ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության մայիսի 21-ի նիստում հայտարարել էր, որ այս տարի առնվազն 2-3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվելու: Նա նման հայտարարությամբ էր հանդես եկել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարոթյան կազմած տեղեկանքով ընթացիկ տարում կարող է 2 տոկոս տնտեսական անկում արձանագրվել: Միջազգային կառույցները եւս այս տարվա համար Հայաստանում տնտեսական անկում են կանխատեսել: Սակայն Հովիկ Աբրահամյանի մոտեցումը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի պաշտոնական վիճակագիրներն առաջիկայում իրենց կոկորդը պատռեն էլ, պարտավոր են լինելու տնտեսական աճ գրել:
Նկատենք, որ պաշտոնական վիճակագիրները երեք օր առաջ հրապարակեցին այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրական տվյալները: Ըստ այդմ, պարզվում է, որ Հայաստանում առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել: Առեւտրի շրջանառության անկումը նշանակում է Հայաստանի բնակչության գնողունակության անկում, նշանակում է մարդկանց աղքատացում: Այսպիսով, այս տարվա առաջին չորս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտուրը նվազել է 7,6 տոկոսով, կամ նույն է թե՝ 46 միլիարդ դրամի չափով: Այս տարվա ապրիլին առեւտրի շրջանառությունը, անցած տարվա նույն ամսի համեմատ, նվազել է 11 տոկոսով: Սակայն ամենավտանգավոր եւ իր մեջ սպառնալիք պարունակողն այն փաստն է, որ ապրիլին առեւտուրը նվազել է անգամ նախորդ ամսի` այս տարվա մարտի համեմատ 4 տոկոսով: Սա թերեւս արտառոց երեւույթ է: Նախ, որպես կանոն, առեւտրի տեսանկյունից ամենապասիվ շրջանը տարվա առաջին երկու ամիսներն են, իսկ դրանից հետո առեւտուրը գնալով աճում է: Ավելին՝ Հայաստանում ապրիլին նշվում է Սուրբ Զատիկը, որի արդյունքում առեւտուրը բավականին աշխուժանում է: Սակայն այս տարվա ապրիլը նախորդ տարիներից առանձնանում էր նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումներով, որոնք տեղի ունեցան հենց ապրիլին: Այդ ամսին տուրիստների մեծ բազմություն այցելեց Հայաստան, ինչը չէր կարող առեւտրի վրա իր ազդեցությունը չթողել: Բայց որքան ողբերգական է վիճակը, որ բնական եւ արհեստական նպաստավոր պայմանների պարագայում անգամ արձանագրվել է առեւտրի շրջանառության անկում:
Այնուամենայնիվ, ինչու է Հովիկ Աբրահամյանն անընդհատ հորդորում սպասել մինչեւ տարվա երկրորդ կեսը, այդ ինչ պետք է տեղի ունենա այդ ժամանակ, որ պաշտոնական վիճակագիրներին թույլ կտա տնտեսական աճ գրել: Այս հարցի պատասխանը շատ պարզ է՝ վարչապետի հույսը գյուղատնտեսությունն է: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է սպասել մինչեւ պտուղ-բանջարեղենի առեւտուրն ամբողջ թափով ծավալվի: Դրանից հետո տնտեսական աճի արձանագրումը կդառնա արդեն տեխնիկայի հարց: Ասենք՝ միայն ծիրանի եւ մի քանի այլ պտղի հաշվին պաշտոնական վիճակագիրները հնարավորություն կունենան ուզածդ աճը գրել: Այսինքն՝ պտղի բերքի ծավալները եւ դրանց գինը նրանք կգրեն այնքան, որքան իրենց անհրաժեշտ կլինի՝ աճի կոնկրետ ցուցանիշ ապահովելու համար: Սա այն հարթությունն է, որտեղ պաշտոնական վիճակագիրները, մեղմ ասած, լիարժեք ստեղծագործական ազատություն ունեն: Ոչ ոք չի կարող ասել, թե, ասենք, ինչու են ծիրանի բերքի թիվը նրանք գրել 80 կամ 90 հազար տոննա, կամ ինչու են միավորի գինն 1000 կամ 800 դրամով հաշվարկել ու այսպես շարունակ:
Ի դեպ, ուշագրավ է, որ միջազգային կառույցները փորձում են Հովիկ Աբրահամյանին համոզել, որպեսզի նա ձեռնպահ մնա թվերով տնտեսական աճ գրելուց: Մասնավորապես, Հայաստանում արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց եւ ՀՀ Կառավարության գնահատականները տնտեսական աճի հարցում չեն համընկնում: «Մինչ այժմ մենք չենք տեսնում, որ Հայաստանում տնտեսության բարձր աճ է տեղի ունենում»,- ասել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը: Իսկ որպեսզի իրական տնտեսական աճ լինի, ըստ Թերեզա Դաբան Սանչեսի, անհրաժեշտ է «շատ մրցակցություն, տնտեսության մեջ ավելի շատ դերակատարներ, խաղի կանոնների պահպանում, բիզնես միջավայր, սա նշանակում է արդար դատական համակարգ»: Այլ կերպ ասած՝ ԱՄՀ-ի ներկայացուցիչը վարչապետին փորձել է հասկացնել, որ միեւնույն է՝ թիվ նկարելով խնդիրը չի կարող լուծվել, եւ բնակչության սոցիալական վիճակն էլ չի լավանա: Իսկ եթե ՀՀ Կառավարությունն իսկապես ցանկանում է տնտեսությունը զարգացնել, ապա պետք է վերը բերված պայմաններն ապահովի: Բայց ողջ խնդիրն այն է, որ վերը բերված պայմանների բացակայությունն է ներկա իշխանությունների գոյության գրավականը: Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները եվրոպացի պաշտոնյաների նման խորհուրդներին հետեւեն, ապա կկորցնեն իրենց իշխանությունը: Այդ դեպքում էլ նրանց համար էական չի լինի՝ տնտեսությունն աճում է, թե անկում ապրում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՉԻ ԳՆԱ ՄԱՏԱՂ ՈՒՏԵԼՈՒ
ՕԵԿ-ը երեք օր առաջ հայտարարություն տարածեց, որով քաղաքական ուժերին հորդորում էր միասնական քաղաքական օրակարգ ձեւավորել: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից փորձեց պարզել, թե արդյոք իրենք պատրաստվում են ՕԵԿ-ի հայտարարությունն իրենց խմբակցություններում քննարկել: Սակայն խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները միաբերան պնդում էին, որ հայտարարության հետ ծանոթ չեն եւ չեն քննարկել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ՕԵԿ-ից առաջարկ չեն ստացել: Իսկ արտախորհրդարանական ուժերից «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «ՕԵԿ-ի հետ ես մատաղ ուտելու անգամ չեմ գնա»:
Երեկ ողջ օրը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից փորձեցինք պարզել, թե ովքեր են միացել իրենց նախաձեռնությանը, ովքեր են համաձայնել քաղաքական կոնսուլտացիաների մասնակցել, սակայն ապարդյուն, նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:
ԱԿՆՈՑ՝ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, արդեն սկսել է այլ ճանապարհով շահել արտաշատցիների սրտերը: «Ժողովուրդ»-ը արտաշատցիներից տեղեկացավ, որ այս օրերին Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբում հերթագրում են այն քաղաքացիներին, ովքեր ունեն աչքերի տեսողության կամ ատամների հետ կապված խնդիրներ:
Տեսողության խնդիր ունեցողներին խոստանում են անվճար օպտիկական ակնոց բաժանել, իսկ ատամների հետ կապված բողոք ունեցողներին խոստանում են ուղարկել բուժման: Արդյունքում, արդեն մի քանի օր է՝ նախընտրական շտաբը լցված է քաղաքացիներով:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը կապվեց ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանի հետ, որը Հովիկ Աբրահամյանի զարմուհին է: Նա հայտարարեց, որ անվճար ակնոց բաժանելու եւ ատամնաբույժի ծառայություն տրամադրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«ԶԻԳԶԱԳԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Զիգզագ» ՍՊԸ-ն տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Պարզվում է՝ ընկերության մաքսային մասնագետը հայտարարագրել է ապրանքներ, սակայն ավելի ուշ բացահայտվել է, որ փաստաթղթում ներկայացված տվյալները ճշգրիտ չեն եղել, ինչի արդյունքում ընկերությունը 46 հազար դրամով քիչ գումար է վճարել պետբյուջե: Կատարված խախտման համար, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարությունը նրան տուգանել է 26 հազ. դրամի չափով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներին եւ տարածաշրջանի մարտահրավերներին:
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ
Բաքվից Թբիլիսի, ապա Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում երեկ ասել է.«Ադրբեջանն առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Կարծում եմ՝ սա նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար մենք կոսենսուսով կայացված որոշման կարիք ունենք, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից: Միգուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել»:
ԿՎԵՐԱԲԱՑԵ՞Ն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Պրահայի իր կեցավայրում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու եւ քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները:
ԻՍԿ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ՞ՔԸ»
«ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հաշվի առնելով Հայաստանում գործող ավանդույթը, որ առանց Բաղրամյան 26-ի գիտության որեւէ հարց չի նախաձեռնվում, առավել եւս՝ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական ռեկորդային բարձրացման հայտը, այնուամենայնիվ, այս վիճակի պատասխանատուն նաեւ, այսպես կոչված, այն քաղաքական ուժերն են, որոնք բացահայտ կամ ստվերային համագործակցել, աջակցել ու շարունակում են աջակցել ռեժիմին, պատասխանատու են բոլոր նրանք, որոնք իրենց մտավորական հորջորջելով, պետականամետության կարգախոսի քողի տակ լուծելով անձնական խնդիրները՝ շղարշ են ձեւավորել վարչախմբի համար, պատասխանատու են նաեւ այն քաղաքացիները, որոնք համապետական ընտրություններին, վերցնելով 5-10 հազար դրամ, գնում են ընտրատեղամաս, որով հնարավորություն ընձեռում վարչախմբին ցինիկ ձեւով ընտրությունները թվանկարչությամբ կեղծելու եւ շարունակել հոշոտել երկիրն ու կազմաքանդել պետությունը»:
ՆՈՐՄԱԼ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը նորմալ է վերաբերվում իր եղբայրների` Սերժ եւ Ալեքսանդր Սարգսյանների հասցեին հնչող քննադատություններին: «Ա1+»-ի հետ զրույցում նա մերկապարանոց է որակել այն մեղադրանքները, թե Ալեքսանդր Սարգսյանը երկրում տնտեսական թալանով է զբաղված. «Բոլոր մեղադրողները թող գնան ու ապացուցեն: Ես միայն դա կարող եմ ասել»,- հակադարձել է Սերժ Սարգսյանի եղբայրը: