ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՔՈԼԵՋԸ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում քաոս է տիրում: Իր պատմության մեջ մեջ եզակի անգամ քոլեջը կառավարում է արվեստի հետ որեւէ կապ չունեցող մարդ, որը նախկին տնօրեն, վաղամեռիկ Նարեկ Առուշանյանի կինն է՝ Աննա Մնացականյանը:  Հիշեցնենք, որ այս քոլեջի տնօրենի պատմությունն ընտանեկան ողբերգություն է հիշեցնում, քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը, պայքարելով հարազատ եղբոր՝ նկարիչ Սամվել Պետրոսյանի դեմ, 2007-ին քոլեջի տնօրեն նշանակել տվեց հարազատ որդուն՝ Նարեկ Առուշանյանին: Սակայն այս տարվա օգոստոսի 13-ին Նարեկ Առուշանյանը երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ: Օգոստոսի 19-ին էլ մահացավ Ալվարդ Պետրոսյանի հարազատ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայրը՝ Սամվել Պետրոսյանը: 
Ու քանի որ գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի աթոռը թափուր էր մնացել, այնտեղ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել մի նկարիչ տղա: Բայց, ինչպես “Ժողովուրդ”-ին տեղեկացրին քոլեջի մի քանի ուսանողներ, Ալվարդ Պետրոսյանը, պայքարելով նաեւ նրա դեմ, ձեռնամուխ եղավ, որպեսզի այս անգամ էլ հարազատ հարսը դառնա քոլեջի տնօրեն: Արդյունքում քոլեջի ուսանողների եւ դասախոսների համար անհասկանալի պատճառներով ԺՊ-ն փոխվեց՝ նրա փոխարեն նշանակվելով վաղամեռիկ Ն. Առուշանյանի կինը՝ Աննա Մնացականյանը:
“Ալվարդ Պետրոսյանը մեծ հետաքրքրություններ ունի քոլեջի նկատմամբ: Նա տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցելու ավանդույթ է ձեւավորել, ինչը քոլեջի ուսանողներին եւ դասախոսական անձնակազմին խիստ անհանգստացնում է”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց քոլեջի դասախոսներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Քոլեջի ուսանողներն ու դասախոսները մտահոգված են, որ Ա. Մնացականյանը, որեւէ կապ չունենալով արվեստի հետ, կարող է իր գործունեությամբ լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել իրենց ուսումնական հաստատությունը:
Երբ գեղարվեստի պետական քոլեջի բակում “Ժողովուրդ”-ը զրուցում էր ուսանողների հետ, նկատվեց, որ շատերը վախենում են ազատ արտահայտել իրենց կարծիքը: “Մեր նոր տնօրենը չի հասկանում, թե ինչ չափանիշներով է որոշվում արվեստի գործի գնահատականը, կամ, առավել եւս, ինչ չափանիշներով է հարկավոր ընտրել այն արվեստագետներին, որոնք պիտի նշանակվեն տնօրենի կողմից՝ նոր սերունդներ կրթելու համար: Նա ինչպե՞ս պետք է կառավարի”,-նշեց ուսանողներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, որպեսզի ընկերների նման խիստ նկատողություն չստանա եւ չհայտնվի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Հարցին, թե ինչն է իրեն վախեցնում, ուսանողը նշեց, որ քոլեջում այս օրերին քաոսային իրավիճակ է: Բոլոր այն դասախոսները, որոնք փորձել են իրենց դժգոհությունն ու կարծիքը հայտնել, նրանց նկատմամբ հետապնդում է սկսվել, որին հետեւել են նաեւ խիստ նկատողություններ: Նրա պարզաբանմամբ` օրեր առաջ, երբ ուսանողներից մի քանիսը փորձել են նամակ գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն եւ իրենց մտահոգությունն արտահայտել, նոր տնօրենի մերձավորները վախեցրել են նրանց՝ միաժամանակ բացատրելով, թե ճիշտ է՝ Ա. Մնացականյանն արվեստագետ չէ եւ մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց պետք է հասկանալ, որ վարչական հարցերը շատ ավելի կարեւոր են քոլեջի համար: 
Քոլեջում ստեղծված իրավիճակի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, որի հայրը երկար տարիներ եղել է այդ քոլեջի տնօրենը: “Այս ամենն ինձ հիշեցնում է Թուրքմենբաշու ընտանիքի` զբաղեցրած աթոռը ժառանգաբար մեկը մյուսին անցնելու տխրահռչակ պատմությունը,- իր հորաքրոջ գործելաոչի մասին մասին ասաց Շուշանը՝ հավելելով,-ես հայր եմ կորցրել, ուսուցիչ ընկեր եւ սգում եմ այդ անդառնալի կորուստը ու, անկեղծ ասած, այդ գործերով զբաղվելու ո՛չ սիրտ ունեմ եւ ո՛չ էլ հավես: Կարող է եւ ծրագրավորողն էլ արվեստասեր լինի, եւ կիբեռնետիկը հասկանա արվեստից: Մենք կարծես թե ուրիշ բանից ենք խոսում, կերպարվեստ ուսուցանելու հետ արվեստասիրությունն այնքան էլ կապ չունի: Սա այդ դեպքը չէ: Իսկ Թերլեմեզյանի ուսումնարանը կերպարվեստի ուսուցման հենց հիմքն է: Ավելին ասել չեմ կարող: Խնդիրը շատ լուրջ է, եւ կարծում եմ, որ շատ լուրջ վերաբերմունք է պահանջում: Կարող եմ անկեղծորեն զարմանալ, որ տիկին Աննա Մնացականյանի սկեսուրն այդքան եռանդ եւ էներգիա ունի, որ դեռ “շախմատ” է խաղում:
Վերջում «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ԺՊ Աննա Մնացականյանի հետ, որը շտապեց հայտնել, որ իր դեմ բողոքող ընդամենը մի փոքր խումբ կա: “Եկե՛ք ուսումնարան եւ տեսե՛ք, թե ինչքանով է կազմակերպված կամ անկազմակերպ իրավիճակ քոլեջում: Մի փոքրաթիվ մարդկանց խումբ, որոնք անընդհատ հիշեցնում են իմ առաջին մասնագիտությունը, բայց երկրորդ մասնագիտության մասին մոռանում են”,-ընդգծեց Մնացականյանը: Նրա հավաստմամբ` ինքը նկատողություն արել է դասախոսներին միայն աշխատանքների թերացման եւ ոչ պատասխանատու մոտեցման համար: “Բողոքներ լինում են՝ ցանկացած նոր տնօրենի նշանակման հետ կապված, դա իրենց իրավունքն է, կարող են բողոքել, սակայն ես էլ կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից եւ կմասնակցեմ քոլեջի տնօրենի ընտրություններին ու եթե ընտրվեմ, կնշանակվեմ տնօրեն: Չեմ կարող այդ հարցում վստահ լինել, բայց կարող եմ վստահ ասել, որ շատ ուզում եմ”,-վստահեցրեց դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի հարսը:
Քնար Մանուկյան
“Ժողովուրդ” օրաթերթ 17.11.12.




Լրահոս