ՁՈՒԿԸ ԾՈՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոի գլխավորած պատվիրակության անդամները,  այցելելով Ստեփանակերտ, հայտարարել են, որ Ուրուգվայը, լինելով առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, կարող է լինել նաեւ առաջինը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում: Սա, ինչպես եւ պետք էր սպասել, առաջացրեց ադրբեջանական կողմի հերթական հիստերիկ ռեակցիան. Ադրբեջանի ԱԳՆ-ն  երեկ բողոքի նոտա հղեց Ուրուգվային` պաշտոնական պարզաբանումներ պահանջելով ուրուգվայցի պատգամավորների արած հայտարարությունների կապակցությամբ: Նշենք, որ Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է: Մոտ մեկուկես տարի առաջ  այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անունից նման հայտարարություն տարածվեց Հայ դատի գրասենյակի կողմից, որը, սակայն, հետագայում չհաստատվեց: Եվ հավանաբար, այս անգամ եւս ուրուգվայցի պատգամավորների հայտարարությունները պետք է դիտարկել ավելի շատ ստուգողական եւ քարոզչական տիրույթում, քան  նման զարգացման ռեալ հավանականության: Ի դեպ, այդ մասին նախօրեին ասել է հենց պատվիրակության անդամներից մեկը`  Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն` նշելով, որ այս դեպքում «այո»-ն տեսական պատասխան է.  «Սա քաղաքական գործընթաց է եւ պետք է քայլ առ քայլ ընթանա»: Այս իրավիճակում միանգամայն անհասկանլի է այն  հրճվանքը, որով որոշ հայ փորձագետներ (վերջերս ի հայտ է եկել նման մասնագիտություն, որի ներկայացուցիչներն ուղղակի փորձագետ են աշխատում` կարեւոր չէ, թե ինչի) շտապում են ողջ ազգին աչքալուսանք տալ, թե` ուր որ է, Ուրուգվայը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչից հետո արդեն  գերտերությունների ու ողջ աշխարհի ճանաչման հարցն ընդամենը տեխնիկայի խնդիր է: Լավ, մի՞թե կարելի է նման  պարզունակ, ինֆանտիլ վերլուծություններով  լվանալ մարդկանց ուղեղները: Հասկանալի է, որ մեր արտաքին գերատեսչության աշխատանքն այնքան խղճուկ է ու ձախողումներով լի, որ  նման սին հաղթանակների մասին հեքիաթներով հանրությանը կեակրելու խիստ հրամայական կա: Ի վերջո, բա հո չե՞ն խոսելու այն մասին, որ նախօրեին ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը բառիս բուն իմաստով բացահայտեց, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղղակի ստել է ողջ ազգին` հավատացնելով, թե Սաֆարովի արտահանձնման հետ կապված հայկական կողմը պաշտոնական հարցումներ է արել Հունգարիայի ԱԳՆ, որտեղից իբր մի քանի անգամ մեզ  խաբել են: Կամ էլ` հո այդ փորձագետները չե՞ն վերլուծելու, թե ինչպես է պատահում, որ Հայաստանի նախագահը գնում է ռազմավարական գործընկեր համարվող Ֆրանսիա, եւ նրան, չգիտես ինչու, դիմավորում է մի փոխնախարար տիկին: Բայց նման  փորձագետների աճեցնող եւ եթեր տրամադրող  շրջանակները պետք է հաշվի առնեն, որ եթե անգամ Ուրուգվայը Արցախի անկախությունը ճանաչելու հեռավոր ծրագիր էլ ունի, ապա նման  վայ վերլուծություններով լեզու դնելով ադրբեջանական կողմի բերանը` կարող ենք վտանգել այդ հեռանկարը:




Լրահոս