ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան իրականության շուրջ «Վիկիլիքսի» կատարած բացահայտումներից այս մեկը վերաբերում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած շրջանին: Փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում տվյալ պահին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, որը ներկայացնում է ամերիկյան կողմի եւ իշխանության առանցքային մի շարք պաշտոնյաների քննարկումների մանրամասները:

Այդ հանդիպումներին ՀՀ իշխանությունների կողմից մասնակցել են այդժամ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, այժմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու այն ժամանակ ԱԳՆ Ամերիկյան վարչության պետ, այսօր Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը: Զեկուցագրից ակնհայտ է, որ իշխանության վերոնշյալ ներկայացուցիչներն ամեն կերպ փորձել են մեղմել քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների ազդեցությունն ու ԱՄՆ-ին համոզել շնորհավորելու Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:
Այսպես, ամերիկացի դիվանագետը նախ փոխանցում է Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի տված տեղեկությունները եւ նրա հետ ունեցած զրույցը: Գեւորգյանը համառորեն հայտարարում էր, որ Հայաստանը չի ուզում հիասթափվել որեւէ երկակի ստանդարտներ պարունակող հայտարարությունից: Հիշատակելով նաեւ ՀՀ այսօր արդեն նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանին՝ Փենինգտոնը նկատում է, որ բանախոսների հիմնական զենքը տվյալ ժամանակափուլում Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ համեմատությունն էր՝ հօգուտ հայկականի: Վարդան Օսկանյանը պնդել է, որ ԱՄՆ կառավարության հայտարարությունը չպետք է հիմնվի միայն «վատ» կամ «սաստիկ վատ» որակումները ստացած ընտրատեղամասերից ստացված արդյունքների վրա: Նա ցուցադրաբար նկատել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարությունը թյուրըմբռնում կառաջացնի Հայաստանի քաղաքացիների մոտ: Գեւորգյանն էլ հավելել է, որ Հայաստանի իշխանությունը չի ուզում, որ ընդդիմությունը քաջալերվի ամերիկյան հայտարարությամբ:
Ամերիկյան փաստաթղթերի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանը հայտնել է նաեւ իր ու Քոչարյանի հեռախոսազրույցի մասին: Ըստ նախկին ԱԳՆ-ի՝ Քոչարյանն ուզում էր, որ ամերիկյան կողմն իմանա իշխանությունների նպատակների մասին, ըստ որի՝ բոլորատեսակ բողոքների ու անճշտությունների առիթով արդեն իսկ քննություններ են սկսվել: Այդ կապակցությամբ Քոչարյանը խնդրում էր ԱՄՆ կառավարությանը հետաձգել ընտրությունների կապակցությամբ հայտարարությունը, մինչեւ որ բողոքների քննությունը եւ վերահաշվարկներն ավարտվեն: Հատկանշական է, որ Արմեն Գեւորգյանն ու Վիգեն Սարգսյանը խոստացել են թույլ տալ միջազգային դիտորդներին ու ընդդիմությանը ազատորեն ներգրավվելու վերահաշվարկի գործընթացում: Հետաքրքիր է, որ ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած վերահաշվարկի մասին իր մեկ այլ զեկուցագրում նույն Փենինգտոնը արձանագրել էր տեղի ունեցած խայտառակությունն ու բռնությունների նոր ալիքը: Այսինքն` մի կողմից բարձրաստիճան պաշտոնյաները խոստանում էին մասնակցել վերահաշվարկին, մյուս կողմից երկու-երեք օր անց առ ոչինչ են լինում նրանց խոսքերը, քանի որ բանդաները բռնությամբ կանխում էին վերահաշվարկի գործընթացը:
ԱՄՆ դիվանագետները հայաստանյան պաշտոնյաներին հայտնել են իրենց մտահոգությունների մասին: Նրանք նկատի են ունեցել հատկապես այն ընտրատարածքները, որտեղ մասնակցությունն ավելին է եղել, քան 90 տոկոսը, եւ ձայների բացարձակ մեծամասնությունը եղել է հօգուտ Սերժ Սարգսյանի: Ամերիկացիների անհանգստությունների շարքում են քվեատուփերի լցոնումները, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ծեծն ու տեղամասերից առեւանգումը: Սրան ի պատասխան՝ իշխանության ներկայացուցիչները նկատել են, որ դրանք 10-15 տոկոս տեղամասերին են վերաբերում, եւ այդպիսի «տեխնիկական» խնդիրները չէին կարող ազդել ընտրությունների ելքի վրա: Փաստորեն մարդկանց ծեծելն ու առեւանգելը իշխանության համար տեխնիկական խնդիր է:
Նկատենք, որ Վ. Սարգսյանն ու Ա. Եգանյանն էլ իրենց հերթին հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն Ս. Սարգսյանին ուղղված շնորհավորական տարրեր պարունակող հայտարարություն կանի: Ավելին՝ Եգանյանը ոչ պաշտոնապես փոխանցել է, որ եթե ամերիկացիները լավ հարաբերություններ հաստատեն Ս. Սարգսյանի հետ, նա կոգեւորվի հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներով ու անտարբեր կեցվածք կորդեգրի հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ: Ըստ էության, հայ դիվանագետները բավականին մանր աճպարարությունների են դիմել՝ ամերիկացիների զայրույթն աննախադեպ կեղծիքներից շեղելու համար: Ի վերջո, որքան էլ ամերիկացիները սատարեին Սերժ Սարգսյանին, միանգամայն անակնկալի էին եկել կեղծիքների այդպիսի մասշտաբներից:
Վերջում Փենինգտոնը հիշատակում է Արմեն Գեւորգյանի բազմազան խոստումները իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: Գեւորգյանը խոստացել է, որ իշխանությունը հետընտրական մթնոլորտն ավելի լավ կապահովի, քան նախընտրականը: Նրա պնդմամբ՝ ընտրախախտումների բոլոր պատասխանատուները կպատժվեն, ընդհուպ մինչեւ բանտարկություն: Նա վստահեցրել է, որ իրենք իրավիճակի լարման հարցում որեւէ շահագրգռվածություն չունեն, ինչը զգալիորեն շոյել է Փենինգտոնին: Վերջինս արձանագրել է, որ Գեւորգյանը «շատ ճիշտ բաներ» է ասել ու արտահայտել իշխանության «անկեղծ» պատրաստակամությունը:
Հատկանշական է, որ Փենինգտոնը կարծես միտումնավոր է հավատում Գեւորգյանի «անկեղծությանը»՝ մոռանալով, որ սա նույն Գեւորգյանն էր, որն այդ դեպքերից մեկ տարի առաջ ամերիկացիներին մեղադրում էր հեղափոխության հրահրման մեջ ու ՀՀ-ում գտնվող ամերիկյան մի շարք կազմակերպությունների փակման պահանջներ ներկայացնում: Անգամ այս մանր դրվագով է երեւում ամերիկյան նախապատվությունը գործող իշխանությունների նկատմամբ: Վերջում փաստենք, որ Գեւորգյանի խոստացած ավելի լավ հետընտրական մթնոլորտի գագաթնակետը Մարտի 1-ը եղավ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԳԱՅԼԸ ՀՈՇՈՏԵԼ Է ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿ ԳԱՌՆԵՐԻ
Շիրակի մարզի Կամո համայնքը ենթարկվել է գայլի հարձակման: Գիշատիչը գիշերով մտել է Բագրատ Խաչատրյանին պատկանող անասնագոմն ու ոչնչացրել 20-25 ոչխար ու գառ: Անասնատերը սարսափելի տեսարանին ականատես է եղել վաղ առավոտյան, երբ բացել է փարախի դուռը եւ տեսել, որ 70 կենդանիներից 15 հատը հոշոտված են, եւսը 15-ը` կիսասատկած վիճակում` արյունաշաղախ պարանոցներով ընկած են:
Փարախը շրջապատված է քարե բարձր պարիսպով, անասնագոմն էլ քարաշեն ամուր կառույց է, որի դուռը եղել է փակ, բայց գայլը կարողացել է բարձր պարիսպից անցնել եւ պատուհանի ոչ մեծ անցքից հայտնվել գոմում: Անասնատեր Բագրատ Խաչատրյանն ասում է՝ հովվաշուն էլ ունի, բայց դա էլ, փաստորեն, օգուտ չի տվել: Գյուղացու կրած վնասն անցնում է մեկ միլիոն դրամից, հիմա նա մնացել է շիվար ու չգիտի, թե ինչ պիտի անի, որովհետեւ բավականին մեծ տնտեսությունը ստեղծել է հիմնականում վարկային միջոցների հաշվին:
Դեպքի վայր է եկել անասնբույժը եւ հանձնարարել, որ մորթեն ե՛ւ սատկած, ե՛ւ կիսասատկած անասուններին: Մորթված անասունների ողջ միսը կդառնա շների կեր, քանի որ անասնաբույժն արգելել է այն օգտագործել: Գյուղացիներն էլ են ասում, որ «գայլի զարկած» ոչխարի միսը ուտելի չէ:
Կամոյի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք մշտապես վախի մեջ են: Սարսափում են գայլերի հարձակումներից ոչ այնքան անասունների, որքան դրսում խաղացող երեխաների համար: Ասում են, որ ամբողջ օրը հսկում են փոքրիկներին: Կամոյի գյուղապետ Ռոբերտ Ղազարյանի խոսքով՝ գյուղում բավականին վտանգավոր է, քանի որ Կամոն հարակից է մի կողմից Լոռվա, մյուս կողմից Ջաջուռի անտառներին, որտեղից գայլերը հաճախ են իջնում գյուղեր, երբ կերը պակասում է: Գայլերի դեմ պայքարի հստակ ծրագիր չկա: Համայնքապետն առաջարկում է կա՛մ հարեւան երկու-երեք գյուղերով միանան, կա՛մ էլ մարզպետարանի միջոցով որսորդ վարձեն, ով մի որոշ ժամանակով սարերում կհսկի ու կգտնի գայլերի բնակության հիմնական արեալն ու նրանց կվնասազերծի:
Նշենք, որ այս տարի սա գայլերի հարձակման առաջին դեպքն էր գյուղում, բայց սարերում արդեն 2 հարձակման դեպք է գրանցվել: Գայլերը կերել են ոչ միայն գառներին ու ոչխարներին, այլեւ սարում արածող եւ այնտեղ պահվող կովերին ու հորթերին:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 
ԱՆՈՒՆՆ ԷԼ ԴՆՈՒՄ ԵՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի վարչությունը Երեւանի Նազարբեկյան 48 հասցեի բազմաբնակարան անավարտ շենքում բնակվող ընտանիքներից դիմումներ է ստացել: Մարդիկ պահանջում են, որ նշված հասցեի պետական սեփականություն համարվող բնակարանները, որտեղ նրանք տասնյակ տարիներ ապրել են, սեփականաշնորհեն իրենց անունով:
Տեղեկացնենք, որ այս հասցեի շենքում բնակվող ընտանիքները սոցիալապես անապահով վիճակում են ապրում: Այս պատճառով էլ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացնելու այդ բնակարանները սեփականաշնորհել ցանկացող ընտանիքներին նվիրաբերելու մասին: Սակայն, ինչպես միշտ, մեր գործադիրն իր պարտականությունները թերի է կատարում: Բանն այն է, որ դեռեւս 2012 թվականին «Սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի կողմից տրված եզրակացության համաձայն՝ վերը նշված շենքի տեխնիկական վիճակն ընդհանուր առմամբ գնահատվել է անբավարար: Եւ հիմա բնակիչները ստիպված են լինելու իրենց միջոցներով շենքի շինարարությունն ավարտին հասցնել: Ավելին՝ Կառավարությունը համաձայնել է այդ բնակարանները տվյալ ընտանիքներին որպես սեփականություն հատկացնել մի պայմանով՝ եթե քաղաքացիները պարտավորվեն անհրաժեշտության դեպքում իրենց միջոցների հաշվին մասնակցություն ցուցաբերել Նազարբեկյան 48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման եւ բարեկարգման աշխատանքներին: Նրանք նաեւ պարտավորվում են համապատասխան պայմանագրերի կնքումից առնվազն 10 տարի չվաճառել եւ չգրավադրել իրենց նվիրաբերվող բնակարանները:
Մի խոսքով, նվերը «քթերից բերում են»:




Լրահոս