ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Գյումրու քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը նա խոստացել էր քաղաքին նվիրել աղբատար ու ձյուն մաքրող մեքենաներ: Այդ խոստումն արդեն իրականություն է: Առավոտից հրապարակում կայանված էին 10 աղբատար եւ 6 ձյուն մաքրող մեքենա, եւս 4 ձյուն մաքրող մեքենա ավելի ուշ կհամալրեն եղածների շարքերը:
Այցի սկզբում ԲՀԿ առաջնորդը նախ փակ խորհրդակցություն ունեցավ ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում, որին մասնակցում էր նաեւ Վարդան Օսկանյանը: Ավելի ուշ նրանց միացան նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Խորհրդակցությունից հետո Գ. Ծառուկյանը գնաց Ս. Յոթվերք եկեղեցի, հետո «Հոկտեմբեր» կինոթատրոն, որտեղ Ս. Բալասանյանն իր ելույթում եւս մեկ անգամ նշեց, որ Գ. Ծառուկյանը քաղաքին աղբահան ու ձյուն մաքրող մեքենաներ էր խոստացել նվիրել դեռ քարոզարշավի վերջին օրը: Բալասանյանը նաեւ ասաց, որ մինչ «Հոկտեմբեր» կինոթատրոն հասնելը, իրենց ճանապարհին մոտեցել էին քաղաքացիներ ու Գ. Ծառուկյանին ասել. «Շատ լավ է, բայց մի երեք հատ էլ ջրցան մեքենա նվիրե՛ք»:
«Հոկտեմբեր» կինոթատրոնում ունեցած բավական երկարաշունչ ելույթում Գ. Ծառուկյանն ասաց. «Ես ոչ թե եկել եմ որեւիցե բանի տեր դառնալու, ունեցվածք դիզելու կամ ինչ-որ ծրագրի համար, այլ եկել եմ այստեղ օգնելու, ասելու, ամրապնդելու այն վստահությունը, որ կա ձեր կողմից իմ հանդեպ: Դա պարտավորեցնող է, որ մարդ կարողանա պահել եւ պահպանել: Կյանքում ամենաթանկ բանը կայացած, ունեւոր մարդու համար ժողովրդի վստահությունն ու հավատն է: Եւ եթե մինչեւ այսօր էդ հավատը ես չեմ կորցրել, առավել եւս հիմա ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի: Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»:
Այնուհետ Գ. Ծառուկյանը խոսեց նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, արտագաղթից: Նա նշեց, որ այսօր երկրից գնում են աշխատանք չունենալու պատճառով, աշխատանք ունենալու դեպքում էլ՝ քիչ աշխատավարձ ստանալու պատճառով: Իր ցանկությունն է, որ իշխանությունները մտածեն ժողովրդի մասին. «Ժողովուրդը ո՛չ նպաստ ա ուզում, ո՛չ էլ օգնություն, այլ ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորություն»:
ԲՀԿ առաջնորդի հաջորդ կանգառը եղավ օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը, որտեղ նա ծանոթացավ կառուցվող նոր մարզադպրոցի շինաշխատանքներին: Գ. Ծառուկյանը շինարարներին հանձնարարականներ տվեց շտապ կառուցել շենքի տանիքն ու տեղադրել պատուհանները, որպեսզի շենքը ձմռանը չվնասվի ու հաջորդ տարի աշնանը կարողանան մարզադահլիճը հանձնել շահագործման: Այնուհետ մարզիկներին ցանկացավ համբերություն մինչ հաջորդ տարի՝ նորակառույց մարզադպրոցի շահագործման հանձնելը: Նա նշեց, որ Ս. Բալասանյանի հետ անելու են ամեն հնարավորը սպորտի զարգացման եւ մասսայականացման համար: Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում եւս մի քանի րոպե տեւողությամբ փակ խորհրդակցություն տեղի ունեցավ, որից հետո հյուրերը գնացին ճաշկերույթի:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս