Այսօր լրագրողները ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե Ավետիսյանների գործով ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատասխանը ստացե՞լ է, թե՝ ոչ: «Երբ որ ստանամ, դուք կիմանաք», – նշեց նա:
Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի որդին դեռ շարունակո՞ւմ է վկա մնալ Գորիսի ծեծկռտուքի դեպքով, Կոստանյանը նշեց, թե քննչական մարմինը պարտաճանաչ ներկայացնում է տեղեկատվությունը, և բոլորը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ կարգավիճակում է նա:
Լրագրողները Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչո՞ւ մինչև օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքն այն դեպքում, երբ Բուդաղյանների դեպքից մի քանի օր հետո արդեն հայտարարվել էր, որ Սուրիկ Խաչատրյանն անմեղ է:
«Եթե հիշում եք, դեպքին հաջորդող առավոտյան ես գնացի դեպքի վայր, և քննությունն ամբողջությամբ գնաց այն ուղղությամբ, որն արդեն պարզ էր դեպքի հանգամանքներով: Չորս կամ հինգ օրվա ընթացքում մենք կարողացել էինք արդյունավետ քննչական գործողությունների արդյունքում պարզել, թե ովքեր են դեպքի վայրում եղել, և հետո անդրադառնալ յուրաքանչյուրի գործողություններին: Այս գործով ես առիթ ունեցել եմ ասելու, որ դատախազությունը միջամտել է երկու եղանակով: Առաջին՝ քրեական գործը հարուցելու եղանակով, երկրորդ՝ վկաներին բերման ենթարկելու, ցուցմունք տալու եղանակով, այլ եղանակով դատախազությունը դեռևս որևէ միջամտություն չի արել: Խնդիրը քննության տակտիկայի մասին է, յուրաքանչյուր գործ ունի առանձին քննության տակտիկա»,- եզրափակեց Կոստանյանը: