ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՐԻՇ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ասում են, մեր ժողովրդին հենց դա էր պակաս: Ս.թ. նոյեմբերի 10-ին ԱԺ-ում ԲՀԿ կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հեռուստատեսությամբ սենսացիոն հայտարարություն հնչեցրեց այն մասին, որ Հայաստանի մարզերում եւ գյուղական վայրերում դասախոսություններ կարդալու վրա ծախսվել է մոտ տասնվեց միլիոն հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար:
Այդ  ընթացքում, երբ տիկին պատգամավորը չափազանց զարմացած անընդհատ հնչեցնում էր, որ սա արտառոց դեպք է եւ սրանով պետք է անհապաղ զբաղվեն իրավապահ մարմինները, առաջին բանը, որ անցավ իմ մտքով, այն էր, որ երեւի պատգամավորը շփոթում է եւ դրամի փոխարեն դոլար է հնչեցնում, քանի որ անհնար էր պատկերացնել, որ ունենալով աղքատության եզրին մի կերպ գոյատեւող մի ողջ ժողովուրդ, կարելի էր 16 500 000 դոլարը «ծախսել» դասախոսությունների կազմակերպման եւ անցկացման վրա՝ նույնիսկ քաղաքացիական հասարակության կառուցման գծով մասնագետներ պատրաստելու պարագայում: Ի վերջո, այնքան ցավ ու դարդ ունի այս ժողովուրդը, որ ամեն դրամի ծախսը մեծ նշանակություն ունի, էլ ո՞ւր մնաց, երբ խոսքը շատ վիթխարի գումարի` 16 500 000 դոլարի մասին է, որը կարող էր ծախսվել ինչ-որ դասախոսությունների անցկացման վրա: Ի դեպ, տարրական թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ գումարը բավարար է մոտ հինգ հազար դասախոսի մեկ ամբողջ տարի վճարում կատարել` ամսական միջինը հարյուր հազար դրամ աշխատավարձով:
Արդեն քանի՜ տարի է, երբ ամբողջ աշխարհի աչքի առջեւ հայերը հանգանակություններ են անցկացնում՝ ի նպաստ Արցախի պետության եւ Հայաստանում իրականացվելիք տարաբնույթ ծրագրերի: Շատերը կարող են վկայել, որ յուրաքանչյուր նման հանգանակություն լրջագույն պատվազրկման խնդրի առջեւ է կանգնեցնում մեր ազգին: Սա թերեւս այն եզակի հարցերից մեկն է, երբ մեր ժողովուրդը լիովին միասնական ու միակարծիք է, սակայն այստեղ էլ ընտրված ճանապարհը՝ բացահայտ հանգանակությունների իրականացումը, տարակարծությունների տեղիք է տալիս: Վերջին մոտ քսան տարիներին, բացի հայերի կազմակերպած բացահայտ հանգանակություններից, որին, ի դեպ, աշխարհն այնքան էլ դրականորեն չի նայում, ԶԼՄ-ներում կամ հեռուստատեսությամբ չեմ հանդիպել որեւէ այլ դեպքի, երբ որեւէ այլ վայրում որեւէ այլ ազգի կողմից կազմակերպված եւ հեռարձակված լինի նմանատիպ որեւէ հանգանակություն: Իհարկե, մենք համաշխարհային ազգ ենք, աշխարհասփյուռ, սակայն նույնիսկ այդ հանգամանքը մեր ազգին հեռու չի պահում այն գնահատականից, որ մեծ հաշվով` կատարվող հանգանակությունները խորքում մուրացկանություն են պարունակում, որքան էլ որ դրա կարիքը Հայաստանը կամ Արցախը ունենան: Ավելի քան համոզված եմ, որ այդ նույն տարիների ընթացքում գոնե հրեաները շատ ավելի հաճախակի եւ շատ ավելի մեծ մասշտաբների հանգանակություններ են իրականացրել, սակայն ոչ ի լուր ամբողջ աշխարհի, քանզի նրանց կողմից այդ ամենը կատարվում է խիստ բովանդակային եւ նրանց այդ գումարներն են անհրաժեշտ, այլ ոչ թե ցուցադրությունները: Եթե մենք նույնպես այդ կերպ վարվեինք, ապա գումարային տեսանկյունից կունենայինք համարյա նույն արդյունքը, իսկ բարոյական տեսանկյունից՝ աշխարհի ոչ մի պետություն, ազգ, անհատ չէր համարձակվի մեզ ուրիշ աչքով նայել: Իսկ վերջինիս կարեւորությունը դժվար է գերագնահատել:
Մեր իմաստուն ընդդիմախոսները կարող են մեզ ասել. «Մենք ինչպե՞ս կարող էինք այդ գումարներն ուրիշ ուղղությամբ ծախսել, երբ այն տրվում էր կոնկրետ ծրագրով եւ կոնկրետ պահանջով: Ի՞նչ անեինք, հրաժարվեինք, որ այդ գումարը չմտնե՞ր Հայաստան: Ավելի լավ չէ՞, որ այդ գումարը մտներ Հայաստան, եւ մենք դասախոսություններով լուսավորեինք մեր ժողովրդին, քան թե հրաժարվեինք դրանից, եւ մեր ժողովուրդը մնար խավարի մեջ ու քաղաքացիական հասարակություն կառուցելու վերաբերյալ տարրական գիտելիքներ չունենար»: Նրանք կարող են նաեւ շարունակել. «Բա որ ասում ենք՝ հայը նախանձ է, շատերը փորձում են ընդդիմանալ այդ մտքին: Ինչ է թե մի քանի հոգի չեն լուսավորվել, եւ նրանց համար դժվար է լինելու մասնակցել քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացին, դրա համար էլ լաց ու կոծ են գցել, քիչ է մնում՝ մեզ Վարդան Օսկանյանի օրը գցեն: Հետո էլ, եթե մտածում եք, որ այստեղ ատկատների տարրեր կան, ապա լա՛վ իմացեք, որ ամբողջ աշխարհում է այդպես: Այդ ատկատների համակարգը փող տվողներն են մշակել եւ ներդրել, մենք ի՞նչ մեղավոր ենք: Եթե ոմանց դուր չի գալիս, թող իրենք էլ դրա դեմն առնեն: Թե չէ բոլորը միայն խորհուրդ տվողներ են: Մենք շատ էինք ուզում այդ համակարգը շրջանցել, սակայն ի զորու չէինք: Վա՞տ է, որ այդ գումարը մտցրել ենք մեր երկիր եւ չենք թողել արտասահմանում, որի արդյունքում այն ծախսվել է մեր երեխաների վրա, այլ ոչ թե նրանց»:
Դե, փառք ու պատիվ այդ ծրագրերի իրականացման հեղինակներին, որ նման դժվարագույն դասախոսություններ են կարդացել, այդքան համեստ են պահում իրենց եւ մեդալներ չեն պահանջում…
Հ.Գ.  Նոյեմբերի 15-18-ը տեղի կունենա «Հեռուստամարաթոն 2012»-ը:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
««Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ»
 միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ




Լրահոս