ԲԻԲԻՆԸ ԵԿԵԼ ԷՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երեկ այցելել էր ՀՀ Ազգային ժողով: Եւ ինչպես կանխատեսվում էր՝ նա հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել ու ՀՀԿ խմբակցությունում որոշ ժամանակ մնալուց հետո հեռացել է: Այն, որ ՀԷՑ-ի տնօրենը պետք է խուսափեր լրագրողների հարցերին պատասխանելուց, լրիվ սպասելի է: Իհարկե, ինչպե՞ս կարող էր նա պարզաբանել իրենց ընկերության կողմից տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի կորուստները: Բայց «Ժողովուրդ»-ին տրամադրված փաստերը բավականին պատկերավոր նկարագրում են, թե ինչպես են գրանցվել կորուստները, որոնք գերշահույթներ են ապահովել ՀԷՑ ղեկավարությանը: Եւ այսպես, պարզվում է՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այգեգործական թաղամասի բնակիչները էլէներգիան սպառում են առանց պայմանագրի եւ «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի: Թե քանի նման դեպք կա Հայաստանի տարածքում, քանի ձեռնարկություն է իր սպառած էլէներգիայի դիմաց կանխիկով` առանց գրավոր արձանագրման վճարում, դժվար է ասել: Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահները` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «չգրանցված» գնորդների կողմից էլէներգիա սպառելու պատմության մասին իրավապահները վաղուց տեղեկացված են, սակայն նշանակություն չեն տվել խնդրին: Այսինքն՝ բոլորը գիտեն, թե ինչպես է «կորում» հոսանքը, բայց չնկատելու են տալիս:

 

 

 

Երկու օր առաջ վերաբացված «Հայաստան» կինոթատրոնի հետ կապված մի ուշագրավ հարց կա, որի պատասխանը մինչ օրս դեռ չի հնչել: Ո՞վ է այդ կինոթատրոնի սեփականատերը: Ինչպես հայտնի է՝ բացման արարողությանը Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, պարզվում է, որ նա չէ կինոթատրոնի սեփականատերը: Այդ հանգամանքը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են կինոթատրոնի բացմանը, եւ նա էլ գնացել է: Իսկ թե ով է հրավիրել եւ ով է այդ կառույցի սեփականատերը, Տոնոյանը չի ասել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կինոթատրոնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանն է, նույն ինքը` Բանգլադեշցի Համիկը: Վերջինս Հայաստանի հանրության շրջանում առավել հայտնի դարձավ 2004 թվականի ապրիլի 5-ին լրագրողների դեմ հարձակումներ կազմակերպելուց հետո: Ի դեպ, «Նեպտուն» համալիրը եւս նրան է պատկանում:

 

 

 

Գազալցակայաններում հնչած պայթյուններից հետո այս ոլորտի հետ կապված բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանում չկա մի մարմին, որը պատասխանատվություն է կրում ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնների փորձաքննության համար: Ավտոմեքենաների գազի համակարգերի շահագործման տեխնիկական անվտանգության եւ սարքին լինելու հանգամանքն ամբողջությամբ թողնված է վարորդների խղճին. տեխզննման կտրոնները, որ մեքենաների վրա փակցված են, ձեւական բնույթ ունեն: Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն, եւ մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն երկու տարին մեկ այն ստուգել: Բայց մարդիկ տարիներով շահագործում են բալոնները՝ առանց պատկերացում ունենալու, թե որքանով է այն անվտանգ: Ավելին՝ փաստն այն է, որ գազի բալոնները պայթում են լիցքավորման ժամանակ, իսկ, որպես կանոն, վարորդներն այդ ժամանակ անվտանգ հեռավորության վրա են լինում, եւ տուժում են գազալցակայանների աշխատակիցները:

 

 

 

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի (Հայկոոպի Աբո) դրամական միջոցները տարեցտարի ավելանում են նույնիսկ պաշտոնական տվյալներով: 2013 թվականին պատգամավորի դրամական միջոցները կազմել են 120 հազար եվրո, 2014-ին՝ 150 հազար: Մինչդեռ նա տարեկան ստանում է ընդամենը 4 մլն դրամ աշխատավարձ եւ որպես պատգամավոր իրավունք չունի այլ եկամուտ ապահովող գործունեություն ծավալել: Ու թերեւս դրա համար էլ, ինչպես իսկական, ավանդական հայ տղամարդ, Մանուկյանը նաեւ կնոջ անունով է «մի քանի բան գրել»: Աիդա Մանուկյանը, ըստ պաշտոնական հայտարարագրի, նախորդ տարվա դրությամբ ունեցել է 50 հազար եվրո: Բացի այդ՝ պատգամավորն ու իր կինը վարձակալության դիմաց ընդհանուր հաշվով 33 մլն դրամ գումար են ստացել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մանուկյանը նախկինում Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմ ընկերն էր, հետո կտրուկ շրջադարձ կատարեց՝ նետվելով Գագիկ Ծառուկյանի «գիրկը»: Իսկ երբ Ծառուկյանին «հեռացրեցին ԲՀԿ նախագահի պաշտոնից», ՀայԿոոպ-ի Աբոն ապահով հանգրվան գտավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ: Ու թերեւս այս անցումներն են եկամուտ բերում թաշկինակի պես կուսակցություններ փոխող Մանուկյանին:

 

 

 

 

ՈՉԻՆՉ ՉՏՎՈՂ

Տակավին վերջերս, երբ ՀՀ Կառավարության նիստում քննարկվում էր օտարերկրյա գործուղումների համար պետական բյուջեից լրացուցիչ 60 միլիոն դրամ հատկացնելու հարցը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց զերծ մնալ պետբյուջեի առանց այն էլ սուղ միջոցներով ոչ այնքան կարեւոր ուղեւորություններից: Դրանից հետո ՀՀ վարչապետն ունեցել է երկու ուղեւորություն՝ նախ՝ նա աշխատանքային այցով մեկնեց Ղազախստան, իսկ հունիսի 1-ից 3-ն էլ` պաշտոնական այցով Չեխիայում էր այդ երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով:
Հատկապես այս վերջին այցի հետ կապված դժվար է պնդել, որ այն հույժ կարեւոր էր եւ խիստ անհրաժեշտ: Ի վերջո, ընդամենը մեկ տարի առաջ պետական այցով Չեխիա էր մեկնել ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը, իսկ ինքը` Հովիկ Աբրահամյանը, որպես ՀՀ վարչապետ, նույնքան բազմամարդ մի պատվիրակությամբ հիացել էր գեղատեսիլ Պրահայով 2012թ-ին: Սակայն այսպիսի պարբերականությամբ եւ ՀՀ պետբյուջեի համար հույժ թանկարժեք այցելություններից հետո հայ-չեխական հարաբերություններում որեւէ առաջընթաց նկատելի չէ: Այս այցելության ընթացքում եւս, ինչպես միշտ, ստորագրվել են փաստաթղթեր եւ հուշագրեր` երկկողմ համագործակցության մասին, հնչել են գեղեցիկ ձեւակերպումներ, սակայն նախորդ այցերի արդյունքում ստորագրված համաձայնագրերի ի կատար ածման, գեթ մեկ նոր` հայ-չեխական համատեղ ձեռնարկության, մշակութային նախաձեռնության կամ այլ բնույթի նախագծի մասին ոչինչ չի ասվել: Ինքնին հասկանալի է` ասելիքի բացակայության պատճառով:
Այս այցելության ընթացքում միակ առարկայական խնդիրը, որի լուծման ուղղությամբ Հ. Աբրահամյանը, կարծես թե, լուրջ ջանքեր է փորձել գործադրել, Երեւան-Պրահա անցած հոկտեմբերից դադարեցված ուղիղ չվերթների վերագործարկումն է: Մնացածը` համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում (ինչի մասին խոսել է ՀՀ վարչապետը) այցից այց կրկնվող դիվանագիտական բարի ցանկությունների շարան է: Դե, իսկ Չեխիայի նման երկրից Հայաստան զբոսաշրջիկների հոսք ապահովելու մասին հայտարարությունն արդեն չափազանց բարի ցանկությունների տիրույթից է:
Իհարկե, վարչապետներն էլ են մարդ, նրանք էլ են ժամանակ առ ժամանակ ցանկանում մեկնել այս կամ այն եվրոպական երկիր, ինչպես ասում են` «իրենց ցույց տալու, մարդկանց տեսնելու», սակայն պետք չէ դա անել մեր` հարկատուներիս, հաշվին: Եվ լավ կլինի, որ իր առաջիկա ուղեւորությունները պլանավորելիս Հովիկ Աբրահամյանն անսա սեփական հորդորին եւ ձեռնպահ մնա երկրին ոչինչ չտվող թանկարժեք ուղեւորություններից:




Լրահոս