Աբովյանի թիվ 28/19 ընտրատեղամաս այցելած լրագրողներն այնտեղ հայտնաբերեցին մի քանի «լրագրողների», որոնց ոչ ոք չէր ճանաչում: Նրանք, մեղմ ասած, ավելի շատ հիշեցնում էին թիկնազորի ներկայացուցիչների, այլ ոչ թե լրագրողների:
Ի սկզբանե նրանք ոչ բարեհամբույր մոտեցում ցուցաբերեցին լրագրողների նկատմամբ: Նրանցից մեկը պահանջեց լրագրողական վկայականներն այն դեպքում, երբ ինքն անձամբ իր մոտ որևէ վկայական չուներ, ոչ էլ անձը հաստատող որևէ փաստաթուղթ: Թիկնապահ հիշեցնող «լրագրողը» լրագրողների` ընտրատեղամաս մուտք գործելուն պես զգուշացրեց պայուսակներով չառաջանալ:Այն պատասխանին, թե լրագրող են մուտք գործողները, նա էլ պահանջեց վկայականներն ու հայտարարեց, թե ինքն էլ է լրագրող:
Մեր «գործընկերոջը» միայն երկար համոզելուց հետո հաջողվեց պարզել , թե վերջինս որ լրատվամիջոցում է աշխատում: Պարզվեց` ներկաները «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներից էին, իսկ նրանցից մեկը հավելեց, թե արդեն 10 տարուց ավելի է` ինչ աշխատում է այնտեղ : Հավելեն, որ լրագրողների` ընտրատեղամաս մտնելուց րոպեներ հետո, վերջինս հեռախոսով զրուցելով լքեց ընտրատեղամասը ու այլևս չերևաց տարածքում: Ընդգծենք, որ այս ընտրատեղամասն իր մթոնոլորտով առանձնանում էր մյուսներից:
Հանձնաժողովի նախագահ Մանուկյան Ռադիկն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե ընտրությունների ընթացքում արտառոց որևէ դեպք չի գրանցվել և ամեն ինչ խաղաղ է անցել: Նման կարծիք հայտնեց նաև քաղաքապետի թեկնածու Կարո Իսրայելյանի վստահված անձը, ով ընտրատեղամասում գտնվելու ժամանակ մարդկային կուտակումներ կամ այլ դեպքեր չի հայտնաբերել: