ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենի հետ, հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ջոն Հեֆերնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու համագործակցության աշխուժացումը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ միջկուսակցական հարաբերություններին, խորհրդարանական այն գործընթացներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու ԱԺ վերահսկողական գործառույթները: Հարցի հետ կապված՝ անդրադարձ է կատարվել օրերս ընդունված Վերահսկիչ պալատի՝ հաջորդ տարվա ծրագրին եւ դրանում ներառված առաջարկներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին եւ նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարեւորվել է արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացումը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստիացրել է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ:




Լրահոս