Այն, որ ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը բազում հարցականներ է պարունակում, շատ է խոսվել: Սակայն 6 տարի անց այս գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Հիշեցնենք, որ 2009-ի փետրվարի 3-ին` 20:30-ի սահմաններում, հենց տան մուտքի մոտ, դիմահար կրակոցներով սպանեցին Հայաստանի փոխոստիկանապետ, 34-ամյա Գ.Մհերյանին: Սպանության առնչությամբ քրեական գործ հարուցվեց` քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում: Այս տարիների ընթացքում Գ.Մհերյանի հայրը մշտապես հայտարարել է, որ ամեն ինչ անում են՝ իր որդու սպանության իրական մեղավորներին թաքցնելու համար: Եվ, ահա, սպանությունից 6 տարի անց այս գործը նոր երանգներ է ստանում:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` այս գործով անցնում են ոստիկանության նախկին աշխատակիցները, որոնք եղել են փոխոստիկանապետի սպանության գործով օպերատիվ հետախուզական խմբի պատասխանատուները: Ինչպես տեղեկացրել էինք՝ նրանցից մեկը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն է, որը Մհերյանի սպանության ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Գործն այժմ գտնվում է ԱԱԾ-ում, եւ դեռ հայտնի չէ՝ փոխոստիկանապետի սպանության գործով ստեղծված օպերատիվ խմբի մյուս անդամներն այս գործով անցնում են որպես վկա՞, թե՞ կասկածյալ: Պարզվում է, որ օպերատիվ հետախուզական բլոկի պաշտոնատար անձինք ուղղորդել են գործով անցնող մարդկանց, թե ինչ ցուցմունք տան: Իսկ թե ինչ շահագրգռվածություն են ունեցել, թերեւս ցույց կտա քննությունը: