Մեկնարկեց 21-րդ դարի մարտահրավերները եվ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները խորագրով համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած “21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները” խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը, համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել տարբեր պետությունների առաջատար գիտահետազոտական և վերլուծական կենտրոններում աշխատող ազգությամբ հայ քաղաքագետներ, վերլուծաբաններ և փորձագետներ: Նրանցից յուրաքանչյուրը ներդրում ունի տվյալ երկրի քաղաքական համակարգի ուսումնասիրության ու զարգացման, համահայկական նշանակություն ունեցող քաղաքական հարցերի առաջադրման ու հետազոտության, Հայաստանի Հանրապետության հետ գործակցության զարգացման ու բարեկամական կապերի ամրապնդման գործում:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Արգենտինայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի հեղինակավոր վերլուծաբանները 2 օր շարունակ կքննարկեն 21-րդ դարի մարտահրավերներն ու Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները, կլսեն միմյանց կարծիքներն ու տեսակետները, կառաջարկեն նոր մոտեցումներ ու դիրքորոշումներ: Նիստերը կընթանան երեք հիմնական ուղղություններով՝ “Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում”, “Ղարաբաղյան հակամարտությունը և հայ քաղաքական միտքը”, “Հիշողության քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության արդի մարտահրավերներն ու ռիսկերը”:
Համաժողովի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձն է փոխանցել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես ասվում էր. “Ուրախ եմ, որ այս համաժողովի առիթով միավորվել են հայ քաղաքագիտական մտքի հայտնի ներկայացուցիչներն աշխարհի բոլոր չորս կողմերից: Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է հստակ գնահատել համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները, միջազգային հարաբերությունների կարևորագույն խնդիրները, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը: Այսօր մեզ խիստ անհրաժեշտ են տարածաշրջանային, միջազգային և համաշխարհային օրակարգի հարցերի շուրջ ձեր խորաթափանց վերլուծությունները, համատեղ քննարկումներն ու եզրակացությունները”:
Համաժողովին պաշտոնական բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով սփյուռքից ժամանած մասնագետներին և հայաստանյան հյուրերին՝ նախարար Հակոբյանը նշել է.
“Այսօր աշխարհը դարձել է անկանխատեսելի և արագ փոփոխվող, առավել դժվար կառավարելի, արագ հասանելի և շատ փոքրացող: Անկախացած Հայաստանի Հանրապետությունն արագ և դինամիկ փոփոխությունների հորձանուտում կանգնած է համաշխարհային, տարածաշրջանային և ներքին բազում մարտահրավերների առջև. միջազգային ահաբեկչություն, զինված հակամարտություններ, զանգվածային զենքի տարածում, քսենոֆոբիա, բռնություն: Հատուկ վտանգ են ներկայացնում թմրանյութերի տարածումն ու տարանցումը, մարդկանց թրաֆիկինգը, փողերի լվացումը”,- ասել է նախարարը։
“Մոլորակի բնականոն զարգացմանը սպառնում են էկոլոգիական աղետները, կլիմայի փոփոխությունը, բնականոն ռեսուրսների մսխումը, համաճարակների բռնկումը: Աղքատության չնվազող չափերը, հարուստ և աղքատ երկրների միջև բևեռացումը, ֆինանսատնտեսական ճգնաժամը, գործազրկության ահագնացող տեմպերը և միգրացիոն գործընթացների ահռելի չափերը լուրջ մարտահրավերներ են Երկիր մոլորակի համար: Բռնատիրական, ավտորիտար ռեժիմների գոյությունը, արաբական գարունը և դրա անկանխատեսելի հետևանքները, մարդկանց իրավունքների և ազատությունների ոտնահարման մասսայական դեպքերը աշխարհում մտահոգությունների և մտավախությունների առարկա են ոչ միայն քաղաքական, այլև գիտական շրջանակների համար”,- ասել է Հրանուշ հակոբյանը։
“Այս ամենին գումարվում են նաև տարածաշրջանային մարտահրավերները՝ ԼՂՀ հակամարտությունը և խաղաղ կարգավորման ձգձգումը, տարածաշրջանում Ադրբեջանի վարած ռազմատեն քաղաքականությունը, որը Հայաստանի և Արցախի դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք էե: Եզրափակելով իր խոսքը՝ նախարարն ասաց. “Վստահ եմ, որ այս համաժողովը, ներկայացնելով, վերլուծելով ու քննարկելով հայության առջև ծառացած մարտահրավերները, կկարողանա գտնել համակարգված և առավել արդյունավետ աշխատելու մեխանիզմներ ու ուղիներ՝ նպաստելով մեր ազգային անվտանգության ամրապնդմանն ու կատարելագործմանը”,- ասել է նա։
 
Ողջույնի խոսքում կարևորելով համաժողովի անցկացման կարևորությունը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած տարատեսակ մարտահրավերների կառավարման համակարգերը:
“Հայաստանի շուրջ ձևավորված ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մեծապես կարևորում եմ Հայաստանի և Սփյուռքի ակադեմիական և վերլուծական ներուժի համադրմամբ նմանատիպ գիտական համաժողովների անցկացումը: Հիմնախնդիրներին և մարտահրավերներին անդրադառնալիս պետք է սերտորեն համադրենք մեր երկու կարևորագույն հատկանիշները՝ բազկի ամրությունն ու մտքի խորաթափանցությունը: Հայաստանի ազգային բանակը եր տարածաշրջանում միակ անպարտելի բանակն է: Հայկական քաղաքագիտական մտքի մասին տեղյակ են ամբողջ աշխարհում”,- իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
 
Համաժողովի բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
 
Համաժողովին մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը: ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն իր ողջույնի խոսքում ասել է. “Արդեն երկու տասնամյակ է, ինչ մենք կառուցում ենք մեծ աշխարհի մեր անկյունը, մեր պետությունը, կառուցում ենք՝ հաղթահարելով մեկը մյուսից դժվար ու դաժան մարտահրավերներ: Կառուցում ենք՝ դիմակայելով աղետի ու պատերազմի, շրջափակման ու ճգնաժամի: Հակառակ դրան, տարածաշրջանի ուժերն օրեցօր ընդարձակում են իրենց քայքայիչ ու հակամարդկային սադրանքները և տարբեր միջազգային ամբիոններից կազմակերպում են արշավներ մեր երկրի և ողջ հայության դեմ: Համոզված եմ, որ Սփյուռքի նախարարության ջանքերով կազմակերպված կարևորագույն համաժողովի միջոցով աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքագետների և միջազգայնագետների զեկույցներն ու ելույթները կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Սփյուռքի, և ընդհանրապես, ողջ հայության անվտանգության հիմնախնդիրների լուծմանը”:
 
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է “Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում” խորագրով առաջին նիստը:




Լրահոս