ԵԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑԸ (ՔԴԵԴ) ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՀԱՅՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր՝ 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների) եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մակագրությամբ:

Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ եւ անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ եւ այլք:
Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը: ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ՝ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները:
Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:
Հայտատուն պետք է՝
1. լինի 23-ից մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար,
2. ունենա 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ եւ աշխատելիս լինի,
3. լինի Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի: Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ) փակցված լուսանկարով,
2. ինքնակենսագրություն (CV),
3. երաշխավորագիր (պարտադիր կնքված) հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին:
Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,
4. հավաստագիր (պարտադիր կնքված) աշխատավայրից, որ ՔԴԵԴ-ի կազմակերպելիք միջոցառումների ու սեմինարների ընթացքում հայտատուն ազատ կլինի աշխատանքի գնալու պարտականությունից եւ կվճարվի այդ օրերի համար,
5. աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ վերջին 3 տարվա պատճենը (2012-2015) աշխատանքային ստաժի նշումով: Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները: Ըստ անհատական դեպքի՝ կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները, դրանք ի հայտ գալուն պես, կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջ լինելու դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության ակտիվ գործունեության մասին վկայող փաստարկներ եւ հրապարակումներ:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն: ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ, Ստրասբուրգ եւ այլն): ՔԴԵԴ-ում սահմանված չէ ուսման վարձ, եւ ուսուցումն իրականացվում է անվճար: Բացի այդ՝ հայաստանյան եւ արտերկրում կազմակերպվող սեմինարների մասնակցության ու կեցության ծախսերի մեծ մասը (ճանապարհածախս, հյուրանոց, սնունդ եւ այլն) հոգում է Եվրոպայի խորհուրդը:
ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակով ստրասբուրգյան սեմինարին հրավիրվողները մասնակիորեն՝ 410 եվրոյի չափով, մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրի իրականացմանը: Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել սեմինարների ու միջոցառումների քանակը:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են հունիսի 3-5-ը, ժամը 12:00-ից 14:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս՝ 010 51 11 71
Կայք՝ www.ysps.am

 

 

 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Քաղաքացի Վլադիմիր Աբրահամյանը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին եւ մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով իր թոռների հանդեպ կիրառվող դատական անարդարություններից:

Մեծարգո՛ պարոնայք, դեռեւս 2010թ. կայացված դատական վճռով իմ թոռներ Մանե (ծնվ. 15.09.2003թ). եւ Միհրան (ծնվ. 26.08.2005թ.) Ազատի Աբրահամյանների խնամքն ու դաստիարակությունը հանձնվել էր նրանց մայր Նարա Հակոբի Դարբինյանին: 2011թ. փետրվար ամսից դատական ակտերի հարկադիր կատարողների Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս բաժանմունքի, այնուհետեւ Գեղարքունիքի մարզային բաժնի (ք. Սեւան), իսկ վերջում, չգիտեմ ինչու, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ալիմենտների բռնագանձման Երեւանի բաժնի կողմից (ք. Երեւան) բազում գործողություններ կատարվեցին երեխաներին մորը հանձնելու նպատակով: Այս գործողությունների արդյունքում երեխաները գտնվում էին խորը սթրեսային վիճակում, եւ մեզանից քիչ ջանք չպահանջվեց՝ նրանց բուժելու եւ նորմալ վիճակի բերելու համար (հոգեբուժական բուժման մասին տեղեկանքները կան ԴԱՀԿ արձանագրություններում):
2013թ. սեպտեմբերին՝ Մանեի 10 տարին լրանալուց հետո, մենք դիմեցինք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ երեխաների կարծիքը լսելու եւ նախորդ վճիռը կասեցնելու խնդրանքով: Գործի վարույթը հանձնվեց դատավոր Վ. Վարդանյանին: 1 տարուց ավել տեւած դատավարության արդյունքում Նարա Դարբինյանը չներկայացավ ո՛չ դատական նիստերին եւ ո՛չ էլ դատաբժշկական փորձաքննության: Այժմ այս «շատ արդար դատավորի» «շատ արդար» որոշման հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցները պետք է նորից վերսկսեն իրենց գործողությունները երեխաներին մորը հանձնելու նպատակով: Երեխաների մոտ արդեն իսկ նկատվում է լարվածություն:
Ելնելով շատ հակիրճ ու մեղմ գրված շարադրվածից՝ ես ունեմ մի քանի հարցեր ուղղված Ձեզ.
– Արդյո՞ք ՀՀ-ում երեխաները պետության կողից պաշտպանված են պաշտոնատար անձանց կամայականություններից:
– Արդյո՞ք ՀՀ-ում երեխան ունի իր կարծիքը հայտնելու եւ իր իրավունքները պաշտպանելու իրավունք:
– Արդյո՞ք ՀՀ-ում երեխային չեն վերաբերում որպես առարկայի, որը, իբրեւ թե, ունակ չէ մտածելու եւ իր սեփական կարծիքը ունենալու:
– Վերջապես ե՞րբ պետք է ՀՀ-ում դատավորները հարգեն երեխաներին որպես մարդ էակի, իրենց չդնեն ամենակարող Աստծո տեղ ու գոնե երեխաներին վերաբերող հարցերը քննելիս լինեն մի քիչ հայ, մի քիչ մարդ, նոր դատավոր:
– ԴԱՀԿ-ի կողմից նոր գործողություններ սկսելու դեպքում արդյո՞ք նորից չեն լինի տուգանելու ու դատի տալու սպառնալիքներ, եւ կհարգվի արդյո՞ք դատարանում հաշվի չառնված երեխաների կարծիքը:
– Վերջապես, երբվանից ՀՀ-ում իրական գործողության մեջ կդրվի ՄԱԿ-ի 1989թ. նոյեմբերի 19-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, որին ՀՀ-ն միացել է դեռեւս1992թ.:
Դիմումիս վերջում կցանկանայի հարց ուղղել անձամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին. Դուք՝ ի պաշտոնե որպես «Երեխաների իրավուքների պաշտպանության ազգային հանձնաժողովի» նախագահ, ի՞նչ եք արել եւ ի՞նչ եք պատրաստվում անել երեխաների իրավուքնների պաշտպանության համար:
Հույս ունեմ, որ այս հարցերին պատասխան տալու համար Ձեզանից որեւէ մեկը կբարեհաճի մի փոքր ժամանակ առանձնացնել` ինձ ընդունելու եւ լսելու համար:
Վլադիմիր Աբրահամյան




Լրահոս