակատար Մարինե Հայրապետյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Եթե հետեւելու լինենք ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցանիշներին, ապա շատ մոտ ապագայում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կլինեն ժամանակակից բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ: Բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ շատ ծրագրեր այդպես էլ մնում են թղթի վրա կամ լավագույն դեպքում իրագործվում թերացումներով: Հուսանք՝ մարդկանց առողջությանը վերաբերող այս կարեւորագույն ոլորտը չի նմանվի մյուսներին:




Լրահոս