Խորհրդարանում շարունակվում են դեռևս նախորդ քառօրյայում սկսված ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվության քննարկումները: Այժմ պատգամավորները ելույթներ են ունենում և ներկայացնում իրենց տեսակետը հաշվետվության վերաբերյալ:
Սուր ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս դժգոհ էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` խորհրդարանում ցուցաբերած պահվածքից և նրա պատասխաններից:
«Քննարկում ենք դատախազության հաղորդումը և հիմնական զեկուցող Կոստանյանը լրջագույն փորձությունների ենթարկելով մեր համբերությունը, խփելով շատախոսության բոլոր հնարավոր ռեկորդները, մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը ու, չնայած, այդ ընթացքում կիրառում էր շոումենին հարիր ժեստիկուլյացիա, բայց շոուն չստացվեց», – նշեց Փաշինյանը:
Պատգամավորը շարունակելով նշեց, որ հանրությունը գիտի, թե ինչ «բեջուռա» կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը: Նրա խոսքով, հենց այդ իրավաբանությունն է որոշել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ քնած է եղել և չի եղել Ավետիք Բուդաղյանի հետ տեղի ունեցածի դեպքի վայրում:
«Ուսումնասիրելով տեսաձայնագրությունները, ես Կոստանյանին հարց ուղղեցի, թե ժամը 23:08-ի չորրորդ վայրկյանին ով է ձայն տալիս Ավետիք Բուդաղյանին: Այս հարցին ի պատասխան Կոստանյանը, նախ ընդունեց, որ կանչ կա, ապա նշեց, «Ով է կանչել, ով չի կանչել` էական չէ»: Սա չափազանց տարօրինակ պատասխան է», – հավելեց Փաշինյանը և պարզաբանեց իր խոսքը` նշելով, որ հենց այդ կանչից հետո է Ավետիք Բուդաղյանը փոխել իր շարժման ուղղությունը, որի հետևանքով էլ մահացու վիրավորում է ստացել:
Փաշինյանը ընդգծեց, որ եթե պարզվի, որ այդ կանչի հեղինակը Ս. Խաչատրյանն է, ապա նրա քնած լինելու մասին վարկածը կջախջախվի: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի որդու «քաջագործություններին»` նա նշեց, թե վերջինս Մաշտոցի պողոտայի «մայթերով» ազատորեն վարում էր մեքենան այն դեպքում, երբ նրան որոնում էին: «Նախագահականից Սերժիկ հոպարն ասում է` երեխային ու նրա «Brabus»-ին բաց թողեք», – նշեց նա:
Անդրադառնալով Գևորգ Կոստանյանի ժեստիկուլյացիային, Փաշինյանը նշեց, թե վերջինս չի հասկանում, թե որտեղ է գտնվում: «Մատը սենց է անում, նենց է անում: Ձեր մատը ձեզ պահեք և օտագործեք այն ճիշտ նշանակության: Ի՞նչ է նշանակում ցուցամատով մատ թափ տալ պատգամավորի վրա: Ես ձեզ և ձեր նմաններին հասկանալու տեսություն և պրակտիկա կարող եմ բացատրել», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում