Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ են: Իհարկե, դժվար է Հայաստանում պատկերացնել մի ընտրություն, որի ժամանակ ընտրակեղծիքներ, խախտումներ տեղի չեն ունենում: «Թի Հայաստան» հակակսոռուպցիոն կազմակերպությունը մինչ այս պահը ընտրությունների վերաբերյալ մի շարք խախտումներ է արձանագրել: Եվ այսպես՝ ժամը 13:00-ի դրությամբ, 31/5 տեղամասում (ք.Ալավերդի) ընտրացուցակում ընտրողը ստորագրել է ոչ իր անվան դիմաց, կատարել է քվեարկություն և հեռացել է տեղամասից: Փաստը հայտնաբերվել է դրանից հետո, և ՏԸՀ նախագահը (Դավթյան Անահիտ, ՀՀԿ) անձնագրային տվյալների միջոցով ոստիկանությունից փորձում է ճշտել ընտրողի ինքնությունը՝ նրան տեղամաս հետ կանչելու և ստորագրության սխալը ուղղելու համար:
Աբովյան քաղաքի թիվ 28/16 տեղամասում դիտորդի հաղորդմամբ՝ անձնագրում դրվող դրոշմակնիքներն անհայտանում են խոնավ անձեռոցիկի հպումից։ 28/13 տեղամասում ժամը 12-ի մոտակայքում ներկա են եղել անձինք, ովքեր ներկայացել են որպես «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» Հկ-ի դիտորդներ, որոնք կրել են տեղական դիտորդի վկայական, սակայն չեն ունեցել դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական (ԿԸՀ-ում որակավորում անցնելու մասին)։ Դիտորդը լուսանկարել է նրանցից մեկի դիտորդի վկայականը:
Թիվ 31/1 (ք. Ալավերդի) տեղամասում ժամը 11.20-ի դրությամբ արձանագրվել են մարդկային կուտակումներ տեղամասի շրջակայքում և ներսում: Դիտորդը դրա մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին (Ավետյան Ալվարդ. ՀԱԿ), խախտումը վերացվել է: Թիվ 28/8 ընտրատեղամասում (քաղաք Աբովյան) վստահված անձը՝ հանձնաժողովի նախագահի (Աֆրիկյան Անուշ, ԲՀԿ) կողքին նստած, ինքն է ընտրացուցակներում փնտրում և գտնում ընտրողների անունները և անձնագրի համարները։ Հանձնաժողովի նախագահը խախտում չի տեսել՝ ասելով, որ վստահված անձն ավելի շատ իրավունքներ ունի և որ իրենք, այդ թվում՝ վստահված անձը «արդարության կողմից են»։