Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են աշխատակազմի վարչությունների և բաժինների գործառույթների 2015թ.-ի մայիս ամսվա գնահատման արդյունքները:
Առաջին անգամ իրականացվող ամփոփման շրջանակում վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները:
Ընդհանուր առմամբ բոլոր ուղղություններով դրական գնահատված ցուցանիշներին անդրադառնալով` քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին հորդորել է չբավարարվել գրանցած ցուցանիշներով և ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանց բարելավման ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է համակարգում ներառել նաև քաղաքապետարանի ենթակայության ՓԲԸ-ների աշխատանքի գնահատումը: