Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Ըստ պատշոնական տեղեկատվության՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ ընդգծել բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ այն համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը: ԼՂՀ նախագահը նաեւ մատնանշել է Ադրբեջանի կողմից վարվող խիստ ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքվի պահվածքը որակելով որպես տարածաշրջանում կայունության սպառնալիք, միջազգային նորմերի ու սկզբունքների կոպիտ ոտնահարում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: «Ժողովուրդ»-ն այս առիթով երեկ մի քանի հարց է ուղղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսանակ Դավիթ Բաբայանին:
-Պարո՛ն Բաբայան, ե՞րբ էր վերջին անգամ նման հանդիպում եղել, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Երեւան էր այցելել` հանդիպելու համար ԵԱՀԿ գործող նախագահի հետ: Ինչո՞ւ է որոշվել այդ հանդիպումը կազմակերպել Երեւանում:
-Ամեն տարի էլ նման հանդիպումներ լինում են: Արցախի ներկայիս նախագահը նմանատիպ հանդիպումներ ունեցել է 2007 թվականից սկսած: Դուք գիտեք, որ ԵԱՀԿ նախագահն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով՝ մեկ տարի ժամկետով, եւ այս ընթացքում բոլոր գործող նախագահները հանդիպումներ ունեցել են Արցախի Հանրապետության նախագահների հետ:
-Իսկ այս հանդիպման նպատակը ո՞րն էր, կոնկրետ ո՞ր խնդիրների շուրջ են ծավալվել քննարկումները, եւ ինչպիսի՞ որոշումներ են կայացվել:
-Քանի որ ԵԱՀԿ նախագահը մեկ տարով է ընտրվում, իրենց համար շատ կարեւոր է գալ, ծանոթանալ մոտեցումներին՝ եւս մեկ անգամ տեսնելու համար, թե ինչ հրատապ խնդիրներ կան, եւ որքանով իրենք կարող են օգտակար լինել դրանց լուծմանը: Այսինքն՝ ընդհանուր քննարկումներ էին, մտքերի փոխանակում, հակամարտության կարգավորման, բանակցային գործընթացի, սահմաններում տիրող իրավիճակի շուրջ:
-Ասել է թե` որեւէ արտառոց բան չկա՞, որ ԼՂՀ նախագահը Ստեփանակերտից եկել է Երեւան` ԵԱՀԿ նախագահին Արցախի դիրքորոշումն անձամբ ներկայացնելու համար:
-Այո՛, սա ընդուված ձեւաչափ է: Ճիշտ է՝ կա մի նրբություն, միշտ էլ Արցախի Հանրապետության նախագահն ընդգծում է, որ նման հանդիպումները պետք է տեղի ունենան Ստեփանակերտում, ԵԱՀԿ գործող նախագահը պետք է կարողանա այդ կարծրատիպը հաղթահարել եւ ինքը անձամբ գալ Ստեփանակերտ` հանդիպելու թե՛ նախագահի, թե՛ տարբեր պաշտոնյաների հետ, նաեւ ծանոթանալու երկրին: Գիտեք՝ այսպես դիստանցիոն կարգավորման փորձերը, ճիշտ է, կարեւոր են, բայց համապարփակ, ավելի խորը պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է, որ անձամբ լինեն Արցախում:
-Իսկ Արցախը մերժո՞ւմ է ստացել, երբ ԵԱՀԿ նախագահին Արցախ է հրավիրել, ընդհանրապես, ԵԱՀԿ-ի կողմից ինչպե՞ս է պատճառաբանվում այդ կառույցի նախագահի` Արցախ չգալու իրողությունը:
-Չէ, կտրականապես մերժում չենք ստանում, մեզ ասում են, որ կաշխատենք, հույսով ենք, անպայման եւ այլն: Բայց գիտեք, որ դրա համար ժամանակ է պետք, ու մենք էլ ենք դա շատ լավ հասկանում, բայց աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի այդ ձեւաչափն արդեն դառնա ընդունելի եւ գործնական, երբ նրանք կգան Արցախ ու հանդիպում կունենան Արցախի պաշտոնյաների հետ:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների վրա այս օրերին գերտերությունները փորձում են լուրջ ճնշումներ բանեցնել՝ խնդիրը արագ կարգավորելու համար: Անգամ նշվում է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան բոլոր հնարավոր միջոցներով հայկական կողմին «համոզում» են ազատագրված տարածքները հանձնել, որքանո՞վ են ճիշտ այս տեղեկությունները:
-Որեւէ ճնշում չկա, ու ես կարծում եմ, որ չի էլ կարող լինել, որովհետեւ նույն այդ պետությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք չեն կարող պարտադրել որեւէ որոշում: Իրենք կարող են միայն աջակցել փոխզիջումային տարբերակի ընդունմանը, մշակմանը եւ այլն: Միակողմանի զիջումն, ընդհանրապես, բացառված է, հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումներով, մենք դա հասկանում ենք, բայց չի կարող լինել միանշանակ զիջում, առավել եւս չի կարող լինել վերադարձ անցյալին թե՛ կարգավիճակի, թե՛ սահմանների առումով: Սա բազմիցս պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է թե՛ նախագահի, թե՛ այլ պաշտոնյաների մակարդակով, եւ կարծում եմ, որ ողջ հայությունն է այդպես մտածում: Կարգավորման առումով որեւէ ճնշում չի կարող գործադրվել: Եթե Ադրբեջանը ինքը խախտում է հրադադարի ռեժիմը, նույնիսկ այս տարբերակում էլի միջազգային հանրությունը ճնշում չի գործադրում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՐՑԱԽԻՑ ԷԼԻ ԿԱԴՐԵՐ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ
Երեկվանից Արցախի եւ Հայաստանի իշխանական վերնախավում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը շուտով կազատվի զբաղեցրած պաշտոնից եւ կտեղափոխվի Հայաստան՝ շարունակելու իր ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում:
Որքանո՞վ են իրական այս լուրերը: Armlur.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ՝ պարզելու իրականությունը:
-Պարո՛ն Հակոբյան, այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:
-Չգիտեմ:
-Նման բան նախատեսվո՞ւմ է:
-Ես նման բան չեմ նախատեսում:
-Իսկ ո՞վ է նախատեսում, կամ առաջարկ եղե՞լ է:
-Ո՛չ, առաջարկ չի եղել: Մեզ չեն առաջարկել:
-Եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:
-Դուք զինվորական պիտի լինեք, որ ես կարողանամ հարցին պատասխանեմ:
-Ամեն դեպքում, եթե առաջարկ չկա, Դուք էլ տեղյակ չեք, ապա ինչո՞ւ են նման լուրեր շրջանառվում:
-Իսկ ինչա՞, չի՞ կարելի տեղափոխվել Հայաստան: Զինվորական մարդ եմ, ծառայում եմ հայկական բանակում, որտեղ էլ տեղափոխեն, ծառայելու եմ: Երբ տեղափոխվեմ, Դուք կիմանաք:
Հ. Գ. Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նախկինում զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հրամանատարի պաշտոնը, որից հետո եկավ Երեւան, նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այնուհետեւ դարձավ ՀՀ պաշտպանության նախարար: Ի դեպ, Օհանյանն ու Հակոբյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունեն միմյանց հետ:
Իսկ այն, որ առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում հատկապես ուժային կառույցներում, թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ այլեւս: Առջեւում ՀՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացն է, ինչը լուրջ փորձություն է իշխող վերնախավի համար: Պարզապես անհասկանալի է, թե ինչու են ՀՀ գործող իշխանությունները նախընտրում Արցախի կադրերին Հայաստան բերել: Արդյո՞ք Հայաստանում կադրերի այնպիսի սով է, որ ամեն անգամ ստիպված ենք լինում այդ բացը լրացնել Արցախի հաշվին:
ԹՈՒՂԹ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ»-ը վարորդներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ շատ գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելուց առաջ գազալցակայանի աշխատակիցներն արդեն վարորդներից պահանջում են ցույց տալ գազի բալոնի փաստաթղթերը, այնուհետեւ լիցքավորողներն իրենք անձամբ են ստուգում ավտոմեքենայի գազի բալոնների վիճակը եւ ամեն ինչ կարգին լինելու դեպքում նոր միայն լիցքավորում են: Ըստ վարորդների՝ արդեն պարբերաբար կարելի է ականատես լինել դեպքերի, երբ գազալցակայանում հրաժարվում են լիցքավորել այն ավտոմեքենաները, որոնց գազի բալոնները կասկածելի վիճակում են: Գազալցակայանների աշխատակիցները վարորդներին տեղեկացնում են, որ իրենց խիստ հրահանգված է անսարք վիճակում եւ փորձաքննության չանցած գազի բալոնները չլիցքավորել: Հասկանալի է, որ այս օգտակար նորամուծության առիթը գազալցակայաններում պարբերաբար հնչող պայթյուններն են: Միայն մայիսին գազալցակայաններում պայթյունի չորս դեպք է արձանագրվել, որոնց հետեւանքով զոհվել է չորս մարդ:
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, պարզվում է, այդքան էլ համեստ ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները, 2014 թվականի հայտարարագրի համաձայն, կազմել են 700 մլն դրամ, 812 հազար դոլար եւ 40 հազար եվրո: Մինչդեռ պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 670 հազար դրամ: Սակայն նրա ապրուստի միակ միջոցը աշխատավարձն ու «Եվրոստան ույուտ» ընկերությունը չեն եղել: Անցած տարի նա որպես շահաբաժին ստացել է 23 մլն 50 հազար դրամ: Բացի այդ Մանվել Բադեյանն 2014 թվականին 208 մլն դրամ արժեքով վաճառել է ինչ-որ հողամաս:
ԿՐԿԻՆ, ԲԱՅՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Երեկ լուրեր տարածվեցին այն մասի, որ «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է գնել Իրան-Հայաստան գազատարը: Այս տեղեկությունն առաջին հայացքից անհեթեթ էր հնչում, քանի որ բոլորին հայտնի է, որ այդ գազատարը վաղուց` դեռեւս 2007 թվականին էր վաճառվել, այն ժամանակ դեռեւս «Հայռուսգազարդին», որը հետագայում դարձավ «Գազպրոմ Արմենիա»: Սակայն, պարզվում է, 2007-ին կնքված գործարքն այդպես էլ ավարտին չէր հասցվել. «Հայռուսգազարդի» եւ գազատարի սեփականատեր «Բարձրավոլտ էլէկտրական ցանցեր» պետական ընկերության միջեւ պայմանագիր էր կնքվել, 30 մլն դոլարի կանխավճար էր տվել, բայց գույքը մինչ օրս չէր փոխանցվել գնորդի հաշվեկշիռ: Ենթադրվում է, որ առաջիկայում կիրականացվի գազատարի վերջնական գնահատում, եւ «Գազպրոմ Արմենիան» կվճարի գազատարի արժեքի տարբերությունը, եւ այն վերջնականապես կդառնա ռուսական այդ ընկերության սեփականությունը: