ՄԻՆՉ ԵՏՄ ՆՈՐՄԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄԸ՝ ՔԱՆԻ՞ ԶՈՀ ԿՈՒՆԵՆԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ անդրադարձել էինք մայիսի ընթացքում Հայաստանի տարբեր տարածքներում տեղակայված գազալցակայաններում գրանցված պայթյունների դեպքերին, որոնց հետեւանքով 4 մարդ զոհվեց: Նկատենք, որ շատ դեպքերում պայթյունների պատճառը մաշված բալոններն են: Իսկ ովքե՞ր են պատասխանատվություն կրում մաշված բալոնների համար:

Տեղեկացնենք, որ մեր երկրում ավտոմեքենաների վրա գազի բալոն տեղադրում են ինչպես տարբեր ընկերությունները, այնպես էլ անհատ մասնագետները: Իսկ ո՞վ է թույլտվություն տալիս այս գործունեությունն իրականացնելու համար, եւ ովքեր են հետգայում ստուգում մեքենայի գազաբալոնի պիտանելիությունը: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով նախ զրուցեցինք մեքենաներում գազի բալոն տեղադրող «Գազ Ֆորեվեր» ընկերության տնօրեն Արթուր Բարսեղյանի հետ: Ըստ նրա` իրենց ընկերությունը քաղաքացու մեքենայում գազի բալոն տեղադրելուց հետո տալիս է համապատասխան փաստաթուղթ, որ տվյալ մեքենան ենթակա է շահագործման. «Այդ փաստաթղթից մեկը մնում է մեզ մոտ, մյուսը տալիս ենք քաղաքացուն: Օրենքով ինքը երկու տարին մեկ պետք է գնա տեխզննման: Անգամ մենք նրան զգուշանում ենք, որ երկու տարին մեկ պետք է գնա, տեխզննում անցկացնի: Կրկնում եմ, որ վարորդները իրենք պետք է հետեւեն իրենց բալոնների տեխնիկական վիճակին»:
Հարցին, թե արդյո՞ք իրենք վարորդին ասում են, թե որտեղ նա կարող է գազի բալոնը տեխզննման ենթարկել, ընկերության տնօրենը պատասխանեց. «Առաջ ասում էինք, որ գնան, Շենգավիթի «քյարպնիջի» գործարանում ստուգման կետ կար, բայց որքանով գիտեմ՝ հիմա այդ գործարանը լուծարվել է: Հիմա չգիտեմ, թե որտեղ դա պետք է արվի: Իսկ մեզ մոտ առայժմ ճնշումով տեխզննումը չկա»:
Այսինքն՝ Հայաստանում գազի բալոնների պիտանելիությունը որեւէ մեկին չի հետաքրքրում: Ընկերություններն ու անհատները մարդկանց մեքենաներում բալոն են տեղադրում, որպեսզի բենզինին շատ գումար չտան եւ ավելի մատչելի ձեւով աշխատեն, իսկ թե ինչ կլինի հետո, անհասկանալի է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «ԱՔԻԼԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ տրասպորտային միջոցի սարքին լինելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է տվյալ մեքենայի վարորդի վրա: «Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի սարքին վիճակի համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը կամ վարորդը: Կառավարության որոշումով սահմանվում է, որ տեխզննման կետը որեւէ պատասխանատվություն չի կրում գազաբալոնի պայթելու համար: Տեխզննման համար նախատեսված 8500 դրամից միայն 2500 դրամն է գնում տեխզննման կենտրոնին, իսկ մնացածը գնում է բյուջե: Փաստորեն, ստացվում է, որ ամեն ինչի մեղավորը դառնում է վարորդը»:
Ավելին, ըստ նրա, ամեն ինչ նորմալ կլիներ, եթե տեխզննման կետերը աշխատեին եւ իրենց հանձնարարված գործը կատարեին. «Այսինքն՝ եթե ստուգեին բալոնները, հիմա մենք պայթյունի դեպքեր չէինք ունենա: Բայց քաղաքացիները տեխզննման կտրոնները ստանում են բանկում՝ վճարումից հետո, եւ որեւէ մեկը մեքենան չի ստուգում: Կառավարությունը ասում է՝ ընկեր ջան, գնա, գույքահարկը վճարի, գնա բանկ, տեխզննման կտրոնը ստացի եւ կարող ես այդ կտրոնը փակցնել մեքենայի վրա: Իսկ թե մենքենան ինչ վիճակում է, ինչ զննություն է անցել, դա չկա: Եւ այսքանից հետո քաղաքացուն տուգանում են ոչ թե ստուգում չանցնելու, այլ կտրոնը մեքենայի վրա չփակցնելու համար: Այսինքն՝ ձեւական կտրոն է դա, որը կարող է փակցվել նաեւ անսարք մեքենայի վրա»:
Հիշեցնենք, որ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, եւ գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլեւս պարտադիր չէ: Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, եւ ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ եւ իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես կանոն, ոչ մի վարորդ լրացուցիչ ժամանակ չի ծախսում եւ ավտոմեքենան տեխզննման չի ենթարկում: Եվ, ահա, այս պայմանների արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք՝ մեկ ամսվա ընթացքում 4 զոհ, որից առնվազն երեքը՝ գազի բալոնների պայթյունի պատճառով:
Այս ամենաթողությունը ՀՀ պետական գերատեսչություններում սկսել են գիտակցել 4 զոհերից հետո միայն: Նախ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց խիստ հսկողության անհրաժեշտության մասին, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւս սկսեցին հասկանալ, որ ոլորտում բավական խնդիրներ կան, ինչն էլ քննարկել են տրանսպորտի նախարարության հետ: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը. «Հստակեցման կարիք ունի ավտոմեքենաների տեխսպասարկման ժամանակ գազաբալոնների անվտանգության հավաստիացման գործընթացը: Հստակեցման կարիք ունեն նաեւ գազաբալոնների լաբորատոր փորձարկման նկատմամբ իրականցվող պահանջների խստացումները: Ի միջիայլոց, ասեմ, որ ԵՏՄ նորմերը բավականին խիստ են այս առումով, այն նորմերը, որոնք կգործեն 2016 թ-ի հունվարից՝ ԱԳԼՃԿ-ների նկատմամբ, եւ անվավոր շարժական ավտոմեքենաների նկատմամբ՝ նոր տեխնիկական կանոնակարգը։ Մեր կողմից խստացված անվտանգության նորմեր կստեղծվեն, եւ պատշաճ անվտանգություն իրականացնելու դեպքում մենք զերծ կմնանք նման դեպքերից»։
Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարությունում եւ, առհասարակ, ոլորտը կարգավորող մյուս կառույցները սպասում են ԵՏՄ հունվարից գործող խիստ նորմերի կիրառմանը, իսկ թե մինչ այդ ում բախտը կբերի ողջ մնալ, բախտի հարցն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անցել է լկտիության սահմանները: Նա հայտնվելով կոռուպցիոն սկանդալի կիզակետում՝ փոխանակ փորձեր անի՝ արդարանալու, պաշտպանվելու, լրագրողների վրա է «մուննաթ գալիս»:
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 28-ի համարում բացահայտել էր, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունը՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ: Մեր այս բացահայտումից հետո «Առաջին լրատվականի» լրագրողը «բռնացրել է» Շաբոյանին եւ փորձել պարզել, թե ինքը ինչ կապ ունի իր քենակալի կերած միլիոնների հետ:
-Ինչպե՞ս կբացատրեք այն, որ ՀԷՑ-ին թանկարժեք մեքենաներ մատակարարող ընկերությունը Ձեր բարեկամինն է,- հարցրել է լրագրողը:
-Ձեր գործով զբաղվե՛ք:
-Դո՞ւք եք աջակցել նրան:
-Անիմաստ, անհեթեթ հարցեր եք տալիս: Ձեր գործով զբաղվեք: Հարցեր ունեք, կապվեք մեր մամլո քարտուղարի հետ:
-Անհեթեթը ո՞րն է. հիմա նա Ձեր բարեկամն է՞, թե՞ ոչ:
-Ասում եմ՝ անհեթեթ հարցեր եք տալիս:
Այս փոքր, չստացված երկխոսությամբ Շաբոյանն իրականում բացահայտում է իր թաքնված էությունը: Նա կարծես թե ոչնչով չի տարբերվում կիսագրագետ այն պաշտոնյաներից ու գործիչներից, որոնք հաճախ երեւում են հեռուստաէկրաններին: Շաբոյանը, պարզվում է, չի գիտակցում անգամ, թե որն է լրագրողի գործը՝ նրան խորհուրդ տալով «ձեր գործով զբաղվեք»: Բայց չէ՞ որ լրագրողի գործը հենց հարցերի միջոցով տեղեկություն ստանալն է: Կամ ի՞նչ է նշանակում անհեթեթ հարց: Արդյո՞ք այն, որ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի հետ իր քենակալ Գեղամ Կարապետյանը առնչություն չունի՞: Եթե չունի, նա կարող էր առանց ջղաձիգ շարժումների հայտնել այդ մասին, եթե ունի, կարող էր խոստովանել. ի վերջո, «մախաթը պարկում չես պահի»: Իսկ եթե ինքն ու բաջանաղն իրար հետ որեւէ հարաբերություն չունեն, դա եւս պատասխան է: Բայց պետբյուջեից սնվող, իբրեւ թե, անկախ հանձնաժողովի նախագահ Շաբոյանն այսպիսի վերաբերմունքով ուղղակի մատնում է իրեն:
Ու եթե մինչեւ հիմա կասկածներ կային, որ հայ հասարակությանը թալանած ՀԷՑ-ի վատնած միլիոնների մեջ Շաբոյանը չի ունեցել իր «մասնաբաժինը», ապա այսօր դրանք առավել ամրապնդվեցին: Ու եթե Հայաստանը իրավական պետություն լիներ, ապա Շաբոյանն առնվազն պետք է հրապարակավ բացատրություն տալուց հետո վերցներ A4 ֆորմատի մի թուղթ եւ գրեր իր հրաժարականի դիմումը: Ի վերջո, հայ հասարակության գրպաններից կորզված գումարներ ուտելը չպետք է անպատիժ մնա:
«Ընդհանրապես տեղյակ չեմ իմ բաջանաղի գործունեությունից: Դա նույնն է, որ իմ ընկերների, բարեկամների, հարեւանների շարքում գտնեք մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, եւ համարեք, որ ես մասնակցություն ունեմ այդ գործընթացի մեջ: Ով ուզում է լինի, եթե չարաշահում է կատարել, եթե օրենք է խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի»,-երեկ խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Շաբոյանը: Գուցե նրան խորհուրդ են տվել ինքնամաքրվե՞լ: Տեսնենք կստացվի՞:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ ԵՆ
Armlur.am-ին տեղեկացմամբ` ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ hzham.am լրատվական կայքի առանձնացված է «Հրապարակ» օրաթերթի դեմ հայցից: «Հրապարակ» օրաթերթի մասով գործը քննելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, իսկ hzham.am-ի մասով գործը գտնվում է նույն դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում: Սակայն Ռուբեն Ներսիսյանն ինքնաբացարկ է հայտնել` համարելով, որ այս գործով կանխակալ վերաբերմունք կարող է ունենալ: «Հրապարակի» հետ զրույցում դատավորը պարզաբանել է, որ Պնախարարի եւ իր երեխաները համադասարանցի են, եւ սա, ըստ Ռ. Ներսիսյանի, կարող է անկողմնակալ դիտորդին անաչառության կասկածների տեղիք տալ: Նույն պարզաբանումը armlur.am-ի հետ զրույցում տվել է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում նախագահությամբ էլ հայցը կքննվի:

 

ԱՐԴԵՆ ՈՐԵՐՈՐԴ ԴԵՊՔԸ
Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ. Զաքարյանն իրեն ամրակցված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին, խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները, կորցրել է մեքենայի կառավարումը եւ վթարի ենթարկվել, որի հետեւանքով մեքենայի թափքում եւ խցում գտնվող նույն գումարտակի զինծառայողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է վնաս):

 

ԼԻՍԿԱՅԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ին հայտնել է, որ ըստ եզրակացության՝ Հարություն Զաքարյանին պատճառված վնասը գնահատվել է ծանր, Մուշեղ Զաքարյանինը՝ միջին ծանրության: Տռուզյանը նաեւ նշել է, որ գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:




Լրահոս