ԱՐՑԱԽԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՑՅԱԼԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւանում հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ, անմիջապես լուրեր տարածվեցին առ այն, որ Արցախի հարցում ճնշումների օղակն այնքան է սեղմվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են օր առաջ լուծել հակամարտությունը՝ ՀՀ-ից զիջումներ կորզելով: Արդյո՞ք այդ ճնշումներն էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին Երեւան բերել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Որեւէ ճնշում չկա, ու ես կարծում եմ, որ չի էլ կարող լինել, որովհետեւ նույն այդ պետությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք չեն կարող պարտադրել որեւէ որոշում: Իրենք կարող են միայն աջակցել փոխզիջումային տարբերակի ընդունմանը, մշակմանը եւ այլն: Միակողմանի զիջում ընդհանրապես բացառված է, հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումներով, մենք դա հասկանում ենք, բայց չի կարող լինել միանշանակ զիջում, առավել եւս չի կարող լինել վերադարձ անցյալի թե՛ կարգավիճակին, թե՛ սահմանների առումով, կոնկրետ Արցախի Հանրապետության պարագայում: Սա բազմիցս պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է թե՛ նախագահի մակարդակով, թե՛ պաշտոնյաների կողմից, ու կարծում եմ, որ ողջ հայությունն է այդպես մտածում: Կարգավորման առումով որեւէ ճնշում չի կարող գործադրվել: Եթե Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, նույնիսկ այս տարբերակում էլի միջազգային հանրությունը ճնշում չի գործադրում»:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին եւ նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը` Լեւոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում` աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնում: Նշված նախարարության աշխատակիցների խոսքերով՝ բոլոր ՊՈԱԿ-ների ստուգումներն անպայման հանձնարարվում է նախարարի աներոջը: Երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից, սակայն ապարդյուն: Իսկ այն հանգամանքը, որ նախարարներն իրենց վստահված գերատեսչություններին որպես մասնավոր ընկերության են վերաբերում, նորություն չէ, բայց պարզվում է՝ այս նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել:

 

 

 

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս իր՝ ԱԺ նախագահության տարիներին Ռիգա կատարած այցի ժամանակ Լատվիայի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շուտով Հայաստանն այդ երկրում դեսպանատուն է «բացելու»: Համենայնդեպս, Լատվիայում շատ պաշտոնյաներ մեր թղթակցի հետ զրույցում այդ հարցը համարում էին լուծված: Սակայն մինչեւ այսօր Ռիգայում Հայաստանը դեսպանատուն չունի: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից պարզել, թե ինչու Լատվիայում Հայաստանի դեսպանատունը չի բացվում: «Դեսպանության հարցը կարգավորվում է օրենքով եւ համապատասխան որոշումներով: Այս պահին նման որոշում չկա: Այս պահին Ռիգայում մեր դեսպանի նստավայրը Վիլնյուսն է»,- ասաց Տիգրան Բալայանը: Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ որ Հ. Աբրահամյանը նման խոստում չի տվել:

 

 

 

 

Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը նվազել է 10.2 տոկոսով: Նշենք, որ ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը նվազել է 10.7 տոկոսով, օդայինը` նույնքան, իսկ երկաթուղայինը` 17.2 տոկոսով: Ըստ այդ տվյալների՝ ստացվում է, որ այս տարվա առաջին չորս ամիսներին անցած տարվա համեմատ քիչ ապրանք է տեղափոխվել: Այսինքն՝ ենթադրվում է նաեւ, որ քիչ ապրանք է արտադրվել: Ի վերջո, ապրանքը չէր կարող արտադրվել եւ մնալ պահեստներում, դրանց համար հումք պետք է ներկրվեր եւ այսպես շարունակ: Այս տեսանկյունից պաշտոնական վիճակագրության այն տվյալը, որ 2015 թվականի առաջին չորս ամիսներին արտադրության ծավալները 4,2 տոկոսով ավելացել են, կարելի է համարել, մեղմ ասած, աբսուրդային եւ տրամաբանությունից զուրկ: Եթե շատ ապրանք է արտադրվել, ապա ի՞նչ է եղել այն եւ ինչպե՞ս է այն անտեսանելի տեղափոխվել ու սպառվել: Բնականաբար, պաշտոնական վիճակագրությունն այս հարցերի պատասխանները չի տալիս:

 

 

 

 

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով արդեն երկու տարի շարունակ պատերազմի կիզակետում ապրող սիրիահայերին երկրից դուրս բերելու հարցում ՀՀ իշխանությունների դանդաղկոտության քննադատությանը, երեկ Ա1+-ին ասել է. «Նման հարց դնողները պետք է նախ վերհիշեն, թե ինչ իրավիճակ է այդ երկրում։ Թող նայեն քարտեզին ու հասկանան՝ հնարավո՞ր է արդյոք ֆիզիկապես իրականացնել այդպիսի գործողություն։ Գուցե այդ դեպքում հետ կանգնեն նման հարցադրումներ անելու գայթակղությունից»:
Իհարկե, Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակում զանգվածային տարհանման մասին խոսելը լուրջ չէ, քանի որ դա կապված է մի շարք անլուծելի խնդիրների հետ` սկսած Հալեպից դեպի Դամասկոսի օդանավակայան տանող ճանապարհի գնդակոծության վտանգից, ավարտած նման զանգվածային տարհանման խիստ անցանկալի քաղաքական հետեւանքներով: Եվ, բնականաբար, սիրիահայերին փրկելու կոչերով հանդես եկող հայ մտավորականներն ու քաղաքական գործիչները դա շատ լավ հասկանում են, այլ խնդիր է, որ ՀՀ իշխանությունները չեն հասկանում կամ ձեւացնում են, թե չեն հասկանում, որ կարող են լինել եւ կան բազմաթիվ այլ ճանապարհներ` մեր հայրենակիցներին մաս-մաս, փոքր խմբերով դուրս բերելու համար երկրից:
Եվ, առհասարակ, ինչու քարտեզների գիտակ ԱԳ նախարարության խոսնակը չի մտաբերում ավելի վաղ` դեռ երկու տարի առաջ, այս հարցի շուրջ ՀՀ իշխանություննների, այդ թվում եւ անձամբ իր ղեկավարի արած բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ առայժմ միջամտելու եւ սիրիահայերին տարհանելու կարիք չկա, սակայն երբ պաշտոնական Երեւանը զգա, որ դա է մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու միակ ելքը, ապա առանց հապաղելու բանակցություններ կսկսի Սիրիայի իշխանությունների հետ` տարհանումն ապահովելու համար: Հիմա, սակայն, պարզվում է, որ ՀՀ ԱԳՆ-ում ուսումնասիրել են Սիրիայի քարտեզը ու հասկացել, որ դա հնարավոր չէ, ու դեռ մի բան էլ` իրենց անգործությունը քննադատողներին խրատներ են տալիս:
Թեպետ ԱԳՆ խոսնակի այս պատասխանը չպետք է զարմանալի լինի: Եթե նրա ղեկավարն իր` օրերս Սիրիա կատարած այցից այնքան գոհ է, որ երկրորդում է իրեն համայնքի ղեկավարներից մեկի ասած հաճոյախոսությունը, իբր իր այցը սիրիահայերի համար վիտամին էր, այն դեպքում, երբ տասնյակ սիրիահայեր սոցիալական ցանցերում եւ տարբեր լրատվամիջոցներում իրենց հուսախաբությունն էին արտահայտում Նալբանդյանից եւ ավելի բարձր sos գոչում, բնական է, որ ԱԳՆ խոսնակն էլ պետք է հրապարակավ վրդովվի իր շեֆին ուղղված ցանկացած քննադատությունից:




Լրահոս