Նոյեմբերի 14-ին «Ես ու դու» դիսկո ակումբում միջադեպ է տեղի ունեցել: Մոտ 25-ամյա Լուսինեն հարբած վիճել է ակումբի տնօրեն 49-ամյա Վարդան Սիմոնյանի հետ, որից հետո գնացել է ոստիկանություն եւ պատմել, թե ակումբի տնօրենը անվտանգության աշխատակիցների հետ միասին իրեն ծեծի է ենթարկել:
«Ժողովուրդ»-ը եղավ դեպքի վայրում: Վարդան Սիմոնյանից տեղեկացանք, որ ակումբը վարձակալությամբ են վերցրել պարսիկ տղաներ, որոնք ներկա պահին Հայաստանում չեն, սակայն շենքն իր հարազատներից մեկին է պատկանում, եւ այդ իսկ պատճառով անվտանգության կարգուկանոն հաստատելու համար եւ այլ հարցերով ինքն է զբաղվում: Վարդանի հավաստմամբ՝ իրենք աղջկան ծեծի չեն ենթարկել. «Դուք իմացե՛ք այդ աղջկա կենսագրությունը եւ նրա ով լինելը, այդ ժամանակ Ձեզ պարզ կլինի ամեն ինչ»:
Նրա պարզաբանմամբ` Լուսինեն կեսգիշերին իր ընկերուհու հետ հարբած այցելել է ակումբ. «Մենք իրեն բացատրեցինք, որ այդ վիճակով պետք չէ ներսում մնալ: Անբացատրելի «տրաքած» էր ու որպեսզի միջադեպ չսարքեր, անվտանգության տղաներին խնդրեցի, որ դուրս հանեն: Տղաները անմիջապես իմ ներկայությամբ Լուսինեին ասացին, թե գնացե՛ք, վաղը թարմ կլինեք եւ կգաք, ինչքան ուզում եք կպարեք: Այդ առաջարկը Լուսինեին զայրացրեց, թե ով կարող է իրեն նման բան ասել, ու սկսեց հայհոյել: Ես միջամտեցի, ասացի՝ պետք է դուրս գաք: Նա ձեռքերին ազատություն էր տալիս, եւ ես պաշտպանվելու համար հրեցի, թե չէ ամբողջ կյանքս իմ դեմքի վրա այդ եղունգների երկարությունից հետքեր կմնային: Փառք Աստծո, հրաշքով պրծա: Այս երկիրն այն երկիրն է դարձել, որ անբարոյականները կարող են գալ ու անշառ մարդկանց գլխին սարքել: Ընկերուհին, եթե չեմ սխալվում՝ անունը Լիլիթ էր, մի կերպ նրան համոզեց ու տուն տարավ»:
Վարդանը նաեւ տեղեկացրեց. «Ինձ ասում էր՝ դու ով ես, որ ինձ տենց բան ես ասում, ես միլիցիայի հետ եմ, ես պրախոդ ունեմ»: Ու հավանաբար դրա համար էլ առաջինն ինքն է դիմում գրել ոստիկանությունում՝ հայտնելով, թե իրեն ծեծել են, աչքն էլ կապտել է: «Ու եթե նրա համար պիտի իմ գլխին սարքեն, ի՞նչ ասեմ, ես պատրաստ եմ գնալ, դատվել»,-եզրափակեց տնօրենը:
Ի դեպ, աղջիկներն անգամ իրենց հաշիվը չեն վճարել:
ՀԱՐԲԱԾ ԱՂՋԻԿԸ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ԴԻՍԿՈ ԱԿՈՒՄԲՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ