ՓՈՐՁԱԳԵՏԸ «ԹՌԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին Իջեւանում կայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Ամբաստանյալ երեք զինվորների պաշտպանները բացակայում էին, սակայն նիստը կայացավ, այն էլ՝ լարված մթնոլորտում: Որպես վկա հարցաքննվեց մեղադրական կողմի միջնորդությամբ դատակոչված, Նազարյանի վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական եզրակացություն ներկայացրած փորձագետ Վիգեն Ադամյանը: Վերջինս փորձագիտական եզրակացության վերաբերյալ ցուցմունք չտալով` հայտարարեց, որ իր կատարած դատական փորձաքննության եզրակացության մեջ տեղ է գտել «մեխանիկական վրիպակ, տեխնիկական սխալ», եւ այդ հատվածը պետք է հանվի: Մեղադրող Հայկ Հարոյանը փորձագետին հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ նրան  է ուղարկվել  դեպքի հետ կապված 19 լուսանկար, սակայն քրգործի նյութերում առկա է 16-ը: Այս դեպքում էլ նա ասաց, որ վրիպակ է, իրականում եղել է 16 նկար, որոնք քրգործում առկա են: Որպես իր խոսքերի ապացույց` նա դատարան էր բերել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի մատյանը, որտեղ գրառումներ էին  կատարված տարբեր փորձաքննությունների մասին:
Այնուհետեւ Ադամյանին հարցեր տվեցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հարցրեց Նազարյանի դիակի վրա առկա, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված վնասվածքների ծագման ժամանակագրության մասին: Ի պատասխան` Ադամյանն ասաց, որ փորձագիտական եզրակացության մեջ տեղ գտած Նազարյանի «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը կարող է նշանակել, որ այդ վնասվածքները պատճառվել են նրա մահից մի քանի օր առաջ: Սա առաջացրեց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչների դժգոհությունը: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ դատական փորձագետը Նազարյանի վնասվածքները, ըստ առաջացման ժամանակագրության, դասակարգել է 3 խմբի` «մահվանից ոչ շատ առաջ», «մահվանից մինչեւ մոտ 6 ժամ առաջ» եւ «մահվանից 3-5 օր առաջ»: Իրավապաշտպանը զարմացած եւ զայրացած հարցրեց, թե ինչպես կարող է  «մահվանից ոչ  շատ առաջ» առաջացած վնասվածքը դասվել «մահվանից 3-5 օր առաջ» խմբին: Փորձագետը հարցերի ճնշման տակ ընդունեց, որ «մահվանից ոչ շատ առաջ»-ը նշանակում է՝ Նազարյանն այդ վնասվածքը ստացել է մահից մի քանի րոպե առաջ կամ մինչեւ դրանից 6 ժամ առաջ:
Փորձագետը նաեւ վիճաբանության մեջ մտավ Հասմիկ Հովհաննիսյանի` Նազարյանի մոր հետ: Դրանից հետո հայտարարեց, որ նման պայմաններում ինքը չի կարող ցուցմունք տալ եւ դատավորին առաջարկեց, որպեսզի իրեն հարցեր ուղղվեն գրավոր: Դատավորը հայտարարեց ընդմիջում, իսկ երբ վերսկսվեց, Ադամյանն այլեւս դահլիճում չէր: Նա դատարանին ուղղված, համակարգչային շարվածքով գրություն էր թողել, որտեղ նշել էր, թե տուժողի իրավահաջորդները վիրավորում են իրեն եւ «շոու  են  սարքում», ուստի նման պայմաններում ինքը ցուցմունք տալ չի կարող:
Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց դատարան բերման ենթարկել Ադամյանին, դրան միացան նաեւ ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները: Սակայն դատավորն ասաց, որ ինքը միջնորդությունը բավարարում է մասնակիորեն, փորձագետը կծանուցվի հաջորդ նիստին մասնակցելու համար, որը կկայանա նոյեմբերի 20-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս