ԻՐԱՑՎՈՂ ԼՈԼԻԿԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՐՄՐԵՑՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին մեր քաղաքացիները սկսել են հաճախակի բողոքել գյուղմթերքի՝ հատկապես լոլիկի եւ վարունգի համից ու հոտից: «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր պնդում են, որ տեղական շուկայում իրացվող լոլիկի մեծ մասն արհեստականորեն կարմրեցված է: Նշենք, որ ՀՀ-ում գործող թունաքիմիկատների վաճառքի կետերում ազատ վաճառվում են այնպիսի նյութեր, որոնք հնարավորություն են տալիս գյուղմթերքի աճն արագացնել: Վերջին շրջանում հայ գյուղատնտեսները եւս ակտիվորեն սկսել են կիրառել այդպիսի հավելանյութեր:

Այն, որ այսօր տեղական շուկայում ոչ միայն լոլիկը, այլեւ վարունգը արագացված մեթոդներով են աճեցվում, արդեն հայտնի փաստ է: Փոխարենը անհայտ է՝ արդյոք այդ ամբողջ գործընթացը վերահսկվում է պատկան կառույցների կողմից: Նշենք, որ տեղական շուկայում վաճառվում են տարբեր պայմաններում աճեցված լոլիկի բազմաթիվ սորտերի պտուղներ, որոնք իրարից տարբերվում են ոչ միայն ձեւով, չափերով, ամրությամբ, այլեւ պտղի գունավորմամբ:
Մի կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը քաղաքացիներին հավաստիացնում է, որ լոլիկի պտղամսի կանաչ ու դեղին բծերը պայմանավորված չեն բույսերի մշակության ընթացքում արհեստական հավելումների կիրառմամբ, մյուս կողմից՝ «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ տեղեկան շուկայում իրացվող լոլիկը թեեւ արտաքինից կարմիր է, բայց ներսից կանաչ է ու խակ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով ասաց. «Եթե համացանցում փնտրեք, ապա կհանդիպեք բազմաթիվ հայտարարությունների, որտեղ գովազդվում են գույն տվող նյութերը: Դրանք օգտագործելուց հետո կանաչ լոլիկն անմիջապես կարմրում է: Դա հաստատող տեսանյութեր էլ կան: Բայց թե մեր ներքին շուկայում արդյո՞ք իրացվում է կարմրեցված լոլիկ, ես ինքս ինձ թույլ չեմ տա նման գնահատական տալ: Կարող եմ միայն ասել, որ մեր գյուղմթերքի շուկայում բազմաթիվ խնդիրներ կան: Այն, որ տեղական արտադրանքը շուտ չեն կարմրացնի մեր անհամբեր գյուղացիները, այստեղ երկրորդ կարծիք չկա: Բայց այն, որ տեղական շուկայում նույն գծի վրա վաճառվում է ե՛ւ թուրքական, ե՛ւ տեղական լոլիկը կամ վարունգը, դա բոլորիս է հայտնի: Սակայն այստեղ տարբերակում դրված չէ, վերահսկողություն չկա: Արդեն այն, որ տեղական ու թուրքական գյուղմթերքը դրված են իրար կողքի, եւ մենք՝ սպառողներս, չենք կարողանում դրանք տարբերակել, ցույց է տալիս, թե վերահսկողությունը ինչ մակարդակի վրա է»:
Իսկ ՀՀ ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «ժողովուրդ»-ին շտապեց տեղեկացնել, որ արհեստականորեն կարմրեցված լոլիկը չի կարող վտանգել մարդու առողջությունը: «Դրանք ընդամենը հիբրիդներ են: Չեմ կարծում, որ դա վտանգավոր է, ուղղակի վաղ հասունացնելու խնդիր կա: Դրանք խթանիչներ են, որոնք մարդու առողջությանը չեն վնասի: Այդ նյութն ուղղակի արագ հասունացնում է, բայց համային հատկանիշները չի փոխում»:
Ի դեպ, օրեր առաջ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը, ով հսկայական ջերմատներ ունի եւ զբաղվում է լոլիկի մշակությամբ, երեք մեծ բեռնատար մեքենայով լոլիկ է արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Սակայն այնտեղից լոլիկն անմիջապես հետ է ուղարկվել, քանի որ պարզվել է, որ այն կարմրեցված է եղել: Ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ, սակայն, նման դեպքերում, երբ որեւէ ապրանքատեսակ հետ է ուղարկվում, խնդիրն ավելի լուրջ է լինում. «Եթե նման բան իրականում եղել է, ապա դա հնարավոր է՝ կապված լինի թույլատրվածից մեծ քանակի նիտրատների հետ»,- նշեց Բերբերյանը:
Իսկ, ահա, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց, որ արտահնման համար պետք է սերտիֆիկատ ունենալ: Նրա խոսքով՝ շատ են դեպքերը, երբ անհատը գյուղմթերք է արտահանում, որն անմիջապես հետ է ուղարկվում, քանի որ ռուսական կողմն առանց արտահանման սերտիֆիկատի այն չի ընդունում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն եւ հետաքրքրվեց՝ այս ընթացքում ՍԱՊԾ-ն տեղական շուկայում իրացվող լոլիկի որակի վերահսկողություն իրականացրե՞լ է, թե՞ ոչ:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նուարդ Առաքելյանը հայտնեց. «Տեղում ստուգում ենք պտուղ-բանջարեղենի նիտրատների մնացորդային նյութերի քանակը: Նաեւ պարբերաբար մոնիտորինգ-փորձաքննություն է անցկացվում դաշտերում»: Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Հայաստանից արտահանելու դեպքում ՍԱՊԾ-ն գյուղմթերքը լաբորատոր փորձաքննության ենթարկո՞ւմ է, թե՞ ոչ, մամուլի խոսնակը պատասխանեց. «Արտահանման դեպքում ֆիտոսանիտարական ստուգում ենք անցկացնում՝ հիվանդությունների, վնասատուների բացահայտման հետ կապված»: Ն. Առաքելյանը նաեւ տեղեկացրեց, որ այս ընթացքում ՀՀ-ից արտահանվել է որոշակի քանակությամբ լոլիկ, սակայն հետ վերադարձ չի եղել:

 

 

 

 

 

Ի՞ՆՉ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՎԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Կիրակի՝ մայիսի 31-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում տեղի ունեցավ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծումն ու բացումը: Եկեղեցու շինարարությունը ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի բարերարությամբ սկսվել էր դեռեւս 2009 թվականից՝ ի հիշատակ նրա ծնողների` Ավետիս եւ Թագուհի Պետոյանների:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2010 թվականին եկեղեցին պետք է գործարկվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարական աշխատանքները դադարեցվել են: Եւ 2013 թվականին վերսկսվեց եկեղեցաշինութունը:
Նշենք, որ եկեղեցու կահավորման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել մոսկվաբնակ հայերը՝ Արթուր Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Բագրատ Սողոմոնյանը, Ստեփան Մելոյանը, Մհեր Քոչարյանը, Սուրիկ Գեւորգյանը: «Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինե Ղուկասյանի հետ:
-Տիկի՛ն Ղուկասյան, ընդհանուր որքա՞ն գումար ծախսվեց եկեղեցու կառուցման նպատակով:
-Դա բարերարն է ծախսել, եւ մենք իրավունք չունենք այն հրապարակել:
-Բացի բարերար Սարգիս Պետոյանից՝ եկեղեցու կառուցման գործում մոսկվայաբնակ հայերն էլ իրենց ներդրումն ունեցա՞ն:
-Մոսկվայաբնակ հայերը եկեղեցու կահավորման համար գումար նվիրաբերեցին եւ համայնքին օգնեցին:
-Կնշե՞ք գումարի չափը:
-Չեմ կարող:
-Տիկի՛ն Ղուկասյան, բացի բարերարների նվիրաբերած գումարներից՝ համայնքի բյուջեից նույնպես գումար է հատկացվել: Ինչո՞ւ թիվ չեք նշում, որ հասկանալի լինի, թե գումարները որտեղ են ծախսվել:
-Եկեղեցու կառուցման համար՝ ոչ: Բայց եկեղեցու դիմացի ասֆալտապատումն իրականացվել է համայնքի բյուջեի հաշվին:
-Իսկ դա որքա՞ն է կազմել:
-Ես չեմ կարող այդ թիվը նշել, որովհետեւ նախահաշիվներ կան, գումարներ են ճշտվում:
-Մենք տեղեկություններ ունենք, որ եկեղեցու կառուցմանն աջակցելու նպատակով նաեւ հիմնադրամ է ստեղծվել եւ Սեւանում գործող բոլոր պետական կառույցների աշխատողներին ներքին կարգով հրահանգվել է պարտադիր գումար վճարել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նման ինֆորմացիա չկա: Հիմնադրամ ստեղծվել է 2002 թվականին, կոչվել է «Սեւան», եւ որի գործունեությունը սառեցվել է 2013 թվականին: Այս պատճառով էլ այդ հաշվեհամարին գումարներ չէին կարող փոխանցվել:
Հ.Գ. Նկատենք, որ Սեւան քաղաքի փողոցները հայտնի են մեծ-մեծ, գրեթե անանցանելի փոսերով: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը եկեղեցի գնալիս, երբ անցել է այդ քարուքանդ ճանապարհներով, ի՞նչ է ասել քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

«ՆԻՍՅԱՆ» ՇԱՏ Է ԱՎԵԼԱՑԵԼ
Տավուշի մարզի խանութներում առեւտրի զգալի մասը կատարվում է ապառիկ՝ «նիսյա»: Այդ երեւույթն առկա է ոչ միայն գյուղերի, այլեւ մարզի քաղաքների վաճառակետերում: Ապառիկ վաճառքի մասին գրառումներն արվում են խանութների վաճառասեղաններին դրված դպրոցական ընդհանուր տետրերում: Խանութներ կան, որտեղ «նիսյայի» 3-4 տետր կա: Վաճառողներն ասում են, որ մարդիկ ապառիկ են գնումներ կատարում՝ հույս ունենալով, որ ստանալով ընտանեկան նպաստի, կենսաթոշակի գումարները՝ կմարեն պարտքերը: Մթերային խանութների վաճառողները զայրանում են, երբ գնորդները նախապես չեն հայտնում «նիսյայի» մասին եւ մեծ քանակի ապրանքներ վերցնելուց հետո միայն հայտնում են ապառիկի տետրում իրենց էջի համարը եւ խնդրում՝ իրենց անվան դիմաց պարտքի մասին հերթական գրառումն ավելացնել: Ապառիկ վաճառքի մեծ ծավալի պատճառով սննդի խանութները հաճախ դժվարություն են ունենում ավտոմեքենաներով ապրանք բերող մատակարարներին վճարելու հարցում: Խանութների սեփականատերերը դժգոհում են, որ իրենք ստիպված են բանկերից նոր վարկեր վերցնել, որպեսզի չփակեն վաճառակետերը: Առհասարակ, սահմանամերձ մարզում տնտեսական մեծ ծրագրեր չեն իրականացվում, նոր աշխատատեղեր գրեթե չեն ստեղծվում, իսկ արտերկրից, հիմնականում՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն էլ զգալիորեն կրճատվել են: Այս ամենի արդյունքում էլ մարզի խանութների «նիսյայի տետրերը» գնալով ավելի ու ավելի հաստափոր են դառնում:

 

ՏՆԱԿԱՆ ՕՂՈՒ ՍԻՐԱՀԱՐԸ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 8-ին՝ ժամը 19-ի սահմաններում, մուտք է գործել նույն մարզի սահմանամերձ Մովսես գյուղի 23-ամյա բնակչուհու տուն եւ նկուղից հափշտակել 20 լիտր տարողությամբ ապակյա տարայի մեջ գտնվող, տնայնագործական եղանակով պատրաստված օղի՝ տանտիրոջը պատճառելով ընդհանուր 30 հազար 500 դրամի նյութական վնաս: Նշենք, որ Կ. Սարգսյանը նախկինում դատված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ տուգանք կամ 2-5 տարի ազատազրկում: Այս քրեական գործով դատավարությունը կմեկնարկի այսօր, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս