ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՈՐՑՆԵԼ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրի այցելության ժամանակ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանդիպեց ԲՀԿ ակտիվի եւ գյումրեցիների հետ: «Հայրաքաղաքի» բնակիչներին նա բացատրեց. «Կյանքում ամենաթանկ բանը կայացած ունեւոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի: Եւ եթե մինչեւ այսօր էդ հավատը ես չեմ կորցրել, առավել եւս հիմա ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի: Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»: Ընդգծված մեծաթիվ թիկնապահներով Գյումրի այցելած Ծառուկյանը սուր քննադատեց ՀՀ կառավարությանը. «Ինչի՞ են գնում` աշխատանք չունեն կամ աշխատանք ունեն` գումարը քիչ է… Ասում են` 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70-ը հարո՞ւստ են: 40 տոկոսն էլ ստանում է 40 հազար դրամ, 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար, այդ բավարար համարողը թող ինքն իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա` ինչ է դա նշանակում: Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերեւից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա»: Նկատենք, որ թեեւ ԱԺ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները նստած էին նախագահությունում, սակայն Վարդան Օսկանյանը դահլիճում էր՝ փոխքաղաքապետի կողքին:




Լրահոս