«Ժողովուրդ»-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2015թ մայիսի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց դատական նիստում որոշել է մերժել Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Վարդապետյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանի որոշման:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015թ մարտի 20-ին Շիրակի մարզի Ողջի համայնքում ոչխարի գողության դեպք էր արձանագրվել: Ինչ-որ մարդիկ մտել էին գյուղի բնակիչներից Սարգիս Ավագյանի անասնագոմ եւ շուրջ 490.000 հազար դրամի արժողությամբ 6 գլուխ ոչխար գողացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով եւ զգալի չափերով գաղտնի հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով: Ու մինչ քննիչը կհասցներ անցնել իր գործողություններին` հասկանալով, թե ով կամ ովքեր են փորձել վատություն անել Սարգիս Ավագյանին` գողանալով նրա ոչխարները, զարմանալի շրջադարձ էր տեղի ունեցել: Մարտի 27-ին հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանը որոշում էր կայացրել քրեական գործը քննող քննիչին հեռացնել վարույթից:
Եւ, ահա, քննիչն էլ այլ ելք չունենալով՝ դիմում էր գրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ փորձել դատարանի միջոցով արդարության հասնել: Այս դեպքը աննախադեպ է այնքանով, որ առաջին անգամ է քննիչը իրեն վերահսկող դատախազի որոշումն անհիմն համարում ու առավել եւս փորձում դատարանով արդարության հասնել:
Բայց պարզվում է՝ քննիչի բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը որոշել է մերժել: Բայց նա մերժել է ոչ թե հիմնավորմամբ, որ դատախազը արդար է, այլ միանգամայն ուրիշ շեշտադրումներով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը այդ վեճը համարել է քաղաքացիաիրավական հարթությունում լուծվող հարց: Հետեւաբար վճռել է հայցը մերժել՝ առաջարկելով քննիչ Էդգար Վարդապետյանին հայցը դարձնել վարչական վարույթի քննարկման առարկա եւ այդ ճանապարհով լուծում տալ խնդրին:
Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրած որոշումը չի բավարարել քննիչ Էդգար Վարդապետյանին: Նա մերժման մասին որոշումը ստանալուց հետո այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Տեսնենք, թե ինչ հանգուցալուծում կունենա խնդիրը:
Նշենք, որ քննիչ-դատախազ փոխհարաբերությունների լարվածության մասով սա առաջին եւ գուցե նաեւ վերջին դրսեւորումը չէ: Ինչպես հայտնի է՝ դատախազությունը երկար ժամանակ է, ինչ տարբեր գրություններով փորձում է ՀՀ քննչական կոմիտեից ստանալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով հարուցված քրեական գործը: Սակայն քննչական կոմիտեն հրաժարվում է քրգործը տրամադրել: Այսպիսի նախադեպ նախկինում երբեւէ չի եղել: Մշտապես գործը հսկող դատախազը կարողացել է ցանկացած պահի ստանալ ցանկացած տեղեկություն՝ գործի քննության ընթացքի վերաբերյալ: Բայց հիմա արգելքներ կան: Թերեւս առաջիկայում մի հայց էլ դատախազությունը պետք է դատարան ներկայացնի՝ պահանջելով իրեն հանձնել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ կատարված ծեծի առիթով հարուցված քրեական գործը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԵԿ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ՀՈՒՅՍՈՎ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքում տեղի ունեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին սպասում է գործով տուժող, Մոսկվայում վիրահատության ենթարկված Հարութ Զաքարյանին, որի Հայաստան վերադառնալուց, ցուցմունք տալուց հետո արդեն մեղադրյալների շրջանակը պարզ կլինի: Ըստ էության, եթե Հարութ Զաքարյանն իր ցուցմունքում գրի Սուրիկ Խաչատրյանի որդու անունը, ապա մարզպետի որդին եւս պատասխանատվության կենթարկվի, իսկ եթե ոչ, թերեւս այս անգամ էլ «ջրից չոր դուրս կգա»: Կանի՞ դա տուժողը, թե ոչ, դեռ վաղ է ասել: Բանն այն է, որ, մինչ այս, հարցաքննվածների մեծ մասը մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին որեւէ հիշատակում չի արել գրավոր ցուցմունքներում:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Նորաստեղծ «Ալյանս» կուսակցության երիտասարդական թեւը հունիսի 10-ին Հանրապետության հրապարակում` Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության դիմաց, հանրահավաք կանցկացնի: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: «Հոսանքի թանկացումն այն խնդիրն է, որը հուզում է ՀՀ ցանկացած քաղաքացու: Հավաքը բաց է լինելու, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել»,- ասաց խոսնակը: Հարցին` հանրահավաքին կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը մասնակցելո՞ւ է, Վարդան Քոչարյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Դա երիտասարդական թեւն է կազմակերպում: Տեխնիկական հարցերը դեռ քննարկման փուլում են: Ես այժմ չեմ կարող պատասխանել` պարոն Ուրիխանյանը կմասնակցի՞, թե՞ ոչ: Լինելու են հիմնականում երիտասարդներ»: Քոչարյանի խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելուց բացի՝ նաեւ գլխավոր դատախազությունից պահանջելու են, որպեսզի ՀԷՑ-ում տեղի ունեցած գողությունների վերաբերյալ նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունների հիման վրա քրեական գործ հարուցեն: «Որպեսզի չարաշահումներն իրագործողները եւ, ինչպես ասել է Երվանդ Զախարյանը, գողություն անողները պատժվեն»,- նշեց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակը:
ՊԵԼԵՆ ԷԼ ՔՆՆԱԴԱՏԵՑ
Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն, մեկնաբանելով ՖԻՖԱ-ի շուրջ տեղի ունեցածը, ասել է, թե կազմակերպությունը կարիք ունի այնպիսի մարդկանց, որոնց կարելի է հավատալ։ BBC-ի հետ հարցազրույցում Պելեն ընդգծել է, որ կատարվածը վերաբերում է ոչ թե առանձին մարդկանց, այլ բոլոր ֆուտբոլիստներին եւ ֆուտբոլասերներին։
ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Ալավերդի քաղաքը դեռ 45 օր կմնա ծխագազերի ինտենսիվ ազդեցության ներքո, քանի որ հենց այդքան ժամանակ է անհրաժեշտ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի եւ ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներն ավարտելու համար: Այս կապակցությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի` «Ալավերդու Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանին ուղղված պատասխան նամակում գրված է. «Այդ ժամանակահատվածում գործարանի մետալուրգիական գործունեության արդյունքում գոյացող ծխագազերը հեռացվելու են նախկին` 100 մետրանոց ծխնելույզով: Ընկերությունը հայցում է Ալավերդու եւ բացասական ազդեցության հնարավոր բարձրացման ենթակա այլ համայնքների ազգաբնակչության ըմբռնումը»:
«Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ»-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Մենք հարկեր ենք վճարում ոչ նրա համար, որպեսզի նրանք դեմագոգիայով զբաղվեն եւ փորձեն համոզել, որ իրենց վատ աշխատանքն այլընտրանք չունի եւ կարող է անպատիժ մնալ։ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մեկ անգամ եւս հիշեցնում է «ոչ մի լումա ավել» պահանջն ու զգուշացնում, որ երկրի ղեկավարությունը ստանձնած խումբը զերծ մնա ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճից եւ ամենասեղմ ժամկետներում երաշխիքներ տրամադրի էլեկտրաէներգիայի սակագնի չթանկանալու մասին, սկսեն աշխատանքներ սակագնի իջեցման գործընթացի ուղղությամբ, այլապես մենք նպատակահարմար չենք գտնում նրանց հետագա պաշտոնավարումը»:
ՏԱՔՍԻՍՏԸ ԵՐԿՐԱՊԱՀ Է
Հայտնի դարձած տաքսիստ Արման Գալստյանը հաստատել է տեղեկությունը, որ ԵԿՄ անդամ է: Ավելին՝ ԵԿՄ Էրեբունու վարչական շրջանի կառույցի նախագահն է 2010 թվականից: «Սա նորություն չէ, ամբողջ Երեւանն էլ գիտի: Ուղղակի, որ ասում են՝ մի անխելք գետը քար է գցում, տասը խելոք չեն կարողանում հանել, հիմա դա է: Պարապ են մնացել, անկապ բաներ են գրում… շրջանառվող տեսանյութում անցած տարվա մայիսի 28-ին Սարդարապատի Ղարաքիլիսայի ու էդ տոների հետ կապված հավաքին են ինձ կադրում բռնացրել երկրապահների հետ, է, դե թող սպարապետ Սարգսյանի մասին ելույթներս էլ ման գան, լսեն: Էդ ի՞նչ են բացահայտել, որ մի հատ էլ գրում են Արման Գալստյանի դիմակը պատռվեց»,- Aravot.am-ին ասել է հայտնի տաքսիստը: